ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


Ֆոնճլարում մեզ պատահած դեպքերը

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Ֆոնճլար հասնելուց հետո հազիվ մեր սայլը բեռնաթափել ու արևից պաշտպանվելու համար վրանանման մի բան էինք  պատրաստել, երբ մոտ եկավ, հորս մորաքրոջ տղան՝ Ալեքսանդրյան Ավետիքը, հազիվ 45-50 տարեկան, համակրելի մի անձնավորություն: Ես մինչ այդ նրան չէի տեսել, մեծին՝ Նազարեթին, փոքր եղբորը՝ Գևորգին, ծանոթ էի: Նազարեթի ընտանիքի անդամներին էլ ծանոթ էի. ապրում էին Սեբաստիայում, ուներ մի տղա, 2 աղջիկ: Նազարեթ հորեղբայրը պատերազմի նախօրյակին իր մեծ աղջկա՝ Աննայի հետ գնաց Ֆրանսիա, փրկվեց եղեռնի սոսկալի արհավիրքներից, իսկ Գևորգը ապրում էր Կյուրինում: Պատերազմի սկզբից զորակոչվել էր և գտնվում էր Սեբաստիայի Արամյան դպրոցի զինվորական հիվանդանոցում որպես հիվանդապահ: Երեկոները գալիս էր մեզ մոտ գիշերում, երբ պատերազմից հետո վերադարձա Սեբաստիա, նա արդեն չկար, երևի, սպանած կլինեին:

Երկու քրոջ որդիների հանդիպումը հուզիչ էր, փաթաթվեցին ու արտասվեցին: Ավետիքի հորեղբայրը ուներ երիտասարդ, գեղեցիկ կին և երկու սիրունիկ աղջիկներ, որոնցից ոչ մեկը ողջ չի մնացել: Ավետիք հորեղբայրը հայտնեց, որ հորաքույրս և ամուսինը նույն օրը այդտեղից գնացող քարավանի մեջ են եղել, որ դեռ հեռվից երևում էր, բարձրանում էին սարնիվեր: Մի նեղ արահետով խեղճ հայրս, որ այդ լսեց, ավելի վշտացավ՝ վերջին անգամ իր միակ քրոջը տեսնելու առիթից զրկվելուն: Հորաքույրս ապրում էր Թոգաթ քաղաքում, ուներ երկու աղջիկ` Աննիկ և Վերոն: Աննիկն ամուսնացած էր, իսկ Վերոնը, որ հազիվ 13-14 տարեկան կլիներ, նրան Թոգաթից չէին թողել ծնողներին ընկերանա: Հորաքրոջս ընտանիքից ոչ ոք ողջ չի մնացել, ինչպես նաև՝ հորեղբորս 5 անձից բաղկացած ընտանիքից:

Ավետիք հորեղբայրը հայտնեց նաև, որ Ֆոնճլարից այն կողմ վայրենի քուրդեր են և թուրք կառավարությունը քուրդերի ցեղապետ Պետիր բեկին վաճառել է իր շրջանից անցնող յուրաքանչյուր հային մեկ գրոշ դրամով: Երբ քարավանը հասնում է լեռան գագաթը, որ Ֆոնճլարից երևում է գագաթից այն կողմ անցնելու ճամփին, լինում է մի կիրճ: Այդտեղ կանգնած են լինում քուրդերը, որոնք յուրաքանչյուր անցորդին ստուգում են. 10 տարեկանից բարձր բոլոր այրերին առանձնացնում, տանում են քիչ այն կողմ եղած անդունդի եզերքը, մերկացնում, կացինով խփում և գցում են անդունդը, իսկ կանանցից ջոկում իրենց դուր եկածներին, պահում իրենց մոտ, իսկ մնացածներին մի լավ կողոպտելուց հետո հաջորդ օրը ճամփան շարունակել տալիս: Continue reading

Advertisements