Եղեգիսի միջն. դպրոցում հնչեց ավարտական Վերջին զանգը


Եղեգիսի միջն. դպրոցում ղողանջեց Վերջին զանգը` ավետելով աշակերտների հանրակրթական ուսումնառության փուլի ավարտը և կյանքի մեկ այլ փուլ մտնելու մեկնարկը:

Մայիսի 22-ին` ժամը 13:00-ին, Եղեգիսի մշակույթի տանը տեղի ունեցավ Վերջին զանգի միջոցառում, որին ներկա էին դպրոցի տնօրեն Լևոն Թադևոսյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Յուրա Մկրտչյանը, Վայոց ձորի մարզպետարանից ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և այլք:

Դասղեկ Անահիտ Այվազյանի նախաձեռնությամբ շրջանավարտները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում՝ երգ ու պարով, ասմունքով ու հումորով:

Հանդիսությանը աշակերտները պատրաստվել էին շատ երկար, քանզի հրաժեշտ էին տալու մի կրթօջախի, որն ուսումնական հաստատությունից զատ ջերմ օրրան է եղել սաների համար, ուղեկցել է դեպի գիտության անդաստանները, կրթել է սերունդներ, որոնց շնորհիվ հայ ազգն աշխարհին է ներկայացել զորեղ ոգով և մտավոր ներուժով:

Եղեգիսի միջն. դպրոցի տարեվերջյան միջոցառումն աչքի էր ընկնում իր կազմակերպվածությամբ և շնորհաշատ սաների գեղեցիկ կատարումներով: Միջոցառման ընթացքում հնչեցին բազում գովեստի և գնահատանքի խոսքեր՝ կապված սիրելի ուսուցիչների հետ:

Դպրոցական առօրյայից քաղված հումորային դրվագներն արարողությանը տոնական երանգ հաղորդեցին:

Միջոցառման ավարտին շրջանավարտներին շնորհավորանքի ու մաղթանքի խոսքեր ասացին դպրոցի տնօրեն Լևոն Թադևոսյանը, 12-րդ դասարանի դասղեկ, ռուսաց լեզվի ուսուցչուհի Անահիտ Այվազյանը, կենսաբանության ուսուցչուհի Էլլա Հակոբյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Գալստյանը և այլք:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Advertisements