«Մեր մշակույթի կորուսյալ արժեքները» խորագրով միջոցառում «Գլաձորի համալսարան» պատմա-մշակութային արգելոց-թանգարանում


Մայիսի 16-ին «Գլաձորի համալսարան» պատմա-մշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցավ «Մեր մշակույթի կորուսյալ արժեքները» խորագրով միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանը, ՊՈԱԿԻ-ի Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը, Վայոց ձորի մարզպետարանից աշխատակիցներ, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը և այլք:

Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով:

Միջոցառումը նվիրված էր Նախիջևանի պատմական տարածքներին, անցյալին, մշակութային արժեքներին ու դրանց ճակատագրին:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Երիտասարդաց միության անդամները, ովքեր ներկայացրին Նախիջևանի պատմական տարածքները, Շարուր գավառի մասին տեղեկություններ, Ջուղայի խաչքարերի պատմությունը, հատվածներ կարդացին 18-րդ դարի ջուղացի բանաստեղծ Դավիթ Գեղամեցու ստեղծագործություններից, իսկ գեղեցիկ պարային ելույթներով հանդես եկավ «Հովեր» պարային համույթը:

Ելույթ ունեցան Մելանյա Դովլաթյանը և Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով շնորհավորելով միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ օրհնեց ներկաներին:

Միջոցառումը նվիրված էր Թանգարանների միջազգային օրվան: Այն պատրաստել էին Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայությունը, Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը և  «Գլաձորի համալսարան» պատմա-մշակութային արգելոց-թանգարանը:

Մենք՝ վայոցձորցիներս, տեսնելով ու ապրելով կորուստի այդ մեծ ցավը, մեր հիշողության մեջ ամուր պահելով մշակութային կորուսյալ արժեքները, մեր առջև պետք է խնդիր դնենք՝ ավելի մոտիկից ճանաչել մեր մարզի պատմության և մշակույթի բոլոր հուշարձանները, անձնական մասնակցություն ունենալ դրանց պահպանությանն ու պաշտպանությանը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements