ԽԱՉՔԱՐԸ ԵՎ ՏԱՃԱՐԸ


ԽԱՉՔԱՐԸ ԵՎ ՏԱՃԱՐԸԽաչքարը հաճախ հանդես է գալիս որպես հոգևոր համալիրների տեղադրությունը ցուցող, նրանց շրջապատող բնական միջավայրը մշակութայնացնող ու կազմակերպող, դեպի սրբությունը հավատացյալին և ուխտավորին առաջնորդող: Սրբավայրերի ճանապարհներն ու շրջապատը ներկայանում են փոքրիկ մատուռներով, խաչքարերով, սուրբ ծառերով ու աղբյուրներով: Հայ եկեղեցին հետևում էր Սուրբ Ներսեսին վերագրվող կանոնին, որն արգելում էր քրիստոնեական տաճարում թաղումներ կատարելը: Եվ թեև 10-րդ դարից սկսած որոշ տաճարներին արևմտյան կողմից կցվող գավիթները հնարավորություն ստեղծեցին իշխանական տներին ունենալ սեփական փակ տապանատուն եկեղեցու հարևանությամբ թաղվելու և խաչքար կանգնեցնելու սովորույթը տևեց մինչև ուշ միջնադար: Դրանք ոչ միան գեղարվեստորեն հարստացնում էին շինության համայնապատկերն, այլև ընդգծում էին միջնադարյան հայ հասարակության առանձնահատուկ վերաբերմունքը դեպի հանգուցյալները, երբ հասարակությունն ընկալվում էր որպես ողջերի և մեռածների համահասարակություն:

Խաչքարը հանդես է գալիս նաև որպես եկեղեցական շինությունների և հոգևոր այլ համալիրների տարածական-ծավալային լուծման կամ հարդարման մանրամաս՝ ներկայանալով երեք հիմնական դրսևորումով.

ա) խաչքարն օգտագործվում է որպես շինանյութ,

բ) հանդես է գափս որպես վանքի և տաճարի գեղարվեստական հարդարման մաս,

գ) շրջապատի խաչքարերն ու քանդակազարդ բեկորներր հավաքվում են հոգևոր շինությունների պատերին կից և ձևավորում բացօթյա ցուցասրահներ:

Շատ ավելի խորքային են խաչքարի ծավալա-քանդակային և քրիստոնեական տաճարի ճարտարապետական հորինվածքների առնչությունները: Խաչքարի հորինվածքի ուրվագիծը մի դեպքում ներկայացնում է արտաքինից ուղղանկյուն, ներքուստ խաչաձև տաճարի հատակագիծը, մի այլ դեպքում գմբեթավոր տաճարի ուղղաձիգ կտրվածքը, երրորդ դեպքում նմանվում է տաճարի քանդակազարդ մուտքի, խորանի և այլն: Խաչքարն իր հորինվածքում համադրելով եկեղեցական կառույցի երկակի չափումը (արևմուտք-արևելք և ներքև-վերև), դրանով իսկ միավորում է ծիսականն ու գաղափարականը (որը եկեղեցական կառույցում մնում է որոշակիորեն անջատ), ինչը հավատացյալի համար էլ ավելի անմիջական էր դարձնում նրա հետ սրբազան հաղորդակցությունը:

Հեղինակ՝ Համլետ Լ. Պետրոսյան

Advertisements