Վայոց Ձորի թեմ

Հակոբ Պարոնյան (1843-1891)

Advertisements

Հակոբ Պարոնյան (1843-1891)

Հակոբ Պարոնյանը ծնվել է 1843թ. Ադրիանապոլիս քաղաքում: Դեռ մանուկ հասակից զրկվել է հորից, մեծացել և սովորել է մոր հոգատարությամբ։ Պարոնյանի մանկության մասին քիչ տվյալներ կան։ Նրա՝ մանկական հասակում ստացած տպավորությունների մասին մեզ հասել են Պարոնյանի ինքնակենսագրական բնույթի ակնարկներից։

Հակոբ Պարոնյանը նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Արշակունյաց վարժարանում, 1857 թ-ին ընդունվել է տեղի հունական դպրոցը, սակայն ուսումը կիսատ է թողել: Աշխատել է տարբեր հիմնարկներում, 1863 թ-ին գրական հետաքրքրությունների մղումով մեկնել է Կոստանդնուպոլիս, որտեղ ծանոթացել է Հարություն Սվաճյանի հետ, թղթակցել նրա խմբագրած «Մեղու» հանդեսին: 1868–70 թթ-ին աշխատել է Ադրիանապոլսում՝ եղբոր առևտրական գրասենյակում, այնուհետև վերադարձել է Կոստանդնուպոլիս, դասավանդել է նախ Մեզպուրյան վարժարանում, ապա՝ Սկյուտարի ճեմարանում:

1871 թ-ից Պարոնյանը «Եփրատ» թերթի խմբագիրն էր, երգիծապատումներ է տպագրել «Մեղու» հանդեսում, իսկ 1872 թ-ին ստանձնել է հանդեսի խմբագրապետի պաշտոնը: 1874–77 թթ-ին խմբագրել է «Թատրոն» («Մեղուն» շարունակել է հրատարակվել այդ անունով), 1884–88 թթ-ին՝ «Խիկար» հանդեսները, աշխատակցել «Լույս», «Փորձ», «Արձագանք», «Փարոս Հայաստանի» պարբերականներին, 1888 թ-ից դասավանդել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանում:

Պարոնյանը գրական գործունեությունն սկսել է թատերագրությամբ: Առաջին փորձը «Երկու տերով ծառա մը» (1865 թ.) կատակերգությունն էր, որին հաջորդել է «Ատամնաբույժն արևելյանը» (1868 թ.): Նրա ստեղծագործության ամենածավալուն բաժինը լրագրային երգիծանքն է: «Կսմիթներ» (1875–78 թթ.) և «Հոսհոսի ձեռատետրը» (1880 թ.) շարքերը երգիծական ինքնատիպ հանրագիտարան են, որտեղ արտացոլվել են ժամանակի ազգային և համաշխարհային կյանքի գրեթե բոլոր նշանակալի իրադարձությունները:

«Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» (1880 թ.) շարքն ընդգրկում է 34 ակնարկ՝ ըստ քաղաքի թաղամասերի: Երգիծաբանը սուր ծաղրով պատկերում է նրանց քաղքենիական սովորությունները, վատ հակումները, օտարացումը սեփական ժողովրդից: Համայնքների կյանքում ոչինչ կատարյալ չէ. յուրաքանչյուրն ինքնաբավ ու ներփակ մի աշխարհ է, որ կարծես չի գիտակցում ներքին կապը մյուս թաղերի հետ, որոնց միասնությունից միայն կարող է ձևավորվել ազգային կյանքը:

«Քաղաքավարության վնասները» (1886–87 թթ.) կենցաղային սյուժեների մի շարք է, որն ընդգրկում է 19 նովել՝ արտաքուստ՝ զավեշտական, սակայն իրականում՝ տխուր ու տագնապալի: Հերոսներն օտարամոլության ու խաբեության զոհեր են՝ անհատականությունից զուրկ և բռնադատված քաղաքավարության կեղծ օրենքներով: Կենցաղային պատկերների հետևում Պարոնյանի երգիծանքն իրականության քննադատությունից հասնում է փիլիսոփայական մեծ ընդհանրացումների: 

Պարոնյանի երգիծական հանճարի բարձրակետը «Ազգային ջոջեր» դիմանկարների շարքն է (1879–80 թթ.): Առաջաբանում հեղինակը գրում է, որ իր նպատակն ընթերցողներից ժպիտ կորզելը չէ, այլ «մեր ազգին մեջ գտնված երևելի անձերուն կենսագրություններն ընելով՝ անոնց թերություններն ցույց տալ այն անաչառությամբ, որ կենսագրե մը կը պահանջվի՝ առանց սակայն դուրս ելնելու հեգնաբանության սահմանեն»:

Հայ դրամատուրգիայի կատարյալ ստեղծագործություններից է «Պաղտասար աղբարը» (1886 թ.), որի առանցքային հարցը ընտանիքի բարոյականությունն է, սյուժեն՝ անհավատարիմ կնոջ և խաբված ամուսնու ընդհարումը: Կատակերգությունն առանձնանում է արծարծված խնդիրների կարևորությամբ, բախումների սրամիտ լուծումներով, խոսքի ու դրության ընդգծված կոմիզմով, համոզիչ ու կենդանի կերպարներով (Անույշ, Կիպար, փաստաբան Օգսեն, սպասուհի Սալոմե և ուրիշներ), որոնք, կեղծիքի ու բանսարկության որոգայթի մեջ առնելով Պաղտասարին, փորձում են կոծկել ճշմարտությունը:

Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը (1887 թ.) հայ գեղարվեստական արձակի դասական երկերից է: Դեպքերի հանգուցակետում Աբիսողոմ աղան է՝ ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Կոստանդնուպոլիս եկած մի մեծահարուստ, որը զուրկ է հոգեկան ու մտավոր հետաքրքրություններից, անտարբեր՝ ազգի և մարդկության ճակատագրի հանդեպ. նրան հետաքրքրում են միայն իր կենսաբանական պետքերը: Եվ այս սահմանափակ անձնավորությանը սպասարկելու են գալիս «մեծապատիվ մուրացկանները»՝ կյանքի սոցիալ-հասարակական պայմանների բերումով իրենց անհատականությունը կորցրած ու հոգեպես սնանկ, գումար վաստակելու համար ամեն ինչի ընդունակ հայ «մտավորականության» ներկայացուցիչները՝ թերթի խմբագիրը, քահանան, բանաստեղծը, լուսանկարիչը, բժիշկը, ուսուցիչը, փաստաբանը, դերասանը: Վեպի առերևույթ կենցաղային երգիծանքը հասարակական շատ ավելի ընդգրկուն խնդիրներ է արծարծում, հանձինս Աբիսողոմ աղայի և մյուս հերոսների՝ Պարոնյանը ներկայացնում է իրականության համապատկերը՝ մասնավոր անձերի ճակատագրում վեր հանելով հայության հիվանդագին կացությունը Թուրքիայի տիրապետության տակ:

Պարոնյանի գործերն այսօր էլ արդիական են. մեծ մասը ներառված է ազգային թատրոնի խաղացանկում: «Պաղտասար աղբարը» բեմադրվել է Մոսկվայում և ԽՍՀՄ այլ քաղաքներում: Պարոնյանի  գործերի հիման վրա նկարահանվել են «Մսյո Ժակը և ուրիշները» (1964 թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976 թ.), «Ատամնաբույժն արևելյան» (1981 թ., երեքն էլ՝ Հայֆիլմ) կինոնկարները:

Երևանում և ՀՀ այլ քաղաքներում Պարոնյանի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ, Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը:

 

Նյութը պատրաստեց թեմի լրատվության
բաժնի պատասխանատու Սիրան Սարգսյանը

 

Advertisements