Վայոց Ձորի թեմ

ԽԱՉՔԱՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Advertisements

Խաչքարը նորից կյանքի կոչվեց 20-րդ դարի 60-ական թվականներին: Հին գերեզմանոցների կողքին ձևավորվեցին նոր խաչքարերով գերեզմանոցները: Խաչքարը ներառվեց նաև այդ տարիներին լայն ծավալ ստացած հուշարձանաշինության մեջ: ճարտարապետական փոքր ձևերի դասական օրինակներին (վաղ-միջնադարյան կոթողներ, խաչքարեր, աղբյուրներ) դիմելու անհրաժեշտություն և հնարավորություն էր ստեղծում հատկապես 1941-1945 թթ. Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանաստեղծման ալիքը, որը լայն աջակցություն էր ստանում խորհրդային պետության կողմից: Անցած դարի 60-70-ական թթ. պատերազմում զոհվածների հուշարձաններ կանգնեցվեցին Հայաստանի համարյա բոլոր մեծ ու փոքր բնակավայրերում: Այս եզակի հնարավորությունը մի շարք ճարտարապետներ օգտագործեցին վերակենդանացնելու հայ միջնադարյան ճարտարապետության ավանդական ձևերն ու ոճերը: Այս տարիներին էլ տեղի ունեցավ խաչքարի որպես հայ ինքնության խորհրդանշանի վերջնական ձևավորումը: Չնայած խաչքարը միջին դարերում հայ ժողովրդի հոգևոր-ծիսական կյանքի հիմնական կազմակերպիչներից մեկն էր հայ ազգային գաղափարախոսությունը, որ 17-րդ դարից սկսած մշակում էր Հայաստանի ու հայ անցյալի իդեալական կերպավորումը, խաչքարին այդ համակարգում որևէ տեղ չի հատկացրել: Եվ միայն 60-ական թվականներին էր, որ Սեդրակ Բարխուդարյանն ի նորո հայտնագործում էր խաչքարերի մշակույթը, վերականգնում այն կերտող վարպետների «վարքը», իսկ Ռաֆայել Իսրայելյանը, հետազոտելով խաչքարը, նրա մի շարք ձևեր օգտագործում էր ճարտարապետական պրակտիկայում: Հին խաչքարերը դառնում էին հասարակական ուշադրության ու հետաքրքրության առարկա, իսկ նորերը ոչ միայն շատանում էին գերեզմանատներում, այլև դուրս գալիս այնտեղից, դառնում հուշաղբյուր, հուշասյուն դեկորատիվ կոթող, պետական-ազգային նվեր աշխարհի տարբեր երկրներին և քաղաքներին, վերածվում հուշանվերի: Խաչքարի՝ որպես ազգային ինքնության խոհրդանշանի ձևավորման ամենավերջին փուլը կարելի է համարել 80-90-ական թվականները, երբ այն ձեռք բերեց հասարակայնորեն հանրահայտ (այսինքն բոլորը կողմից ճանաչելի) և ընդունելի կերպավորում:

Հեղինակ՝ Համլետ Լ. Պետրոսյան

Advertisements