Արևմտահայերենում գաղտնավանկի ը-ի արտասանությունն առավել զգալի է. այն արտասանվում է առավել թանձր մանավանդ բառասկզբի սպ, սփ, սկ, զբ, զգ, շտ (շփական + պայթական) և նման հնչյունախմբերով սկսվող բառերում, ինչպես ՝ ըսպասել, ըսփոփել, ըսկսիլ, ըզբոսնուլ, ըզգալ, ըշտաապել (բերված օրինակներում զանց ենք առնում փոխազդեցական հնչյունափոխության հետ կապված այլևայլ հնչյունափոխական երևույթները ՝ բառապատկերը չաղճատելու համար) :
Բառերի արտասանական տարբերակներում պարտադիր կերպով պետք է նշել գաղտնավանկի ը-երը, որոնք հաճախ երկու տարբերակներում հնչվում են տարբեր դիրքերում՝ բզկըտել – բզըկտել, ընկըճվել – ընկճըվիլ, բռնըկվել – բռընկիլ, կրկընվել -կրկնըվիլ, ձեռնըտու– ձեռընտու, ձեռնըպահ-ձեռընպահ, պատըժվել – բաճճըվիլ և այլն: Որոշ դեպքերում գաղտնավանկի ը-ն իմաստազատիչ դեր ունի, ինչպես՝ անցնել – անցնել և անցընել – անցկացնել:
Հնչյունափոխական երևույթների մանրամասն քննությունը ակնհայտ է դարձնում մի իրողություն. ուղղագրական – հնչյունափոխական տարբերություններ առկա են ոչ միայն արևելահայ – արևմտահայ համակարգերի միջև, այլև արևմտահայերենը ինքն իր մեջ ունի մի շարք բազմաձևություններ (երբեմն միևնույն բառն ունենում է գրության 2-3 տարբերակներ): Այդ առումով կարելի է առաջարկել արևելահայ – արևմտահայ ուղղագրական – հնչյունափոխական տարբերակների հետևյալ դասակարգումը.
- Արտաքին (միջհամակարգային) զուգաձևություններ:
- Ներքին (ներհամակարգային) զուգաձևություններ:
Արտաքին զուգաձևություններ կամ տարբերակներ ասելով ՝
նկատի ունենք արևելահայերենի և արևմտահայերենի միջև եղած գրության տարբերությունները, երբ լեզվի տարբերակներից յուրաքանչյուրը դիտարկվում է իբրև առանձին, ինքնակա համակարգ, ուստի հիշյալ տարբերությունները ավելի ճշգրիտ կլինի անվանել միջհամակարգային տարբերություններ: Դրանք ընդգրկում են ամենատարբեր երևույթներ, որոնք ներկայանում են հետևյալ ենթախմբերով:
1ա. Ընդհանրական (շեշտից կախված) հնչյունափոխության հետևանքով առաջացած տարբերություններ, որոնք տարաբնույթ են և առնչվում են լեզվի տարբեր մակարդակներին: Միևնույն հնչյունը յուրովի է իրեն դրսևորում տարբեր դիրքերում՝ բառասկզբում, բառամիջում կամ բառավերջում, բաց և փակ վանկերում, բառակազմական կամ քերականական փոփոխությունների դեպքում:
Ինչպես հայտնի է, հնչյունափոխական երևույթները, որոնք ընդգրկում են տվյալ հնչյունի համանման բոլոր դիրքերը, ստանում են հնչյունական օրենքի արժեք, մինչդեռ այն հնչյունափոխական երևույթները, որոնք գործում են առանձին բառերի ու բառախմբերի սահմաններում, հետևողական, բացառություններ չընդունող հնչյունական օրենքի արժեք չեն ստանում: Այսպես, բառավերջի բաց վանկում ի ունեցող բազմավանկ բառերում ձայնավորով սկսվող բաղադրիչ ավելանալիս չկա կայուն օրինաչափություն. ի – ն կարող է և’ սղվել, և’ պահպանվել՝ բարի – բարություն, գյուղացի – գյուղացիություն: Հիշյալ դիրքում նույն բառը արևելահայերենում և արևմտահայերենում դրսևորվում է տարբեր կերպ՝ առաջացնելով բառաձևերի տարբերություն: Հմմտ. գերանդի – գերանդիավոր և գերանդավոր, խելացի – խելացիություն և խելացություն… Continue reading