Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

Պեյ բունար և Ֆոնճլար

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Ժամը 5-ին հասանք Ֆոնճլար կոչված գյուղը, որտեղ Թուրքիայի հյուսիս արևելքից մեզնից առաջ և հետո հարյուր-հազարավոր թշվառ հայ մայրեր, քույրեր, ծերունիներ, պատանիներ և անչափահաս մանուկներ եկել էին այդ սարսափելի վայրը: Ոմանք այդտեղ իրենց վախճանը գտել, իսկ ողջ մնացածները շարունակել էին անվերջանալի ճամփան՝ ավելի սարսափելի և ահավոր տառապանքների երթարկվելուց հետո ողբերգական մահով մահանալու:

Սիրելի՛ ընթերցող, եկուր միասին գնանք ուսումնասիրելու Ֆոնճլար կոչված հայ ժողովուրդի համար պատրաստված այն դժոխքներից մեկը, որի նմանը, բացի թուրքից և քուրդից, ոչ ոք պատկերացնել և ոչ էլ կարող է երևակայել:

Մալաթիա-Խարբերդ խճուղին Մալաթիայից 7-8 կմ դեպի Խարբերդ թեքվենք. աջ նեղ մի արահետով մեկ կիլոմետր քայլելուց հետո կհասնենք Ֆոնճլար կոչված զարհուրելի դժոխքը: Միջին բարձրության մի լեռ, որի ստորորտում բավական ընդարձակ մի դաշտ, դաշտի արևելյան կողմում գյուղ, իսկ արևմտյան կողմում բաց դաշտ, որը ծառայում է հայ աքսորյալների ժամանակավոր կայան: Կայանչի մտած, գյուղի և կայանի մեջտեղում մի փոքր լճակ կար, լճակի եզերքին մի քանի ուռենու ծառեր կային: Այդտեղ քրդերից, թուրքերից բաղկացած մի բազմություն. մի մասը իրենց հետ բերել են հաց, պանիր և այլ սննդամթերք վաճառելու: Ուրիշները եկել են սպանության և կողոպուտի, իսկ այն լճակը, որ տեսանք, դրա անմիջական եզերքին՝ ծառերի շուքի տակ, իրենց մայրերից լքված հայ մանուկներ, նրանց մեջ կարող եք տեսնել այնպիսիներին, որոնք կմախքացել, սևացել, պառկել և հազիվ շնչում են: Կան նաև այնպիսիներ, որոնք դեռ ուժ ունեն նստած մնալ, ապշած նայում են մարդկանց, կարծես՝ բողոքում մարդկանց և Աստծուն, որ իրենց տառապանքին անուշադիր են: Ուրիշներ, որոնց մայրերը մեկ կամ երկու օր առաջ լքել, գնացել են, դեռ գույն կա իրենց դեմքերին. լաց լինելուց հոգնել են, կարծես՝ սպասում են մայրիկին, բայց թշվառ մայրիկը իրենց թողել է կսկիծով:

Նրանք, որոնց մայրերը նույն օրը թողել-գնացել, լաց լինելուց հոգնել են, սկսել են միմյանց հետ խաղալ, հող են հավաքում, փոքրիկ բլուրներ շինում, թաթիկներով լճից ջուր տանում, իրենց համար տնակ սարքում՝ ցույց տալով իրենց ցեղի աշխատասեր, շինարար հատկությունը: Այս լքված, թշվառ մանուկներից ոչ մեկը 2-3 տարեկանից բարձր չէր լինի:

Սիրելի՛ ընթերցող, արի մտնենք գաղթակայան, պատկերացնենք, որ առավոտյան քարավանը գնացել, դեռ նորը չի եկել, ինչ եք տեսնում վրանանման որջերում՝ լքված, հիվանդ ծերունիներ, երեխաներ: Մի վրանանման որջում պառկած է մի ծերունի մահամերձ վիճակում, որը նվաղկոտ ձայնով կանչում է իր հարազատին, խնդրում է մի ումպ ջուր, լսող չկա: Մի ուրիշ վրանի տակ մայրը՝ իր փոքր երեխայով, ինքը հիվանդ, կմախքացած շարժվելու անկարող, ինչ սարսափելի վախճան է ունենալու: Վրանի մի անկյունում գետնին պառկած 7-8 տարեկան խեղճ մի աղջիկ, տարել են կայանի մոտակա ձորակն սպանելու, սուրով խփել են ուսին, վիրավորել, չի մահացել, քարշ գալով՝ եկել հասել է այդտեղ: Վերքը որդնոտել, խեղճը տնքում և մորն է կանչում՝ մայրի՜կ-մայրի՜կ:

Սեբաստացի հայուհիներ

Գնանք ավելի առաջ, ահա մի ուրիշ վրանանման որջ, որի տակ՝ ցնցոտիների վրա, պառկած ծեր մի կին, աչքերը կիսաբաց, հյուծված, սոված-ծարավ, կիսաանզգայացած, կարծես՝ Աստծուց խնդրում՝ հոգին առնել, տառապանքին վերջ տալ:

Մի ուրիշ տեղ մի տասնյակ ծեր կանանց, երեխաների դիակներ. բոլորն էլ մերկ, մերկացված երկոտանի բորենիների կողմից և այսպես շարունակ. մեռած, կիսամեռ, հիվանդ, անտեր լքված երեխաներ և անհամար դիակներ՝ նեխած, սևացած, այլանդակված:

Եկու՜ր, արի՛, տե՛ս, ահավորներից ահավորը, տես այս երիտասարդ կնոջն սպանել և մերկացրել են, ունեցել է երկվորյակ 2-3 տարեկան երեխաներ, երեխաներին ողջ են թողել: Նրանք նույնպես մերկ են, մեկը՝ աջից, մյուսը՝ ձախից, մեռած մայրերի կուրծքերին կպած, ծծում են, եթե սիրտդ թույլ է, սիրելի՛ ընթերցող, խորհուրդ չեմ տա նայել նախորդը չունեցող այս ողբալի տեսարանին:

Երբ նոր քարավան է գալիս, նորեկները կայարանում եղած դիակների ոտքերից բռնած, քարշ են տալիս կայարանից դուրս, իրենց տեղ են բացում: Այսպիսով նեխած, սևացած, այլանդակված դիակների կույտեր են առաջացել կայարանի շրջապատում, որոնց ահավոր հոտից շնչել հնարավոր չէր:

Այս բոլորով չի վերջանում, գնանք կայարանի 4-5 հարյուր քայլ հեռու՝ դեպի լեռան ստորոտի ձորակը, ինչ սարսափելի տեսարան. ձորակը լիքը անհամար դիակներ, մեկը մյուսի վրա ընկած, բոլորն էլ մերկ, ոմանց գլուխը ջարդված, ուրիշներ՝ դաշունահարված, գլխատված, սրի, կացինի հարված ստացած, մարմնի զանազան մասերին: Գիշատիչ թռչունները, հագեցած խրախճանքի սեղանից, կռնչում ու կռկռում են և իրենց անախորժ կռնչյուններով ավելի ահավոր դարձնում այդ սոսկալի տեսարանը: Այստեղի դիակներն առաջացել են այն թշվառ, ծեր հիվանդներից, երեխաներից, որոնք չեն կարողացել ընկերանալ իրենց հարազատների քարավանին, որոնց հավաքել և բերել է այդ ձորակը և բահով, բրիչով, կացնով, բարեբախտաբար, սպանել են:

Ավարտեցինք դժոխքի ուսումնասիրությունը, հիմա համեմատենք հայերի իրական դժոխքը Դանթեի երևակայական դժոխքի հետ: Դանթեի դժոխքում տանջվում են հանցագործներն ու մեղավորները, իսկ թուրքի ստեղծած դժոխքում տանջվում, տառապում և ողբալի վախճան են ունենում անմեղ ծեր և երիտասարդ կանայք, պատանիներ, երեխաներ և այր մարդիկ:

                                                                                                          Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի

Advertisements