Գրիգոր Զոհրապ (1861-1915)


Գրիգոր Զոհրապ (1861-1915)

Գրիգոր Զոհրապ (1861-1915)

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը՝ Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։

Զոհրապը նախնական կրթությունն ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870 թվականին մահանում է Խաչիկ էֆենդին։ Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների՝ Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։ Եղբայրներն ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում։ Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը՝ ոտանավորներ, հաջող շարադրություններ։

1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը՝ Կալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսիական կառավարության հովանովորությամբ և Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանում է երկրաչափական գործը։ Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով։

Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878-ին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսևորեց իրեն իբրև ազգի ճակատագրով մտահոգ անհատ։

1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։

1883 թվականին նա հրատարակում է Ասիական ընկերության «Երկրագունդ» հանդես՝ Հակոբ Պարոնյանի խմբագրությամբ։ 1885 թվականին հանդեսում սկսում է տպագրել իր անդրանիկ վեպը՝ «Անհետացած սերունդ մը» վերնագրով։ 1887-ին վեպը տպագրում է առանձին գրքով։

1891 թվականին Զոհրապն ընտրվում է Ազգային ժողովի երեսփոխան, սակայն Ժողովի նիստում նրա ընտրությունը չի վավերացվում 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով։

1892 թվականին Զոհրապի խմբագրությամբ հրատարակվում է «Մասիս» ազգային, գրական, քաղաքական հանդեսը։ Նրա գրիչն այս շրջանում հատկապես բեղուն էր։ 1893-ին հանդեսը դադարում է լույս տեսնել։

Զոհրապի գրական գործունեությունը բուռն վերելք է ապրում 1880-ական թվականների վերջերին և 1890-ականների սկզբներին։ «Արևելք» օրաթերթում, ապա «Մասիս»-ում տպագրվում են նրա առաջին նորավեպերը։ Իր գրական ստեղծագործության հիմնական մասը նա ստեղծել է 1887-1893 թթվականին։

Հետագայում, երկար լռությունից հետո՝ սկսած 1898 թվականից, Զոհրապը նորից է երևում գրական ասպարեզում, այս անգամ որպես ճանաչված ու վաստակած գրող և հասարակական գործիչ։ 1894-95 թվականները զարհուրելի էին արևմտահայերի համար։ Սկիզբ առան ու մինչև 1896 թվականը շարունակվեցին զանգվածային կոտորածները։ Հայ առաջադեմ մտավորականների մեծ մասը ստիպված էր հեռանալ Կ. Պոլսից և հաստատվել Եվրոպայում, Եգիպտոսում։

Հուսահատության ու ազգային կորովի անկման այս շրջանում Զոհրապը հեռացել էր գրական ասպարեզից։ Նա ավելի զբաղված էր փաստաբանական գործերով, կարևոր դատավարություններով։

Կ. Պոլսում Զոհրապը որպես իրավաբան-փաստաբան հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առևտրական առաջին դատարանում։ Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։

1908 թվականին Զոհրապն ընտրվեց թուրքական Պառլամենտի պատգամավոր։ Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։

Զոհրապը հարգված և երևելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, թե՛ համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։

Զոհրապը նաև երեսփոխան էր Ազգային ժողովի, որը 1914 թվականին բարձրացրեց Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը և այս կապակցությամբ դիմեց եվրոպական տերություների միջամտությանը։

Հունվարին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրը, որը արևմտահայերի՝ Թուրքիայում ապահով կյանքի երաշխիքն էր։ Այդ գործում Զոհրապի մասնակցությունը վճռական էր։ Սակայն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը և համաձայնագիրը մնաց թղթի վրա։ Թուրքիայի համար ստեղվեցին նպաստավոր պայմաններ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար։ Մեկ գիշերվա ընթացքում, ապրիլի 24-ին, ձերբակալվեց և աքսորվեց Պոլսի հայ մտավորականությունը։ Զոհրապը ամեն ջանք գործադրեց՝ ազատելու անմեղ ազգակիցներին։ Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում՝ ներքին գործոց նախարար Թալեաթ փաշային, Խորհրդարանի նախագահ Սայիդ Հայիմ փաշային։ Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ։

Սակայն շուտով Զոհրապին ևս ձերբակալեցին։ Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին։

1915 թվականի հուլիսին աքսորի ճանապարհին դաժանորեն սպանվեց Գրիգոր Զոհրապը։

Գ. Զոհրապի նովելները

Զոհրապը վաղ հասակից գրել է ոտանավորներ, որոնք մեծ արձագանք չեն գտել։ Դեռ պատանի՝ նա իր ուժերը փորձում է նաև արձակի մեջ․ 1883թ․ տպագրում է «Անհետացած սերունդ մը» վեպը՝ պոլսահայ երիտասարդության կյանքից։ Զոհրապի ուժը արձակի փոքր ձևի մեջ էր։ Մամուլում տպագրվող նորավեպերը հետաքրքրություն են առաջ բերում։ Տարեցտարի զորանում է վարպետությունը, և նա ստեղծում է հրաշալի նորավեպեր։ Զոհրապը նորավեպի այն վարպետներից է, որոնք բյուրեղացած ձևի մեջ հասել են հոգեբանական խորության և կերտել բազմաթիվ կերպարներ՝ բարձր աստիճանի հասցնելով իրապաշտությունը (ռեալիզմ)։

1909 և 1911թթ․ լույս է ընծայում տարբեր տարիների գրած նորավեպերի երեք ժողովածու՝ «Կյանքն ինչպես որ է», «Լուռ ցավեր», «Խղճմտանքի ձայներ» խորագրերով։ Վերնագրերից էլ երևում էր, որ նորավեպերում Զոհրապի գեղագիտական ծրագիրն է եղել՝ ռեալիսորեն արտացոլել կյանքի երևույթները, ներքին կապերը, մասնավորապես՝ թափանցել մարդկային հոգու թաքուն խորշերը։ Զոհրապի գրվածքները բաժանվում են մի քանի խմբի․ նա ունի սոցիալական պատկերներ, սիրային, խոհական-փիլիսոփայական, քնարական և երգիծական նորավեպեր։

Մի շարք նորավեպերում գրողը նրբորեն բացահայտել է մարդկային ողբերգության սոցիալական ակունքները։ Վաճառական Հուսեփ աղան՝ «Ճիտին պարտքը» նովելից, սնանկացել է՝ դառնալով առևտրական հասարակ միջնորդ․ կնոջ մահից հետո նա չի կարողանում հոգալ տան և երկու անչափահաս աղջիկների ամենօրյա կարիքները։ Ապրուստի բոլոր աղբյուրները ցամաքում են, տան բոլոր իրերը՝ վաճառվում։ Երեսուն տարուց ավելի նրան ուղեկցող պայուսակը, որը հեղինակը համեմատում է հունական դիցաբանությունից հայտնի՝ ոչնչով չլցվող դանայան տակառի հետ, նյութական զրկանքների, հարատև հոգսերի ու կարքիների խորհրդանիշն է։ Այդ պայուսակն է միշտ և անողոքաբար իշխել Հուսեփ աղայի վրա։ Դժբախտ մարդը ապարդյուն մաքառում է հացի համար, սակայն ոչ ոք նրան գործ չի տալիս։ Երեխաների մոտ թաքցնելով վիշտը՝ Հուսեփ աղան գիշերները մեռած կնոջ նկարի դեմ կանգնած, կարծես քաջալերություն է խնդրում։ Մարդն այլևս ուժ չունի կռվելու կարիքի ո հոգսերի դեմ և դառնում է անողոք կյանքի զոհերից մեկը։

Գյուղը տնքում է հարկերի ծանրության տակ։ Կարիքը, թուրքական տերունական պարտքերը և վաշխառուների կամայականությունները գյուղացիներին ստիպում են բռնել պոլսի ճանապարհը։ Ամուսնամալուց մեկ-երկու ամիս հետո, երիտասարդ Մարտիրոսը գյուղից գնում է Պոլիս՝ փոխարինելու պանդխտությունից վերադարձող հորը Այրին»)։ Մինչդեռ մյուս պանդուխտները բեռնակրությամբ փող են հավաքում՝ փրկելու իրենց ընտանիքները, բարոյազուրկ Մարտիրոսը ամուսնանում է չնչին գումար ունեցող մի աղախնի հետ, մոռանում է պատիվ ու սրբություն, դառնում է անպեք մարդ, դավաճանում իր դեռատի կնոջը՝ Զարդարին, որն իր ուսերի վրա էր տանում ընտանիքի հոգսը, կերակրում Մարտիրոսի ծնողներին։ Վերջիններս ապերախտորեն այդ անձնազոհ կնոջ վրա են բարդում՝ ընտանիքը լքած ամուսնու մեղքը։

 Զաբուղոն

Ա

Մարդ մը, որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը. գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր որ բերնե բերան կրկնվելով, տարածվելով՝ վերջնական ձև ու վավերացում կը ստանա, իրողության կարգ կ՚անցնի։

Գող մըն էր Զաբուղոն մեր գեղին մեջ. ո՛չ այն ռամիկ գողը, որ կը բռնվի շարունակ, կը ծաղրվի ու բանտերու մեջ կը փճանա. ոչ ալ այն ահարկու ավազակը որուն գողոնին արյուն կը խառնվի ատեն ատեն։

Իր մեծ արժանիքը ճարպիկությանը մեջ էր. օդի պես անոսր, ոգիի մը պես աներևույթ, տեղ մը չէ ու ամեն տեղ է միանգամայն։ Ամենեն ավելի ամուր փակված դուռը, ամենեն բարձր պատը՝ մտնելե չեն արգիլեր զինքը. բանալիին ծակեն, տախտակներուն ճեղքերեն ներս կը սպրդի կարծես, անշշուկ ստվերի մը պես։

Ամեն բան գիտե, ամեն խոսք կը լսե ու դռնփակ նիստերը իրեն համար չեն. իրեն համար պատրաստված ծուղակներուն մեջեն հաջողությամբ դուրս կ՚ելլե միշտ, վարպետ ձեռնածուի մը պես զարմանքի մեջ թողլով զինքը բռնելու պատրաստվող միամիտները։ Երեսը շիտակ տեսնող չկար. բայց կը պատմվեր – ո՞վ, կամ ի՞նչպես, չեմ գիտեր – թե երիտասարդ մըն էր այս տղան, նկնահասակ, թխադեմ ու վատույժ տղա մը. երկաթագործի քով աշկերտութենե եկած էր ու կղպանքներու արվեստը պետք եղածեն ավելի սորված էր։

Հիմա արվեստասերի մը պես կ՚ապրեր, գողնալով թալլելով շարունակ, ավելի սնապարծութենե քան թե իրական չարութենե մղված։ Կը բավեր որ իր ճարտարության փորձը տար ամենեն անմատչելի կարծված տուները կողոպտելով, ու հոժարությամբ ետ պիտի տար գողոնը թե որ բռնվելու վախը չըլլար։

Կամաց-կամաց մտերմություն մը հաստատված էր գյուղացվոց ու այս գողին մեջ, իհարկե ստիպյալ՝ վարժվեր էինք իր ներկայության. այս խորհրդավոր ու անմեկնելի գոյությունը, հալածական մարդու այս աստանդական կյանքը՝ սրտերնիս կը շարժեր, ու քիչ մըն ալ թե որ երթայինք առաջ, պիտի սիրեինք զինքը։

 Բ

Զաբուղոն նշանված էր. կը զարմանա՞ք։

Նշանտուքը Պատրիարքարանի մեծ դահլիճը կատարված չէր հարկավ։ Փոխանորդ հայրը օրհնած չէր զայն, ոչ ալ լրագիրները ծանուցեր էին։

Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք տված էին, գիշեր մը, ծառի մը տակ, աստղերը ունենալով իրենց վկա. և աշխարհիս ամենեն մեծահանդես նշանտուքը եղած էր իրենցը։

Ամենքնիս կը ճանչնայինք Վասիլիկը, այն վտիտ դեմքով ու թնջուկ մազերով աղջիկը, որ գույնզգույն պատմուճաններով, արտակարգ արդուզարդերով՝ վերը, լեռը կուգար պտտելու մինակը, շաբաթ իրիկունները…

Դ

….Քարաշեն պատերուն, երկաթե ամրափակ դուռներուն ետին կը սլքտկան, սպասելե վհատած, կամքի պարտասումի մը մեջ անզգա և անտարբեր դառնալով տարիներու անվերջ հոլովումին։

Անակնկալ փրկության մը հույսը, առջի օրերուն ակնկալությունը, շատոնց լքած է զիրենք և հիմակ նախասահմանյալ թվականին սպասելով միայն, կծկված կը մնան այդ տեղ ժամերո՜վ, չորս դիեն բարձրացող պարիսպներուն տակ բուսած հսկա սունկերու նման։ Ամեն հասակները ու ամեն տարիքները կան հոս, այս դիմացկուն քարե արգանդին մեջ որ Թիարան կը կոչվի և որ այս մարդիկը պիտի վերածնի օր մը, պիտի արտաքսե իր ծոցեն դուրս, համերամ հղացումներով։

Վերեն, նեղ բացվածքներե լույսը կը սպրդի ներս, հաշվված խնայված լույս մը, տկար ու տժգույն բան մը, այն դեմքերուն պես զորս լուսավորելու կու գա։

Զաբուղոն ասոնց մեջն է. իր համբավը կանխած է զինքը բանտին մեջ. մեծ չարագործ մը չէ բայց մեծ ճարպիկ մըն է. հսկողության տակ է շարունակ այս բանտարկյալը որ ոտքը երկաթներ ունի ամուր ու կռնակը հաստ պարիսպներ։

Յոթը տարի պիտի մնա այսպես. երիտասարդ էր հոս եկած ատեն ու ծերացած դուրս պիտի ելլե. իր նշանածին կը խորհի ամեն ատեն, այն մեկհատիկ բարեկամության որուն աներկբա կը հավտա դեռ. ո՞ւր է. ի՞նչ կ՚ընե արդյոք. ու հակառակ ամեն զգուշության, փախչելու ջանքեր կ՚ընե. անգամ մը երեսուն կանգուն բարձրությամբ պատե մը կ՚անցնի, բայց դուրսի բակին մեջ կը բռնվի. ուրիշ անգամ մը բանտին երդիքին վրա ելլելու կը հաջողի. երկու գիշեր կ՚անցընե հոն. կե տեսնեն ու կը բռնեն զինքը նորեն։ Այն ատեն ամեն խստությունները ի գործ կը դնեն ամես վայրկյան փախչելու հետամուտ այս մարդուն դեմ. բանտին կարգապահական պատիժները կը տեղան իր գլխուն. բան մը չի կասեցներ զինքը. դուրս պիտի ելլե Վասիլիկը գտնելու համար. իրավ որ ուրիշ պատճառ մը չունի փախչելու։

Եվ գիշեր մը կը հաջողի վերջապես. խոհանոց՛ին ծխնելույզին մեջեն վեր կ՚ելլե նախ ու հետո հիանալի ճարտարությամբ մը այդ ցից բարձրութենեն վար կ՚իջնե, այս անգամ բանտին շրջափակեն դուրս։

Երեք տարվան մեջ այս վեցերորդ փորձը կը հաջողի ահա, ու շիտակ, անխոհեմությամբ թերևս, մեր գեղը կը դառնա նորեն. կասկած մը չանցնիր այս հնարամիտ մարդուն մտքեն. տարակույս մը չի գար, թունավորելու իր սիրույն մաքրությունը։ Իր ձերբակալությո՞ւնը. ձախող դիպված մը միայն. առջի օրերուն պես գիտե որ սպասող մը կա իրեն ամենեն անակնկալ ժամուն. ու վայելած ազատության գինը՝ այս բերկրանքով կը բազմապատկվի, կը մեծնա, իր սրտեն դուրս պոռթկալու չափ։ Վասիլիկին թովիչ ակնարկը պիտի գտնե նորեն. անոր գռուզ մազերուն պատկերը դեռ չտեսած, աչքին առջևեն կ՚անցնի, և ուրախության սարսուռ մը կը ցնցե իր հեք մարմինը։

Մեղմիվ կը մոտենա անոր տունին. պատուհանին առջև խոսացկության ձայն մը կեցնե զինքը. ո՞վ է ներսը. մտիկ կ՚ընե, չի հավատար իր լսածին. ներս կը մտնե անձայն, առանց իր ներկայությանը կասկածը տալու, ու չի հավատար իր տեսածին. ժամ մը ամբողջ անկյուն մը կծկված կը սպասե, չկրնալով ցրված միտքը ամփոփել. հետո տակավ ինքզինքը կը գտնե, կը խորհի ու ձեռքը ակամա կ՚երթա պզտիկ դանակի մը կոթին զոր մեջքի գոտիին անցուցած է. մատները կը շոյեն զենքը. առջի հեղն է որ արյուն թափելու հարկը կը տեսնե որոշ ու հստակ. ինքը որ ամեն բանե կրնա փախչիլ, այս վրեժխնդրության գաղափարեն չի կրնար զատվիլ ահա։ Ո՞վ է այդ ապուշ էակը որ իր թողած պակասը լեցնելու եկած է այստեղ, սա նստող տղո՞ւն համար Վասիլիկ մոռցած է զինքը։ Մեկ նայվածքով կը չափե, կը գնահատե այս ոսոխը ու շատ վար կը գտնե իրմե։

Եվ իր սիրտը լեցնող արհամարհանքին առջև վրեժի գաղափարը կը թուլնա. ձեռքը կը քաշե դանակին բունեն զոր իր պրկված մատները կիսովին դուրս քաշած էին մեջքի գոտիեն. ո՛չ, չեն արժեր ասոնք իր զայրույթը, ու կամացուկ դուրս կ՚ելլե կրկին։ Բոլոր գիշերը կը քալե թափառական, փողոցներուն մեջ. ո՞ւր պիտի երթա այսպես. տուն չունի, ծանոթ չունի։ Կը խորհի որ այդքան ծանրագնի ձեռք անցուցած ազատությունը բանի մը չի ծառայեր և ուսերուն վրա կը ծանրանա։

Արշալույսին հետ՝ վարանոտ քայլերով ետ կը դառնա, իր բանտին նորեն, որուն դրան առջև կը գտնեն զինքը առտուն ու ներս կ՚առնեն։

Նյութը պատրաստեց թեմի լրատվության
բաժնի պատասխանատու Սիրան Սարգսյանը

Advertisements