ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ


Քանի սիրտս տրոփում է, ու մթամած հոգիս

Կապանքները փշրած դուրս է թռչում ու թևածում,

Քանի կյանքս զրնգում է, ու անձն իմ բազմամեղ

Իր ավիշով ու արյունով աղբյուրանում,

Այնքան սերը խնկավառվում, ահագնանում է իմ մեջ`

Ալիքվելով կամարներիդ սրբազան,

Էջմիածի՜ն, Սուրբ Էջմիածի՜ն…

Հառնում եմ ես էությունից քո անհատակ,

Սուրբ Միածին,

Շնչում եմ ես ներկայությունը քո սրբասուրբ

Ու հավատիդ օթևանում խորախորհուրդ

Մաքրագործվում, պարուրվում եմ անմեռ հույսով:

Ջերմ հպումից աննյութական ու հրափայլ քո ձեռքերի

Կանթեղվում է առկայծ հոգիս ու տարրանում

Քո պատգամով նշխար դարձած պատերի մեջ:

Եվ դու հանկարծ լուսաճաճանչ, աստվածային,

Ու կենսահորդ այս հայտնությամբ ճառագում ես,

Ու փայլում ես սիրուց նրանց,

Որ գալիս է միշտ դեպ քեզ,

Էջմիածի՜ն, Սուրբ Էջմիածի՜ն…

Դու երկնքի ծիլն ես լուսե,

Որ ծաղկում ես սուրբ արյունից,

Սրբարանն ես անմահանում նախնիներիս,

Սուրբ աղոթքի տունն ես նրանց մշտականգուն,

Արմատներդ, որ զորացան Աստվածաէջ,

Աստվածահաճ մեծ հայտնությամբ,

Ամուր են միշտ ու անսասան:

Մեղապարտիս ու թշվառիս աղոթքները թող զարդարեն

Հավերժական պատերը քո,

Դու սուրբ օրրան հավատաբուխ հոգիների,

Էջմիածի՜ն, Սուրբ Էջմիածի՜ն…

(Տ. Զարեհ վրդ. Կաբաղյան, Ոտնաձայներ Տիեզերքում,

Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, 2004թ.)

 

Advertisements