Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

Ծնողներիս, քրոջս ու եղբորս եղերական վախճանը

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Մեր ընտանիքի այդ 4 անդամները սոսկալի,  ողբալի և  սրտաճմլիկ ողբերգական վախճան են ունեցել: Այդ մասին ինձ պատմեցին աքսորը վերապրած ու վերադարձած Դանիել քեռուս աղջիկները՝ Աղավնին ու Սաթենիկը:

Մերոնք, երբ հասնում են Քոնջլարից երևացող սարի գագաթը, այնտեղ նեղ կիրճից անցնելիս քուրդերը հորս ու եղբորս բաժանում են քարավանից, ինչպես նաև քարավանում ողջ մնացած այն տղամարդկանց, որոնք կանացի հագուստով քողարկված չեն լինում: Նրանց տանում են քիչ հեռու գտնվող անդունդի մոտերքը, որը չի երևում քարավանի կայանից, հրամայում են մերկանալ ու առաջ շարժվել դեպի անդունդը: Անդունդի եզրին կանգնած են լինում կացինով զինված 2 քուրդ: Հայրս ու եղբայրս նույնպես մերկանում են. հայրս եղբորիցս առաջ է անցնում, երևի չի ուզում որդու սպանվելը տեսնել: Հորս կացինով խփում ու գցում են անդունդը, իսկ եղբորս փրկում է պատահականությունը. քուրդերից մեկը վերցրած է լինում սամսոնցի մի աղջիկ, երևի եղբորս ծանոթ է լինում և իր հովանավորից խնդրում է, որ եղբորս ազատ թողնեն: Շնորհիվ այդ աղջկա՝ եղբորս ազատ են թողնում: Վերջինս, սարսափահար, կիսախելագարված, գնում է մորս ու քրոջս մոտ: Կատարվում է ահավոր եղեռնը. խեղճ, թշվառ մայրս բաժանվում է երեք երեխաներից: Գազանաբար սպանված ամուսինը, կիսախելագարված, ահավոր սպանդից հրաշքով ազատված տղան ողբում են տառապանքի ընկերակիցների և իրենց հարազատների կորուստը: Բայց, ավա՜ղ,  առջևում դեռ ավելի ահավոր էր սպասում բազմաչարչար մորս, քրոջս, եղբորս ու իրենց թշվառ ուղեկիցներին:

Այդ հրեշատիպ, քուրդ կոչվածների շրջանից անցնող քարավաններից այնքան ծեր տղամարդկանց, պատանիների են անդունդը գցել, որ հետագայում նրանք, որոնք համարձակվել են չմերկանալ և կացինի հարվածը չստանալ, իրենց գցել են անդունդը և ընկել են դիակների վրա ու ողջ են մնացել: Այդպիսի դեպք ինձ պատմել է սեբաստացի Չուքասզյան Պարգևը:

Ինքը Պարգևը և իր ընկերը տեսնում են, որ մերկացողին կացինով խփում ու գցում են անդունդը: Որոշում են չմերկացած, վազելով գնալ և նետվել անդունդը ու այդպես էլ անում են: Երբ ընկնում են, անդունդի հատակում կուտակված տասնյակ հազարավոր դիակների վրա, չեն վնասվում, վեր են կենում և սկսում են փախչել: Վերևից քրդերը հրացաններից կրակում են, բայց չեն կարողանում խփել:

Կարելի՞ է արդյոք քուրդ կոչեցյալ հրեշներին մարդ անվանել: Հրեշ, բորենի, վայրագ… ուրիշ-ուրիշ ասացեք, խնդրեմ, ի՞նչ անուն տալ մարդանման այն հրեշին, որ կյանքում ո´չ տեսած, ո՛չ մի հարաբերություն չունեցած, տասնյակ հազարավոր անմեղ ծերունիներին, պատանիներին վայրագորեն  կացինաթողին, որ այդ աննախնդաց եղեռնագործությունը կատարում է՝ հագին եղած ցնցոտիների համար: Արդյոք դրանք մարդ կամ ժողովուրդ կոչվելու արժանի են: Մարդկությունն իրեն վիրավորված պետք է զգա, որ այդպիսի ճիվաղներ պատկանում են մարդկային ցեղին:

Ավա՜ղ, այդ գազանատիպ հրեշները, երիցս հրեշ իրենց եղեռնագործության գործելու առիթ տվող Թալեաթ, էնվերների և իրենց նզովյալ ցեղին: Քաղաքակիրթ կոչված մեծ պետությունների ղեկավարների կողմից պաշտպանվել և իրենց կատարած աննախընթաց  եղեռնագործությունների համար երբևէ ոչ հրապարակավ, այլ գործնականորեն շնորհակալ են եղել: Վերցրել են իրենց հովանավորության տակ և թույլ են տալիս Թալեաթ, Էնվեր ճիվաղների կատարած ցեղասպանությունը, որպեսզի ժխտեն և ամոթաբար ի լուր աշխարհի հայտարարեն, որ եղեռն, ցեղասպանություն տեղի չի ունեցել: Հակառակ նրան, որ ներկայիս նաև նույն վայրագությունները շարունակում են կրկնել երբեմն բացահայտ, երբեմն քողարկված: Օրինակ՝ Կիպրոսի դեպքերի ժամանակ Կիպրոսում և Պոլսում կատարված հույների, հայերի ջարդն ու թալանը:

Մարդու իրավունքները պաշտպանող ԱՄՆ-ի ղեկավարները, տարված ջարդերի, բռնությունների մասին ոչ մի խոսք չեն ասում, զգուշացնում են, որ իրենց սիրեցյալ թուրքի խաթրին չկպնեն: Նույնը՝ Սովետական Միությունը:

Թողնում եմ վերլուծությունները և շարունակեմ պատմությունս: Հաջորդ օրը թողնում են այդ ահավոր եղեռնավայրը և շարունակում իրենց համար նախատեսված անվերջանալի ճամփան: Մի քանի օրից հետո մորս ունեցած դրամը վերջանում է և  մնում են ապրուստի միջոցներից զուրկ: Բարեբախտաբար, Հարություն մորեղբորս կինը՝ Նոյեմզարը, իր մոտ ունենում է բավականին ոսկեդրամ: Այդ բարի կինը օգնում է մերոնց: Այդպիսի դրությամբ հասնում են Թագգա կոչված քաղաքի մերձակայքը՝ Եփրատ գետի ափին: Այդ վայրը նույնպես, ինչպես Ֆոնճլարը, եղել է տարագրյալների ճանապարհների հանգույց: Ֆոնճլարի նման դժոխային պայմաններով, հարյուր հազարավոր կանանց, ծերերի, պատանիների անշիրիմ գերեզմանը, որոնց մեծամասնությունը կուլ է տվել Եփրատ գետը: Այդտեղից եղբայրս՝ Կարոն, հրաժարվում է առաջ գնալ և պառկում է գետեզերքի ավազուտի վրա ու խեղճ մորս թախանձանքներին պատասխանում, որ պիտի մեռնեմ, ավելի լավ է այստեղ մեռնեմ, էլ ուր գնամ տանջվելու, իսկ մայրս ու քույրս, որ կապված են լինում մորեղբորս կնոջը, նրա ցույց տված օգնության պատճառով, ստիպված թողնում են եղբորս այդտեղ անտեր, անտիրական, կիսախելագար, հիվանդ վիճակում և ճամփան շարունակում:  Մի քանի օր գնալուց հետո վշտից,  կսկիծից, անբավարար սննդից խեղճ մայրս սկսում է տկարանալ ու դժվարությամբ ճամփան շարունակել: Այսպիսի պայմաններով խեղճ քրոջս՝ Մարոյի օգնությամբ մի քանի օր ևս գնալուց հետո լրիվ հյուծվում է և այլևս չի կարողանում քայլել: Քույրս շատ է աշխատում, որպեսզի նրան մի կերպ  տանի, բայց ուժը չի հերիքում, ճարահատ քարավանից հետ չմնալու համար մորս թողնում է ճամփին, արևի տակ՝ անսնունդ, ծարավ, անպաշտպան, անկարող շարժվելու: Երևի,  այդտեղ էլ տանջամահ է լինում:

Թշվա՜ռ մայր, դու էլ ընկար տառապանքից, կսկիծից, տանջանքներից ուժասպառ: Ի՜նչ աներևակայելի  տանջանքներ կրեցիր մինչև վերջին շունչդ, հանգիստ ոսկորներիդ: Թող ամեն մի հայի սրտում, հավերժ անմար մնա քո և քո նման հարյուր հազարավոր նահատակ կանանց հիշատակը, ովքեր քեզ նման ընկել են աննախընթաց տառապանքների ու թշվառության ճամփին:

Իսկ անբախտ Մարոն՝ պաշտելի քույրիկս, զրկված ծնողներից, եղբայրներից, քույրերից ու սիրեցյալ փեսացուից, անասելի ցավն ու կսկիծը սրտում, ուրիշի օգնության կարոտ, դեռ իր մեջ ուժ է գտնում տառապանքի ճամփան շարունակելու, բայց նա նույնպես շատ հեռու չի կարողանում գնալ, հիվանդանում է ու մահանում՝ անմուրազ, անօգնական:

Այսպիսի եղերական մահով անհետացան խեղճ, թշվառ ծնողներս, քույրս ու եղբայրս: Միևնույն ճամփին ընկան նաև մեկուկես միլիոն մայրեր, հայրեր, քույրեր և եղբայրներ:

Այսքան չարիք, թէ մոռանան հայ որդիք, ողջ աշխարհը նոցա կարդա նախատինք (Ա. Ահարոնյան):

                                                                                                          Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

Advertisements