ԱՅՍՕՐ ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԵՎ ՍԲ. ԱԹԱՆԱԳԻՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է


Սբ. Հովհաննես Մկրտչի եւ Աթանագինես եպիսկոպոսի նշխարների Հայաստան փոխադրման հիշատակության օրն է: Աթանագինեսն Սբ. Գրիգոր Լուսավորչի կնոջ` Մարիամի եղբայրն էր, Պիտաքտոնի եպիսկոպոսը, որը հերոսաբար նահատակվել էր` պաշտպանելով իր հավատը: Սբ. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրությունից հետո իր հետ Հայաստան է բերում Սբ. Հովհաննես Մկրտչի և Սբ. Աթանագինես եպիսկոպոսի նշխարները, որոնք ամփոփում է Աշտիշատում` Իննակնյա կոչվող վայրում, այնուհետև վկայարաններ կառուցում դրանց վրա՝ պատվիրելով, որ ամեն տարի հավաքվեն այդտեղ՝ սուրբերի հիշատակը տոնելու համար:

Աշտիշատից Վաղարշապատ ուղևորվելիս Սբ. Գրիգոր Լուսավորիչը կանգ է առնում Բագավանում, ուր իրեն դիմավորում է Տրդատ թագավորը՝ իր արքունիքով: Սբ. Գրիգոր Լուսավորիչն այստեղ ևս ամփոփում է Սբ. Հովհաննես Մկրտչի և Սբ. Աթանագինեսի մասունքների մնացյալ մասը և դրանց վրա վկայարան կառուցում ու Սբ. Սեղան հիմնում, Սբ. Պատարագ մատուցում և պատվիրում, որ ամեն տարի Ամանորի աստծու` Հյուրընկալ Վանատուրի տոնի փոխարեն Սբ. Հովհաննես Մկրտչի և Սբ. Աթանագինեսի հիշատակները տոնեն:

Advertisements