Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

Ֆոնճլարում մեզ պատահած դեպքերը

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Ֆոնճլար հասնելուց հետո հազիվ մեր սայլը բեռնաթափել ու արևից պաշտպանվելու համար վրանանման մի բան էինք  պատրաստել, երբ մոտ եկավ, հորս մորաքրոջ տղան՝ Ալեքսանդրյան Ավետիքը, հազիվ 45-50 տարեկան, համակրելի մի անձնավորություն: Ես մինչ այդ նրան չէի տեսել, մեծին՝ Նազարեթին, փոքր եղբորը՝ Գևորգին, ծանոթ էի: Նազարեթի ընտանիքի անդամներին էլ ծանոթ էի. ապրում էին Սեբաստիայում, ուներ մի տղա, 2 աղջիկ: Նազարեթ հորեղբայրը պատերազմի նախօրյակին իր մեծ աղջկա՝ Աննայի հետ գնաց Ֆրանսիա, փրկվեց եղեռնի սոսկալի արհավիրքներից, իսկ Գևորգը ապրում էր Կյուրինում: Պատերազմի սկզբից զորակոչվել էր և գտնվում էր Սեբաստիայի Արամյան դպրոցի զինվորական հիվանդանոցում որպես հիվանդապահ: Երեկոները գալիս էր մեզ մոտ գիշերում, երբ պատերազմից հետո վերադարձա Սեբաստիա, նա արդեն չկար, երևի, սպանած կլինեին:

Երկու քրոջ որդիների հանդիպումը հուզիչ էր, փաթաթվեցին ու արտասվեցին: Ավետիքի հորեղբայրը ուներ երիտասարդ, գեղեցիկ կին և երկու սիրունիկ աղջիկներ, որոնցից ոչ մեկը ողջ չի մնացել: Ավետիք հորեղբայրը հայտնեց, որ հորաքույրս և ամուսինը նույն օրը այդտեղից գնացող քարավանի մեջ են եղել, որ դեռ հեռվից երևում էր, բարձրանում էին սարնիվեր: Մի նեղ արահետով խեղճ հայրս, որ այդ լսեց, ավելի վշտացավ՝ վերջին անգամ իր միակ քրոջը տեսնելու առիթից զրկվելուն: Հորաքույրս ապրում էր Թոգաթ քաղաքում, ուներ երկու աղջիկ` Աննիկ և Վերոն: Աննիկն ամուսնացած էր, իսկ Վերոնը, որ հազիվ 13-14 տարեկան կլիներ, նրան Թոգաթից չէին թողել ծնողներին ընկերանա: Հորաքրոջս ընտանիքից ոչ ոք ողջ չի մնացել, ինչպես նաև՝ հորեղբորս 5 անձից բաղկացած ընտանիքից:

Ավետիք հորեղբայրը հայտնեց նաև, որ Ֆոնճլարից այն կողմ վայրենի քուրդեր են և թուրք կառավարությունը քուրդերի ցեղապետ Պետիր բեկին վաճառել է իր շրջանից անցնող յուրաքանչյուր հային մեկ գրոշ դրամով: Երբ քարավանը հասնում է լեռան գագաթը, որ Ֆոնճլարից երևում է գագաթից այն կողմ անցնելու ճամփին, լինում է մի կիրճ: Այդտեղ կանգնած են լինում քուրդերը, որոնք յուրաքանչյուր անցորդին ստուգում են. 10 տարեկանից բարձր բոլոր այրերին առանձնացնում, տանում են քիչ այն կողմ եղած անդունդի եզերքը, մերկացնում, կացինով խփում և գցում են անդունդը, իսկ կանանցից ջոկում իրենց դուր եկածներին, պահում իրենց մոտ, իսկ մնացածներին մի լավ կողոպտելուց հետո հաջորդ օրը ճամփան շարունակել տալիս:

Ելնելով այդ ողբերգական իրադրությունից` Ավետիք հորեղբայրը մեզ՝ երկու եղբայրներիս, խորհուրդ տվեց այդտեղից այն կողմ չգնալ, ասաց, որ վաղը ձեր եզան սայլերը Մալաթիա տանելու համար ձեր տարիքի տղաներին թույլ կուտան յուրաքանչյուր սայլին մի տղա որպես վարորդ գնալ Մալաթիա: Այդ առիթից պետք է օգտվել, գնալ Մալաթիա և այնտեղ մի միջոց գտնել՝ այս սարսափելի եղեռնից ազատվելու:

Հայրս մեր երկուսի կամքին թողեց հորեղբոր խորհուրդին հետևելու որոշելը: Եղբայրս, որ ինձանից 2 տարով մեծ էր, անմիջապես որոշեց գնալ: Ես մոտեցա իրեն, ուզում էի ասել, որ հարցը քննենք հանգամանորեն, ապա որոշենք, բայց նա ինձ ընդմիջեց և կտրուկ ասաց, որ ինքը գնալու է, իսկ ես իրեն կընկերանամ, թե ոչ՝ դա իմ գործն է, հետևապես ինձ մնում էր իրեն հետևել:

Երեկոյան մունետիկի միջոցով հայտնեցին այն տղաները, որոնք կցանկանան, եզան սայլերի հետ որպես վարորդ գնալ Մալաթիա, թող պատրաստվեն վաղը առավոտ մեկնելու: Մենք արդեն որոշել էինք, պատրաստվելու էլ ոչինչ չունեինք, որովհետև, բացի մեր հագին եղած հագուստից, մեզ ոչ մի բան չէր մնացել, դրամ նույնպես չունեինք, բայց հայրս չգիտեմ, որտեղից յուրաքանչյուրիս 20 ղուրուշ տվեց և բարի խորհուրդներ, դա իմ վերջին  գիշերն էր, որ անցկացրի ծնողներիս հետ:

                                                                                                          Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

 

Advertisements