Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

Ազատում բանտից

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Վեցերորդ օրվա՝ ցերեկվա ժամը 3-ին, խուցի դուռը բացեցին և առաջարկեցին դուրս գալ ու շարժվել: Մաքուր հագնված, բարձրահասակ 30-35 տարեկան թուրք մի երիտասարդ, որ ճանապարհաշինարար ինժեներ է եղել, մեր անունները գրեց, հետո ասաց, որ համառ պայքարից հետո կարողացել է մեզ ժամանակավոր փրկել սպանդից և գնալու են Մալաթիայի Խարբերդ խճուղու մի հատվածում ճանապարհի նորոգման աշխատանք կատարելու:

 Բանտի բակից մեզ դուրս հանեց և տարավ գործիքների պահեստը: Այնտեղ մեզ տվեցին թի, բետար և, երկու ժանդարմ էլ ուղեկից տալով մեզ ճամփին, խոստացավ երկու ժամ հետո մեզ հասնել: Մյուս անհրաժեշտ պարագաներով պատգարակ հաց էլ տվեց: Շարքով դուրս եկանք քաղաքից, տեսնենք մի նոր քարավան, որը եզան սայլերից էր բաղկացած, որի մի ծայրից մյուսը 2 ք. մետրից պակաս չէր լինի, մոտեցանք, տեսանք, որ սեբաստացիներ են, հանդիպեցինք մեր տանտիրոջ տղայի՝ Միհրանի կնոջը՝ 2 անչափահաս երեխաներով: Հապճեպ պատմեցինք մեզ պատահած դեպքերը: Վերջինս ամուսնու վերարկուն տվեց մեզ ու առհավետ բաժանվեցինք:

Ժանդարմները շտապեցնում էին մեզ և արագ քայլերով քարավանից առաջ անցանք և հասանք Բեյ բունարից այն կողմ՝ ինքնաբուխ մի աղբյուրի: Ժանդարմները կարգադրեցին, որ այդտեղ սպասենք, մինչև կհասնի մեզ համար ուղարկվելիք հացն ու վրանները: Օրընդմեջ, բայց եկող չեղավ:

Այդ օրը մեզ հաց չէին տվել, հետևապես սոված էինք, ինչպես նաև մեզ ուղեկցող ժանդարմները: Սկսեցինք կասկածել և զանազան կարծիքներ հայտնել. ոմանք ասում էին. որ շատ հավանական է, որ մի ժամ հետո մի տասնյակ դահիճներ կգան և բոլորիս ձեռքերը կկապեն և կկոտորեն, ուրիշներ թե՝ սա դահիճների կողմից զվարճանալու համար սարքված խաղ է:

 Մեծ տղաները փախուստի ծրագրեր էին մշակում: Ժանդարմները նույնպես մտահոգված էին, նրանք էլ մեզանից վախենում էին, առաջարկեցին հետ գնալ մինչև քարավանի իջևանը, եթե հնարավոր լինի հաց ճարել: Եթե մինչ այդ քաղաքից եկող չլինի, նրանց  մոտ էլ գիշերել համաձայնեցինք և ճանապարհվեցինք: Բավական գնալուց հետո մեկ էլ դիմացից ձայն տվեցին՝ կանգնե՜լ և ով լինելիս հայտնել:

Մեր ժանդարմներն առաջ անցան, բացատրեցին, թե՝ մենք ովքեր ենք և քիչ հետո մեզ առաջարկեցին, որ մի կողմ գցենք գործիքները և ճանապարհից ոչ հեռու մի հարմար տեղ տեղավորվենք՝ գիշերելու համար: Մի կողմ գցեցինք բահն ու բրիչն ու ճանապարհից ոչ հեռու՝ բլուրի լանջին ամփոփված, նստեցինք և սկսեցինք իրար հետ խորհրդակցել, թե ինչպես կկարողանանք մի քիչ հաց ճարել:

 Մեծ տղաներից երկուսը որոշեցին գնալ քոչվորների մոտ և խնդրել, որ հացով օգնեն մեզ, բայց քարավանին ուղեկցող ժանդարմները չթողին, որ քարավանին մոտենանք, ուստի մեզ մնում էր այլևս ուտելու մասին չմտածել, այլ եթե կարելի է, ապա հարմարություն ստեղծել քնելու: Հարմարությունն այն է, որ, իրար սեղմված, թիկունք, թիքունքի տված, պառկենք գետինը: Մեզանից ոմանք մրսում էին գիշերվա զով օդից: Խեղճ եղբայրս ամբողջ մարմնով դողում էր, փաթաթվել էի, աշխատում էի մի կերպ տաքացնել: Այդ դրությամբ էլ լուսացրինք: Անհամբեր սպասում էինք արևի ծագելուն, որ տաքանանք:

 Առավոտյան արշալույսը դեռ նոր էր բացվել, երբ մեր ժանդարմները կարգադրեցին ճանապարհվել: Դողդողալով առաջ շարժվեցինք՝ քիչ հետո արևը ծագեց, տաքացանք, բայց քաղցը մեզ տանջում էր, բավական գնալուց հետո կանգ առանք: Ժանդարմները մեզ խորհուրդ տվեցին, որ կողքի ցորենի արտից, որ արդեն հասունացել էր, ցորենի գլուխները հավաքենք, մաքրենք, խաշենք և որպես հատիկ ուտենք: Մեր տղաների մի մասը մտան արտի մեջ և սկսեցին ցորենի  գլուխները փշրել ու դարմանից մաքրել:

Միաժամանակ աքսորականների քարավանը երևաց, ճամփի եզերքին մի ծածկոց փռեցինք: Երբ քարավանի սկիզբը հասավ մեզ, սկսեցինք խնդրել, եթե ունեն մի կտոր հաց, ապա տան, որովհետև 2 օր է՝ ոչինչ չենք կերել: Միևնույն ժամանակ մայրերին խորհուրդ էինք տալիս, որ իրենց տղաներին Մալաթիա չուղարկեն, որովհետև այնտեղ նրանց սպանելու են, իսկ մենք հրաշքով ժամանակավոր փրկվել ենք սպանդից, բայց չգիտենք, թե հետագայում մեզ հետ ինչպես կվերաբերեն: Մինչ այդ տղաներն իրենց հավաքած ցորենը խաշել էին մի կաթսայի մեջ, որը երևի քարավանից էին վերցրել:

Հացն ու խաշած ցորենը իմի բերենք. մեծ տղաներից մեկը յուրաքանչյուրիս մի փոքր կտոր հաց և մի բաժակ հատիկ բաժանեց, որը ոչ թե կերանք, այլ լափեցինք: Դա 7-րդ օրն էր, որ մենք կուշտ, գոնե ցամաք հաց չէինք կերել: 7-րդ օրվա ընթացքում միայն 2 անգամ յուրաքանչյուրիս 500 գրամ հաց էին տվել: Ժամը կես օրից հետո 2-ը եղած, բայց դեռ մեզ խոստացված հացն ու վրանները բերող չեղավ:

Ջրի ակը գտնվում էր մեզանից մի քիչ հեռու՝ ցածր տեղում: Ջուր խմելու համար գնացի ակի մոտ, տեսնում եմ, որ Ստեփան քեռուս աղջիկները՝ Ռեբեկան և Օվսաննան, մի թուրքի ընկերակցությամբ այդտեղ են: Նրանցից իմանում ենք, որ  գնում են Մալաթիա: Համառոտ պատմեցի մեր դրության մասին և ասացի, որ իրենց այդ մարդուն ասեն, որ թող մեր ժանդարմներից թույլտվություն վերցնի, որպեսզի  գնանք Ֆոնճլար մերոնց մոտ: Ռեբեկան ասաց, որ մերոնք դեռ Ֆոնճլար են, այդ թուրքի միջնորդությամբ մեզ հաջողվեց, որ եղբայրը և ինքը գնան Ֆոնճլար՝ մեր ժանդարմներից մեկի ուղեկցությամբ:

Հանդիպումը մերոնց հետ շատ հուզիչ էր. հայրս, որ կյանքում շատ զուսպ է եղել, մեզ, որ տեսավ, փաթաթվեց ու սկսեց լաց լինել, ինչպես տղաներին կորցրած անհույս հայր, հանկարծ հանդիպի կորսված իր որդիներին: Մայրս ու քույրս՝ Մարոն, նույնպես լաց լինելով, փաթաթվեցին: Դեռ հիշում եմ, թե ինչպես խեղճ Մարո քույրս փաթաթվել էր ինձ ու դառնորեն արտասվում էր: Մեր գնալուց հետո լուր էր տարածվել, որ մեզ մեր ընկերների հետ սպանել են: Դրա համար մայրս պնդում էր, որ այլևս չգնանք: Հակառակ մեր ցանկության՝ մեզ ուղեկցող ժանդարմը եկավ, մեզ գտավ և ստիպված նորից բաժանվեցինք մեր հարազատներից;

Մերոնք Ֆոնճլարում մի կերպ գլուխներն էին պահում: Առավոտները քարավանը գնալու ժամանակ յուրաքանչյուրը մի տեղ էր թաքնվում, իսկ քարավանը գնալուց հետո իրար գտնում էինք, որ հայրս երկու փոքր քույրերիս՝ Պայծառին և Թագուհուն, թողել էր մալաթիացի ծանոթ մի թուրքի մոտ և որոշել էին այդտեղ մնալ որոշ ժամանակ:

 Նորից բաժանվեցինք ծնողներից և ժանդարմի ուղեկցությամբ գնացինք ու միացանք մեր ընկերներին: Մինչև մեր գնալ-գալը խոստացված իրերը եկել էին, վրանները տեղադրել էին և տղաներին հաց էին բաժանել: Մենք նույնպես ստացանաք մեր բաժին հացը: Մեր ղեկավար ինժեներն ինձ նշանակեց վրանների մաքրող պահակ և իրեն ծառա: Այսպիսով ես ծանր աշխատանքից ազատվեցի:

                                                                                                          Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

Advertisements