Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

Ճանապարհաշինարարություն

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Մեր աշխատանքի վայրը գտնվում էր Ֆոնճլարից 2 կմ դեպի Մալաթիա՝ վերանորոգումը կիսատ մնացած ճամփի մի հատվածին: Հաջորդ օրվանից աշխատանքն սկսեց: Մեկը քար էր ջարդում, ուրիշները հող էին փորում, իսկ ջարդված քարը և փորված հողը պատգարակով տանում ու ճամփի վրա էին լցնում:

Այսպես անցավ 15-20 օր և այդ ժամանակվա միջոցին եկավ-անցավ սեբաստացիներից բաղկացած մի քարավան, որոնց մեջ էին Դանիել քեռուս աղջիկները՝ Աղավնին և Սաթենիկը, ովքեր մեզ տվեցին մի վերմակ: Նրանց մեջ էր նաև Սեբաստաիայի Արամյան դպրոցի ուսուցիչ և «Եղեռնապատումի» հեղինակ Գափիկյան Կարապետը: Տղաներս հավաքվեցինք նրա շուրջը և պատմեցինք մեր ոդիսականը: Հետաքրքրվեց ու հարցրեց, թե ովքեր են մեր  ծնողները: Հորս չճանաչեց, ասացի, որ մայրս՝ Զալլախթյան է, և իր հուշերում նշում է, որ հանդիպել է Զալլախենց Հովհաննեսին՝ փոխանակ Ալեքսանդրյանին: Մեր մեջ էր նաև Գափիկյանի եղբոր որդին՝ Զարեհ Գափիկյանը, որ այժմ Ամերիկայում է, Սեբաստիայի վերաշինած միության նախագահը:

Եղբայրս ծանր աշխատանքին չէր դիմանում. սկսել էր հյուծվել, առանց դրան էլ, առողջ չէր, մանավանդ, որ լավ չէր սնվում: Մտածում էի, ինչ կլինի, քանի որ դեռ Ֆոնճլարումն էին, ուստի այսպես մտածում էի՝ արդյոք լավ չի լինի, եթե եղբայրս մերոնց միանար, թե´ այս ծանր աշխատանքից կազատվեր, թե´ մերոնց ունեցած բեռների մի մասը ինքը կտաներ և մերոնց կօգներ:

 Հաշվի առնելով  այդ բոլորը՝ մի օր աշխատանքից հետո նստած ճաշում էինք, սկսեցի այդ մասին խոսել, որ օրըստօրե հյուծվում ու տկարանում ես: Արդյոք լավ չի լինի, որ մերոնց միանաս, կարծես իմ այս խոսքերին սպասում էր, հանձնարարեց ինձ գնալ ինժեներից թույլտվություն վերցնել: Մեր տղաներից  3-4 տղա նույնպես ցանկություն հայտնեցին իրենց ծնողներին միանալ: Գնացի ինժեների մոտ ու խնդրեցի, որ մի քանի հիվանդ տղաներին թույլ տա, որպեսզի  գնան և իրենց ծնողներին միանան: Ինժեներն այդ տղաներին կանչեց իր մոտ և խորհուրդ տվեց, որ ճիշտ չեն անում, քանի որ դա իրենց համար ավելի վատ հետևանաքներ կարող է ունենալ, իսկ այստեղ մինչև ճամփի նորոգումը վերջանալը դեռ 15-20 օր կտևի: Այսպիսի պայմաններում 1 օրն նույնիսկ մեծ նշանակություն ունի, բայց տղաները չէին համոզվում և անընդհատ խնդրում էին, որ իրենց թույլ տա, որպեսզի ծնողներին միանան: Ինժեները ջղայնացավ և կանչեց ժանդարմներից մեկին, մի երկտող գրեց, տվեց նրան և պատվիրեց, որ այդ տղաներին տանի Ֆոնճլար, հանձնի ոստիկանությանը՝ երկտողի հետ միասին:

Տղաների հետ ես էլ գնում էի՝ եղբորս ճամփելու: Կասկածում էի, որ ինժեների տված երկտողի բովանդակությունը տղաների համար նպաստավոր չի լինի, ուստի ժանդարմից  խնդրեցի երկտողը տա, որպեսզի կարդամ: Չեր ուզում տալ, բայց դրամ խոստանալով՝ ձեռքից վերցրի և ինչ կարդամ. «Այս տղաներին այս գիշեր հանգստացրեք»:

 Ինձ համար պարզ էր, թե ինչ է ուզում ասել՝ հանգստացրեք ասելով: Առանց տատանվելու՝ ես այդ երկտողը պատռեցի, իսկ ժանդարմը կատաղեց: Ես նրան ասացի, որ հանդարտվի: Տղաներից 10 ղրշ. վերցրի, տվի ժանդարմին և ասացի, որ դու ոչինչ չես կորցնի, ա´ռ այս դրամը, գնա´ Ֆոնճլար: Այդ դրամի մի մասով փորդ կշտացրու, հետո վերադարձիր ինժեներին զեկուցիր, որ հրամանը կատարված է, իսկ տղաներին կթողնես, որ գնան իրենց ծնողների մոտ: Ժանդարմը համաձայնեց, ուրիշ ելք չուներ՝ պատասխանատվությունից ազատվելու:

 Տղաներն առաջ անցան և արագ քայլերով գնացին իրենց ծնողների մոտ, իսկ ես վերադարձա ծնողներիս մոտ:

Մնացել էի մենակ բաժանված եղբորիցս, բայց ծնողներիս մոտիկ վայրում լինելն ինձ հույս էր ներշնչում: Այն, որ երբ ցանկանամ, կարող եմ գնալ տեսության:

Մեր տղաներից Սահաթջյան Կարապետը, որ կլիներ 18 տարեկան, մտերմացել էր ինժեների հետ: Հաճախ էր գնում Ֆոնճլար՝ առևտուր անելու՝ ինժեների հաշվին: Վերև նշված դեպքերից մի քանի օր հետո մի առավոտ Կարապետը Ֆոնճլարից վերադարձավ և եկավ ինձ մոտ ու ասաց. «Ա´չքդ լույս, պարգև պետք է տա´ս, լավ լուր բերել եմ. կաթոլիկներին ներում է շնորհվել և աքսորի ճամփին եղած կաթոլիկներին հետ են վերադարձնելու»:

 Այդ բոլորն այնքան զարդարված ձևով նկարագրեց, որ ունեցած դրամս պարգև տվի իրեն, անմիջապես դիմեցի ինժեներին, թույլտվություն վերցրի և գնացի Ֆոնճլար:

Գնացի Ֆոնճլար ծնողներիս մոտ, հարցրի, որ աստիճանի իրականություն է կաթոլիկների ներման լուրը: Պարզվեց, որ ոչ ճիշտ լուրեր են, նույնիսկ, եթե ճիշտ էր լինել, ում պետք է հասկացնել կամ պահանջել այդ հրամանի կատարումը: Թուրքիայի  նման հետամնաց, բարբարոս պետության նույնքան բարբարոս պաշտոնյաներից կամ վայրագ խաժամուժից, որոնք ո´չ արյունից, ո´չ էլ կողոպուտից կկշտանան: Հայրս, երբ լսեց, որ ունեցած դրամս նվեր եմ տվել, սաստիկ բարկացավ,  որովհետև ինքն էլ դրամ չուներ, որ ինձ տար:

Մայրս ճաշ էր պատրաստել, որ կոչվում էր բլղուրով հավկիթե շորվա: Վերջին անգամ լինելով՝ կերա տարաբախտ մայրիկիս պատրաստած ճաշը: Առանց կանոնավոր հրաժեշտի՝ առհավետ բաժանվեցի ծնողներիցս, քրոջիցս և եղբորիցս: Վերադարձա ընկերներիս մոտ և դիմեցի ինժեներին, որ Կարապետին որպես պարգև տված 20 ղրշ. դրամը վերցնի և տա ինձ: Կանչեց, կարգադրեց, որ ինձանից վերցրած դրամն անմիջապես վերադարձնի: Այդպիսով հարցը լուծվեց, բայց ես չեմ հանգստանում, քանի որ ուզում եմ, որ մի կերպ մերոնց իմացնել տամ, որ դրամս հետ եմ վերցրել, որ նրանք էլ չհանգստանան:

Այդ օրը չհաջողվեց լուր ուղարկել, որոշեցի հաջորդ օրը գնալ ու հայտնել:  Հաջորդ օրը՝ առավոտյան, մեր տղաներից մեկը լուր բերեց, որ մերոնք գնացել են: Խեղճ, թշվառ մայրս իր վերջին կարոտալի բարևն էր ուղարկել. բարի´ ճանապարհ, թշվա´ռ մայրիկս: Ավա՜ղ, հետագայում քեզ պատահելու է ավելի զարհուրելի վախճան:

                                                                                                          Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

Advertisements