Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

Դեպի Մալաթիա և բանտ

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Առավոտյան կանուխ վեր կացանք և յուրաքանչյուրս մեկ-մեկ սայլ լծեցինք հորս օգնությամբ: Բաժանումը շատ դժվար էր. մայրս լաց էր լինում, փաթաթվեց մեզ, չէր ուզում բաց թողնել, կարծես՝ մայրական դյուրազգաց բնազդը կանխագուշակում էր վերահաս վտանգը:

Մեծ քույրս՝ Մարոն, նունպես լաց էր լինում: Խնդրում էր, որ չգնանք, դժվարությամբ մորիցս և քրոջիցս բաժանվեցինք, իսկ հայրս լուռ արտսվելով՝ հետևեց մեզ: Այնքան էր խեղճացել, որ նրան նայելիս, պատանեկան սիրտս մղկտում էր, հոգեկան ծանր վշտից կքած, ծերացած, ողորմելի տեսք էր ստացել:

Բացի այդ, դեռ լրիվ չէր պատկերացնում բաժանման ահավորությունը, թե ինչ սոսկալի տառապանքների պիտի ենթարկվեի ծնողի հովանավորությունից զրկվելուց հետո:

Հայրս մեզ ուղեկցեց մինչև խճուղի ու նորից համբուրեց: Բարի ճանապարհ մաղթելուց ու խորհուրդներ տալուց հետո, արտասուքը հազիվ զսպած, հետ վերադարձավ, բայց մեզանից չէր կարողանում բաժանվել: Յուրաքանչյուր քայլափոխին հետ էր  դառնում, ձեռքով հրաժեշտ էր տալիս, այդպես շարունակեց մինչև այլևս իրեն չէինք տեսնում: Ներքին նախազգացումն ինձ տանջում էր, որ այս բաժանումը սկիզբն է հետագա ահռելի զրկանքների և տառապանքների և, այսպես խորհրդածելով, առանց մեկին մոտենալու, լուռ ու տխուր, դանդաղ ճամփան շարունակեցինք մինչև հասանք Մալաթիայի ծայրամասը՝ գերմանական կույրերի դպրոցը: Մեզ ուղեկցող ժանդարմները հրամայեցին կանգնեցնել սայլերը, եզներին արձակել ու դպրոցի բակի ծառերի շուքի տակ սպասել նոր կարգադրության, երբ հավաքագրվեցինք, պարզվեց, որ 50-ի մոտ տղաներ կլինենք, բոլորս էլ սեբաստացի: Այդ օրն առավոտից ոչինչ չէինք կերել և արդեն երեկոյան՝ ժամը 7-ը կլիներ, տղաներից չորս-հինգ տղա ուզեցին քաղաք գնալ. դրամ տվեցինք և խնդրեցինք մեզ համար ուտելու բան բերեն: Գնացողների մեջ չէին Հյուսնյան Հարությունը և Վաղջյան Ալեքսանը և ուրիշ  մի քանի տղաներ:

Կաթոլիկների վարդապետը Հարությունին և Ալեքսանին պատվիրել էր գնալ կաթոլիկների առաջնորդարանը և գերապայծառից խնդրել, որ դիմի տեղի իշխանությանը, որպեսզի աքսորի ճամփին եղած կաթոլիկներն վերադարձի արտոնություն ստանան: Աքսորականների մեջ լուր էր տարածվել, իբր կաթոլիկներին ներում է շնորհված: Վարդապետը, իհարկե, չէր կարող պատկերացնել, որ Մալաթիայի կաթոլիկների առաջնորդարանը կողոպտված և գերապայծառին իր վարդապետներով սպանված կլինեն: Խեղճ վարդապետը Սեբաստիայից մինչև Ֆոնճլար այդքան ոճիրներ ու արհավիրքներ տեսնելուց հետո դեռ թուրքից ներում էր սպասում չգործած հանցանքի համար:

15 րոպե չէր անցել տղաների գնալուն, երբ երկու թուրք եկան ու հրամայեցին, որ շարք կանգնեն: Մենք էլ շարք կանգնանք և մեզ առաջնորդեցին Մալաթիայի բանտը, որ գտնվում էր Կառավարության շենքի հետնամասում: Երբ բակ մտանք, տեսանք 4-5 թուրքեր ծառի շուքի տակ, սեղանի շուրջը նստած, ուտում-խմում, քեֆ էին անում: Երբ մեզ տեսան, իրենցից մեկն սկսեց երգել հետևյալ իմաստով մի երգ. «Եկան նորից Ալլահի սեղանին մատուցելու մատաղացուները»:

Այդ, որ լսեցինք, արդեն հասկացանք, թե մեզ ինչ բախտ է վիճակված, ինչ կարող էինք անել խեղճ պատանիներս: Մեր տղաների մեծամասնությունը 14-16 տարեկան կլինեին, բացի մի քանիսից, որ 18-19 տարեկան կլինեին: Մեզ առաջնորդեցին բանտի խուցերից մեկը, որտեղ սովորաբար արգելափակում են վտանգավոր ոճրագործերին, մեզ ներս արին ոչխարների նման ու դուռը փակեցին ՝ առանց հաշվի առնելու, թե այդ փոքր խցում 50 տղա կսեղմվի,՞ թե՞ ոչ:

 Հունիսյան շոգ օրերին էր, մանավանդ Մալաթիայում բաց երկնքի տակ, առանց ծածկոցի, կարելի է գիշերել՝ առանց մրսելու, իսկ այդ զնդանում, որտեղ մի փոքր օդանցք ուներ, 50 տղա ինչպես շնչեին: Երբ դուռը փակվեց, նկատեցինք, որ կանգնած, իրար կպած ենք, իսկ հատակը ցեխ էր, օդը անտանելի էր՝ տաք ու խոնավ: Այնպես, որ օդի պակասությունից շնչահեղձ էինք լինում: Մեզ մոտ ոչ ուտելու բան ունեինք, ոչ էլ խմելու ջուր: Բոլորս, շշմած մահվան ահից, սահմռկած, լուռ մտածում էինք, ոչինչ չէինք գտնում իրար ասելու, լավ հասկանում էինք, թե այս բոլորն ինչով է վերջանալաու: Մեր ավագ ընկերներն սկսեցին մեզ մխիթարել՝ պատմելով Հայ հեղափոխական հայդուկների հերոսություններից: Մի կերպ տղաների ուշադրությունը շեղվել էր ներկա ահավոր իրադրությունից և հետագա սարսափելի դեպքերին էին նախապատրաստվում:

Օրը մթնեց և սարսափն էլ ավելի մեզ պատեց: Ահա ուր որ է, կուգան՝ մեզ սպանդանոց տանելու: Այդպիսի հոգեկան տառապանքով, առանց քնելու, գիշերը լուսացրինք:

Շոգից, սովածությունից, ծարավից, վախից թուլակազմ տղաները նվաղելու աստիճանի էին հասել, իսկ այդ մեր զնդանի լրիվ պատկերն ունենալու համար, բացի վերև նշվածներից, պետք է ավելացնել նաև գարշահոտությունը, որովհետև բնական պետքի կարիք ունեցողները, ճարահատ մի անկյունում կեղտոտում էին:

Լուսացավ, բայց մեզնով հետաքրքրվող չեղավ, սպասեցինք մինչև ժամը 10-11-ը, բայց, իզուր, բացի թուրք բանտարկյալներից, որոնք բանտի բակում ման էին գալիս, մոտենում էին մեր խուցը բակից անջատող ճաղերին, որ մեկը կարեկցանքով, որ մեկը հեգնանքով ասում էին, թե մեր դահիճները մեզ հետ ինչպես են վերաբերվելու: Ասում էին, թե այս գիշեր ձեզ չտանեն սպանելու, հաջորդ գիշեր անպայման կտանեն, ասում էին նաև, թե ինչպես մեզանից առաջ շատ շատերին բերել են և միևնույն խցում 1-2 օր պահելուց հետո գիշերը տարել ու բոլորին սպանել են:

Մեր դրությունն անտանելի էր, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ մահը մեզ չէր սարսափեցնում. շոգ, ծարավ, անոթություն, անքնություն, գարշահոտություն, ահ ու սարսափ: Այս բոլորը թշվառ պատանիներիս (որ մինչև այդ, բացի ծնողների ու հարազատներ հոգատարությունից ու գուրգուրանքից և հանգիստ կյանքից, ոչ մի դժվարություն չէինք տեսել) շշմեցրել էր և դարձրել էր անտարբեր մեզ սպառնացող ահավոր վախճանի հանդեպ:

Տեսանք, որ մեզանով հետաքրքրվող չկա, սկսեցինք միաձայն գոռալ «կեցցե՜ թագավորը», կամ մեզ սպանե՛ք, կամ մեզ տվե՛ք հաց, ջուր, օդ. ժամերով անընդհատ բղավում էինք, բայց մեզ լսող չէր լինում:

Այդ դրությամբ սոված, ծարավ 2-րդ օրն էլ անցկացրինք. շոգից, ծարավից, անոթությունից թուլացած քնել էինք: Չչգիտեմ՝ որքան ժամանակ, հանկարծ ականջիս հասնում է դռան բացվելու ձայնը, ընդոստ թռչում եմ, տեսնում եմ, որ մյուսները նույնպես ոտքի են, հազիվ դռան բացվելու ձայնը լսել էինք հոսանքից խմբվածի նման բոլորս միասին սարսափահար ոտքի էինք ելել: Իրար ասում էինք. «Է՛հ, տղերք, կորանք, եկել են տանեն սպանդանոց»:

Եկողները երեք հոգի էին: Նրանք տեսան, որ բոլորս սարսափահար ոտքի ենք կանգնել: Իրենցից մեկը ասաց, որ չվախենանք՝ վաղը մեզ հաց տալու են, բայց որովհետև «մեր բարեխնամ պետությունը» պատերազմի պայմաններումն է, միջոցներ չունի մեզ հացով ապահովելու, ուստի եկել են մեզ մոտ եղած դրամներն ու թանկարժեք իրերը վերցնելու ու դրանց արժեքով մեզ համար հաց գնելու:

 Ի՞նչ լկտի անամոթություն. ամբողջ 2 մլն հայերի շարժուն, անշարժ ունեցվածքը կողոպտել ու իրենց էլ, բարեբախտաբար, կոտորելուց հետո չկշտացան և մեզ մոտ եղած չնչին ունեցվածքը կողոպտելու համար ի՞նչ ստորացուցիչ պատճառ են հորինում: Բայց թուրքին խիղճ կա, որ ամոթ լինի, երբ այդ անամոթ սուտը լսեցինք, մասամբ հանգստացանք, բայց լրիվ չէինք հավատում: Ենթադրում, որ նախ ուզում են մեզ կողոպտել, հապա քշեն սպանդանոց, որ մեզ մոտ եղած ունեցվածքը դահիճներին բաժին չդառնա:

Սկսվեց կողոպուտի արարողությունը. խցի դռան մոտ կանգնած էին երեքով, որովհետև իրար հանդեպ վստահություն չունեին, որը մեզ համար ձեռնտու էր, վերցնում էին դրամ, հագուստ: Ինչ ուղարկում էին կողքի խուցը, այդ խուցը մեր խցից  բաժանված էր ճաղերով: Այդ հանգամանքը երկու եղբայրներիս ուշադրությունը գրավեց, որոշեցինք, որ նախ ես գնամ խուզարկվելու, ինձ մոտ եղած դրամը թողնեմ եղբորս մոտ, ստուգվելուց այն կողմ անցնելուց հետո եղբայրս ճաղերի արանքից խուզարկվելուց առաջ դրամն ինձ տա: Այդպիսով մեզ մոտ եղած խղճուկ դրամը փրկեցինք ավազակներից, բայց մեր բաճկոնները (ժակետ) վերցրին: Բոլորիս խուզարկել կողոպտելուց հետո մեզ ազատ թողեցին երկու խցերում: Տեղներս լայնացավ մի քիչ շունչ քաշեցինք, բայց դրանից հետո անձկությամբ սպասում էինք, որ կգան մեզ սպանդանոց տանելու: Այդ հոգեմաշ սպասողական դրության հետևանքով մինչև լուսանալը ոչ մեկս չկարողացանք քնել, երբ լուսացավ, փառք տվեցինք Աստծուն, որ մի օր ևս մեզ պարգևեց;

Հետևյալ օրը նորից մեզանով հետաքրքրվող չեղավ և մենք սկսեցինք միաձայն գոռալ «կեցցե՜ թագավորը» կամ մեզ հաց, ջուր տվեք կամ սպանեք: Վերջապես ժամը 12-ին խուցի դուռը բացեցին և մեզ թույլ տվեցին բակ դուրս գալ: Այնտեղ ջրի կլոր մի ավազան կար, ծորակի ջուրը լցվում էր ավազանի մեջ, որը ջրով լիքն էր, երբ դուռը բացվեց, բոլորս, միանգամից իրար հրելով, փորձում էինք շուտ ջրին հասնել, արագ վազեցինք դեպի ջրի ավազանը: Մեկս մյուսի վրա պառկած՝ ագահորեն խմում էինք, բայց չէինք հագենում, թուրք բանտարկյալներից մեկը, տեսնելով այդ խղճալի տեսարանը, մոտեցավ մեզ, քաղցրությամբ բացատրեց, որ մի ժամ բակում մնալու թույլտվություն կա, ուստի մի անգամից չափից ավելի խմելով՝ կվնասվենք, ավելի լավ է, որ ընդմիջումներով, քիչ-քիչ խմենք: Այնպես, որ մինչև ժամը լրանալը ջրից կհագենանք և մեզ հեռացրեց ավազանից: Քիչ հետո յուրաքանչյուրիս 500 գրամ հաց բաժանեցին:

Հաջորդ առավոտյան տեսանք, որ բակի խորքում՝ մեր խուցի դիմաց, նույանման խցերում ուրիշ սեբաստացի հայ տղաներ ևս բերել են, որոնց մեջ էր Վարդան Ճավյանի մեծ եղբայրը՝ Հայկը: Շատ խնդրելուց հետո թույլատրեցին երկու եղբայրների վերջին տեսակցությունը: Վարդանը ցանկանում էր գնալ եղբոր մոտ, բայց չթողեցին: Հաջորդ առավոտ տեսանք, որ մեր դիմացի խուցը դատարկ է, տղաները չկան, գիշերը բոլորին տարել ու սպանել էին, իսկ մեզ, ի զարմանս մեզ, ոչ այդ գիշեր, ոչ էլ հաջորդ 5-րդ գիշերը անհանգստացնող չեղավ:

                                                                                                          Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

 

Advertisements