ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


Քրք կէօզ-40 կամար կամուրջ

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Քրք կէօզը գտնվում է Մալաթիա քաղաքից 10-15 կմ հեռու՝ Թոխմախ կոչված ջրառատ գետի վրա: Գետի ձախ ափին, որտեղ իջևանել էր մեր քարավանը, բավականին ընդարձակ մի տարածություն, որտեղից անցնում է Սեբաստիա-Խարբերդ խճուղին: Փոքր մի բլուրի ստորոտում՝ ճամփից ոչ հեռու, կար մի աղբյուր և ժանդարմների պահակատուն: Այդ աղբյուրի ջրի հերթը գիշեր-ցերեկ չէր վերանում:

Հաջորդ օրը հայտնեցին, որ մեզ բերող սայլերը վերադառնալու են այդտեղից այն կողմ: Նրանք, որոնք սայլերով ճամփորդել ցանկանում են 2 ոսկի պետք է վճարեն, իսկ դրամ չտվողները ոտքով կգնան: Հայրս 2 ոսկի տվեց, ինչպես նաև ուրիշներ, բայց ոչ ոք չհետաքրքրվեց, թե այդ ինչ սայլեր են, որ մեզ տրամադրելու են և բոլոր դրամ տվողներին բավարարելու են: 2 ոսկին տալուց հետո սպասում էինք մեկնելու հրամանին, բայց պարզվեց, որ այդտեղ դեռ մի քանի օր ևս մնալու ենք, ուստի կանայք սկսեցին մաքրությամբ զբաղվել. գետեզերքում լվացք էինք անում, իրենք լողանում: Հայրս նույնպես ցանկանում է լողանալ վերջին անգամ, որի ընթացքում այդտեղից անցնում է մի ժանդարմ, որը հարձակվում է հորս վրա և սկսում է գավազանով խփել: Հեռվից կանայք տեսնում են և  օգնության հասնում ու հորս մահից փրկում:

Մի քանի օր հետո հայտարարվեց, որ հաջորդ օրը մեկնելու ենք սայլով, կգնան նրանք, որոնք 2 ոսկի ևս կուտան, այդ հաշվով սայլը և եզները մեզ տրամադրում էին իրենց կրկնակի արժեքով: Նա էլ 20 կմ ճամփա գնալու համար, որովհետև, երբ Ֆոնճլար կոչված գյուղը հասնեինք, սայլերը մեզանից վերցնելու էին: Այն սայլերը, որ մեզ տրվեցին մի օր առաջ, այդտեղ եկած հայ աքսորյալ գյուղացիներից բռնագրավեցին:

Պեյ բունար և Ֆոնճլար

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ  (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)Հայրս 2 ոսկի ևս տվեց սայլի համար: Հաջորդ օրը մեծ դժվարությամբ մի սայլ ճարեցինք, մեզ մնացած 2 անկողինները վրան կապեցինք և ճանապարհվեցինք դեպի Մալաթիա: Մեզ թույլ չտվեցին Մալաթիա քաղաքը մտնելու: Կես օրվա դադարին Մալաթիայից 1կմ հեռու՝ ծառերով շրջապատված մի հողամասում, կանգ առավ մեր քարավանը: Մալաթիայի թուրքերը բերել էին զանազան տեսակի սննդամթերք, միրգ՝ մեզ վաճառելու: Իհարկե, կրկնակի, եռակի գներով, ուրիշները եկել էին աքսորականներից չնչին գներով հագուստ, զարդեղեն գնելու, իսկ եթե ապրանքի տերը չհամաձայներ իրենց առաջարկած գներին, բռնի, անվճար վերցնում էին:

Երկու ժամ այդտեղ հանգստանալուց հետո քարավանը  նորից շարժվեց: Երեկոյան կանգ առանք Բեյ բունար կոչված ձորը՝ գիշերելու: Այդ վայրը Մալաթիա-Խարբերդ խճուղու կողքին էր: Մալաթիայից 3-4 կմ հեռու բլուրներով շրջապատված բավականին խորը մի ձոր է, որի կենտրոնից բխում է սառնորակ մի ջուր, որը կարող է մի ալրաղաց աշխատեցնի:

Հասան Չելեպիից սկսած մինչև այդտեղ բոլոր իջևաններում՝ ճամփաների վրա և կողքերին, մենք հանդիպել ենք անթիվ-անհամար հազարավոր անթաղ դիակների: Այստեղ նույնպես քիչ չէին, բայց ցավալին այն էր, որ մի քանի դիակ գցել էին ջրի ակի մեջ, որ չկարողանանք այդ սառը ջրից օգտվել: Հետո հայտնի դարձավ, որ այդ ջրից օգտվելիս է եղել ներքևում մի գյուղ, որի բնակչությունը, այդ թունավոր ջրից խմելով, վարակվել է: Վարակիչ հիվանդությամբ և համաճարակը գյուղի ամբողջ բնակչությանը մաքրագործել է: Այդ գիշեր, առանց նշելու արժանի դեպքի, լուսացրինք: Հաջորդ առավոտ սովորականի նման քարավանն սկսեց առաջ շարժվել: Հազիվ բարձրացել էինք խճուղի և 500 մետր առաջացել, տեսա ճամփի եզերքի խրամատին ընկած 12-13 տարեկան մի պատանու՝ մերկ դիակը, կաթի պես ճերմակ մարմինը, երևի նոր սպանված, մարմնի հիանալի ներդաշնակ կառուցվածքով, նայում եմ ու սիրտս մղկտում է, ահից շշմում, սահմռկում՝ ի տես այդ հազիվ 13 գարուններ բոլորած, տարաբախտ ծնողների, մարտիրոսած պատանու դիակի առաջ:

Դուք երևի տեսած կլինեք կանանց, հրեշտակների մերկ նկարներ, որոնք հռչակավոր նկարիչների կողմից նկարված են: Այդ խեղճ պատանու մարմինն անվանի նկարիչների այդ տեսակի ստեղծագործություններից ոչ մեկին չէր զիջի, լքված ճամփի կողքին կարծես քնած լինի՝ ի տես այդպիսի խղճալի տեսարանի, չարտասվել և չխորհրդածել, ինչ տարիքի և կրթության տեր մարդ լինի, հնարավոր չէ, մանավանդ, որ նրան սպանող երկուոտանի բորենիներից մեկը քիչ հետո քեզ նույնպես նրա դրության կարող է ենթարկի: Հանուն այն, որ իր վայրագ ցեղին չես պատկանում, այլ հայ ծնվելու դժբախտությունն ես ունեցել:

Ինչ ահավոր մարդանման հրեշ պետք է լինի այն մարդը, որ իրեն անծանոթ ու ոչ մի հարաբերություն չունեցող անվնաս մի պատանուն անգթաբար սպանի, միայն և միայն հագին եղած շորերի համար աշխարհում գոյություն ունեցող ամենավայրագ, գիշատիչ գազանը նույնիսկ՝ ի տես այդ գեղեցկության և անմեղության, կարող է խղճա և չվնասի, բայց ինչ եմ ասում քուրդ և թուրք ցեղին պատկանող անհատին, ով է տվել այդպիսի մարդկային ազնիվ զգացումներ և հասկացողություն:

Այսքանը այդ խեղճ պատանու մասին ասելուց հետո, սիրելի՛ ընթերցող, եկուր մենք մեր տառապանքի ահավոր ճամփան շարունակենք ավելի ողբալի մի դեպքի: Ժամը 2-ի ժամանակները ճամփի կողքի ինքնաբուխ ջրի ակի մոտ՝ մի հատիկ ուռենու ծառի տակ, նստած էր երիտասարդ մի կին, սևացած կաշին, ոսկորը մնացած, բառիս լայնագույն առումով մի ուրվական և մի քանի քայլ այն կողմ 2-3-ամյա երեխի մի դիակ:

Մեր քարավանի կանայք մոտեցան այդ խեղճ կնոջը և սկսեցին հարցեր տալ: Բայց դժբախտ կինը խոսելու ունակությունը կորցրել էր, չէր կարողանում խոսել, ուտելու բան տվին, ոչ վերցրեց, ոչ էլ ուշադրություն դարձրեց, ուզեցին միասին տանել, դրան էլ չհամաձայնեց: Ցույց տվեց անմեղ նահատակ որդու դիակը, որ իր կողքին ընկած էր: Եվ այդպես այդ խեղճին թողեցինք այդտեղ ու մեր ճամփան շարունակեցինք:

 

                                                                                                          Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

Advertisements