ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՏԱՐԱԳ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հոգեգալստյան տոնը նշում է Սբ· Զատկից հիսուն օր հետո: Այն առաքյալների վրա Սուրբ Հոգու իջման հիշատակության տոնն է, որը տեղի է ունեցել Սբ· Հարության հիսուներորդ օրը:

Այս տարի Հայաստանի արևելյան սահմանը հսկող զինվորները հնարավորություն ունեցան հենց իրենց զորամասում մասնակցելու Հոգեգալստյան տոնին նվիրված Սուրբ և Կենարար Պատարագին և հաղորդվելու Քրիստոսի Մարմնին ու Արյանը:

 Պատարագը մատուցում էր զորամիավորման հոգևոր պատասխանատու Տեր Գալուստ քհն· Սահակյանը: Վերջինս հոգեշունչ քարոզ խոսեց և իր խոսքում կարևորեց շնորհի վարդապետության կապը Սուրբ Հոգու հետ, ըստ որի՝ յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրվում է հավատացյալին Սբ. Հոգուց, և որևէ առաքինության վերագրումը սեփական անձին և ոչ թե Աստծուն, հպարտության տանող մեծ մեղք է:

Հետևաբար, Հոգեգալստի հիշատակումով նաև կոչ արվեց յուրաքանչյուր զինծառայողի` հպարտությունից խուսափելով լինել ծառայասեր և աստվածային շնորհներով միայն բարի գործեր կատարել:

Նյութը պատրաստեց զորամասի հոգևոր սպասավոր
Գագիկ սրկ. Հակոբյանը

 

Advertisements