Վայոց Ձորի թեմ

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Advertisements

 

 

1գ. Տարբեր լեզուների ազդեցության ոլորտում գտնվելու հետևանքով առաջացած հնչյունական տարբերություններ:

 

Արևմտահայերենը, լինելով սփյուռքահայության հաղորդակցման լեզուն, արտացոլում է այն լեզուների իրակությունները, որոնց ազդեցության ոլորտում է գտնվում: Այդ արտահայտվում է ոչ միայն հնչյունական մակարդակում ի հայտ եկող երևույթներով, այլև ձևավո­րում է նաև տարբեր բառաձևեր: Ուշագրավ է այդ առիթով ակադ. Գ. Սևակի դիտողությունը: «Այսպես, մինչդեռ արտասահմանի հայերը ցեմենտ իմաստով գործածում են մերթ սըմեն ֆրանսիական ձևը, մերթ չեմենտո իտալական ձևը, պարտիզան իմաստով՝ մերթ բարդիզան, մերթ փարթիզան, նույնպես նաև՝ մերթ սենֆոնի, մերթ սեմֆոնի, մենք հետևելով ռուսերենի օրինակին՝ գործածում ենք ցեմենտ, պար­տիզան, սիմֆոնիա կայուն ձևերը» (Գ. Սևակ, Հայոց լեզվի դասընթաց, Եր., 1955, էջ 9):

Մի կողմ թողնելով հիշյալ երևույթը ծնող պատճառները՝ այնուամենայնիվ արձանագրենք, որ նման մոտեցումները արևմտահայերենում իրոք ունեն զգալի տարածում: Սովորաբար արևմտահայերենը ձգտում է հավատարիմ մնալ ֆրանսերեն ձևերին՝ նամանավանդ աշխատում է ճիշտ արտահայտել հնչյունական-արտասանական կողմը: Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն լատինական-ֆրանսիական ծագում ունեցող բառերին, այլ նաև ֆրանսերենի միջնորդավորմամբ այլ լեզուներից կատարվող փոխա­ռություններին: Ներքոհիշյալ օրինակներն ասվածի լավագույն ապա­ցույցն են (նախապես տրվում են արևելահայերեն ձևերը):

Ալկոհոլ-ալքոլ (ծագում է արաբ, al-kuhl ձևից, իմաստը՝ նուրբ փո­շի. արևմտահայերենը վերցրել է ֆրանսերենի (alcool), արևելահայե­րենը՝ ռուսերենի (aЛКОГОЛЬ) ձևը՝ համապատասխան հայացմամբ):

Ակացիա-աքասիա (այս դեպքում ևս ունենք ֆրանսերեն (aqacia) և ռուսերեն (акация) ձևերի հակադրություն:

Ավտո-օթո (հուն, autos արմատը հայերեն բաղադրություննե­րում գործածվում է հետևյալ իմաստներով. 1. Ինքն, իր, սեփական (ավտոռեֆերատ), 2. Ինքնակա, ինքնիրեն (ավտոմատացում), 3. Ավ­տոմոբիլ (ավտոմաս, ավտոկայան): Արևելահայերենը սովորաբար այս արմատը թարգմանում է ինքն հայերեն համարժեքով՝ ինքնագիր, ինքնահոս, ինքնավար և այլն, սակայն բազմաթիվ գիտատեխնիկական եզրերում պահպանում է ավտո ռուսական ձևը՝ ավտոբեռնիչ, ավտո­գեն, ավտոգնացք, ավտոդող, ավտոկլան և այլն: Արևմտահայերենը տալիս է նաև նման հաջոզ թարգմանությունների հավելյալ օրինակներ՝ ինքնաշարժ, ինքնաձիգ (զենք իմաստով), զուգահեռաբար գործածելով նաև ֆրանսերեն ձևը՝ օթոպիւս, օթոմաթիք, օթոմոպիլ և այլն:

Գիլյոտին-կիլյոթին (ծագում է ֆր. guillotine – գլխատման մեքե­նա բառից: Արևմտահայերենը վերցրել է բնագրի արտասանական ձևը, ռուսերենը՝ գրային, որը և անցել է արևելահայերենին) :

Գլիցերին-կլիսերին (ծագում է հուն, klikeros ՝ քաղցր բառից: Արևմտահայերենը փոխառությունը կատարել է ֆրանսերենի, արևելահայերենը՝ ռուսերենի միջնորդավորմամբ) :

Դրամա-տրամ (հուն, drama բառն է, որի ֆրանսերեն արտասա­նությունն էլ վերցրել է արևմտահայերենը՝ drame, դ-տ գրությունը կապվում է խուլ հնչյունների ձայնեղ արտասանության հետ: Արևելահայերենը վերցրել է ռուսական ձևը, որ նույնական է հունարեն գրության հետ):

Լաբորատորիա-լապօրաթուար (միջին լատիներեն laboratorium բառից): Laborare-աշխատել, որտեղից էլ արևմտահայերենը ստեղծել է բառի աշխատանոց հայերեն տարբերակը: Թե’ բառաձևերը և թե նրանց հնչյունական կազմը դարձյալ ցույց են տալիս, որ արևմտահայերենը գերադասում է ֆրանսիական ձևը, իսկ արևելահայերենը ՝ ռուսական:

Մեդալ-մետայլ (արևմտահայերենը պահում է ֆր. me’daille բնագրային արտասանությունը, արևելահայերենը ընդունում է ռու­սական ձևը, որ գալիս է գրությունից: Դ-ի փոխարեն տ-ի գրությունը կապվում է տեղաշարժ-տեղափոխության կանոնի հետ):

Սոուս-սոս նշանակում է կերակրի վրա լցվող հյութ, ջրային համե­մունք (արևմտահայերենը այս դեպքում ևս պահում է ֆրանսերենի (sauce) արտասանությունը, իսկ արևելահայերենը ՝ ռուսական ձևը, որ գալիս է գրությունից):

Տիպ – թիբ (հուն. tipos՝ ձև, նմուշ բառն է, որի ֆր. ձևը՝ tipe, որդեգրել է արևմտահայերենը՝ կատարելով համապատասխան հնչյու­նափոխություն. այս դեպքում ևս արևելահայերենը հավատարիմ է մնում ռուսական ձևին, ուր հունարենի -os մասնիկի անկումը սովո­րական է. հմմտ. Հոմերոս – Гомер, Սիզիփոս ֊ СиЗиф, Աքիլլես – Ахилл և այլն:

Տրուբադուր – թրուպատուր (ֆր. Troubadour – երգիչ-բանաս­տեղծ. արևմտահայերենը ֆրանսերեն արտասանությունը պահելու համար ընդունում է գրության վերոհիշյալ ձևը, արևելահայերենը՝ ռուսերենի ձևը):

Ւնչպես նկատում ենք, արևելահայերենը փոխառություններ կա­տարելիս հետևում է ռուսերենին, որի հետևանքով հաճախ աղճատվում է բառի բնագրային արտասանությունը, քանի որ ռուսերենի հնչյու­նական կազմը ոչ միշտ է ի զորու լրիվությամբ արտահայտելու տարբեր լեզուների հնչյունական համակարգերը։ Նման դեպքերում հայերենն օգտագործում է իր հնչյունական համակարգի լայն հնարավորու­թյունները՝ վերականգնելու համար բնագրային արտասանությունը։ Ւնչ խոսք, այնուամենայնիվ, իբրև գլխավոր սկզբունք մնում է ռուսերենի ձևերը նույնությամբ ընդունելը, որ հաճախ շատ է հեռանում բնագրից, հմմտ՝. ավիասիոն – ավիացիոն, Մաո-Ցզե-Դուն – Մաո-Ձե-Տունկ, բուֆետ – պյուֆէ…

Արևմտահայերենը կազմավորման առաջին շրջանից սկսած մինչև ձևավորման ավարտը գտնվել է ֆրանսերենի ազդեցության ոլորտում։ Նույն վիճակում էր նաև թուրքերենը, որն օգտվելով պետական լեզվի իր կարգավիճակից՝ իր հերթին յուրովի ազդում էր արևմտահայերենի (հիմնականում խոսակցական տարբերակի) վրա։ «Տաճիկ գրակա­նությունը այնքան ողորմելի էր, որ ամոթ էր համարվում նրանով զբաղվել,– գրում է Հր. Աճառյանը,- իսկ ֆրանսերենը ուսման կատարելագոլյն աստիճանն էր համարվում։ Բոլորը սիրում էին այդ լեզուն, կրթված մարդը ֆրանսերեն պիտի իմանար կարդալ ու քիչ թե շատ խոսել։ Ֆրանսիական հին ու նոր գրականության բոլոր ընտիր երկերը Պոլիս և գավառական կարևոր կենտրոններն են թափանցում, Պոլսում նույնիսկ ֆրանսերեն լրագիր էր հրատարակվում… Կազմվեցին մեծ ու փոքր ամեն տեսակ բառարաններ հայերենից ֆրանսերեն ու ֆրանսե­րենից հայերեն: Գիտական բոլոր տեսակի գրքերը կազմվում էին միշտ այս կամ այն ֆրանսիացի հեղինակի հետևողությամբ, եթե ո՜չ թարգ­մանությամբ։ Մի խոսքով հայ մտավոր, գրական ու գիտական կյանքր զգալի չափով գտնվում էր ֆրանսիական գրականության ազդեցու­թյան տակ» ( Հ.Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, մաս II, Եր., 1951, էջ 572)։

20-րդ դարը և մանավանդ նրա 2-րդ կեսը նշանավորվեց անգլե­րենի համաշխարհային լեզու դառնալու միտումներով, որով բնականա­բար հետին պլան էին մղվում այլ լեզուների (ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և այլն) նմանատիպ նկրտոււմները: Նույնիսկ այնպիսի մի երկրում, ինչպիսին Լիբանանն է, ուր ֆրանսերենը երկ­րորդ պետական լեզվի և միջազգային տնտեսական ու մշակութային հաղորդակցությունների ավանւլույթներ ուներ, վերջին տասնամյակ­ներում անգլերենը սկսում է գերիշխող դիրքեր գրավել։ Սա, ինչ խոսք, ունի բազում պատճառներ և, ամենից առաջ, կապվում է ԱՄՆ- ի քաղաքական, տնսեսական ու մշակութային գերիշխանության հետ ամբողջ աշխարհում։ Նմանատիպ ազդեցությունից զերծ չմնաց նաև արևմտահայերենը։ Այսօր վստահաբար կարելի է ասել, որ անգլերենը աստիճանաբար արևմտահայերենի նկատմամբ ձեռք է բերում նույն ազդեցությունը, ինչ ժամանակին ուներ ֆրանսերենը։ Փոխառու­թյուններ կատարելիս արևմտահայերենը, բացի մի բանի ֆրանսախոս գաղթօջախներից, այսօր առաջնորդվում է անգլերենի լեզվական առանձնահատկությունների հաշվառումով։ Այսպես, աշխարհահռչակ գիտնական Էյնշտեյնի ազգանունը տառադարձվում է անգլերենում ընդունված ձևով՝ Այնշթայն, գիդ – գայդ, լազեր (laser) – լեյզեր, Վա­լենտին – Վալանթայն, Տիտանիկ – Թայթանիկ, և այլն։

Ստորև բերում ենբ համանման բառերի շարք, որոնք երկու տար­բերակներում դրսևորում են ուղղագրական տարբերություններ՝ տար­բեր լեզուների ազդեցության ոլորտներում գտնվելու պատճառով։

Արթիստ (արտիստ), արշիվ (արխիվ), եզուիտ (ճիզվիտ), զեռօ (զրո), զինկ (ցինկ), էբոբէ (էպոպեա), թեորի (թեորիա), թեքնիք (տեխնիկա, տեխնիկական), ճելաթին (ժելատին), լաբիւրինթոս (լաբի­րինթոս), լեմոն (լիմոն, կիտրոն), լուպիա (լոբի), կանգուրու (կենգու­րու), կենդինար (ցենտներ), կերատ (կարատ), կիկլոն (ցիկլոն), կվարզ (կվարց), մաթեմատիկ (մաթեմատիկա, մաթեմատիկոս), մեթր, մեթրօ (մետր), միսթիք (միստիկ, միստիկական), միսիոնար (միսիոներ), միւսիլման (մուսուլման), մոմիա (մումիա), նարգէս (նարգիզ), շոքոլա (շոկոլադ), ուաթ (վատտ) պողովատ (պողպատ), պրիսմակ (պրիզմա), ռէօնտգէն (ռենտգեն), ռոմանթիզմ (ռոմանտիզմ), ռոմանթիք (ռո­մանտիկ), սանթիմեթր (սանտիմետր), սինիկ (ցինիկ), սթերլին(կ) (ստեռլինգ), սփոր (սպորտ), սօս (սոուս), տալեր (դոլլար), տռամ (դրամա), քէօֆթէ (քյուֆթա), քիլօկրամ (կիլոգրամ), քիլոմեթր (կի­լոմետր), քիւրտ (քուրդ), քոլերա (խոլերա), քումիս (կումիս), քոքոա (կակաո), քրեմ (կրեմ), օրանգութան (օրանգուտան), օրկ (օրգան, եր­գեհոն), ֆետայի (ֆիդայի), ֆրանք (ֆրանկ)։

Հայաստանի անկախացոլմից հետո, երբ անմիջական կապեր հաստատվեցին աշխարհի տարբեր երկրների հետ, արևելահայերենը մասամբ ձերբազատվեց ռուսերենի ազդեցության ոլորտում գտնվելու պարտադրանքից, ի հայտ եկան նոր լեզվական շփումներ և աղերսներ, որոնք չէին կարող իրենց հետքը չթողնել լեզվական ամենատարբեր դրսևորումերի վրա։

 

Շարունակելի

Նյութը պատրաստեց թեմի լրատվության
բաժնի պատասխանատու Սիրան Սարգսյանը

Նյութի աղբյուր՝ Ռ. Կ. Սաքապետոյան, Արևմտահայերենի 

դասագիրք, Եր., Երևանի համալս. հրատ., 2006թ:

Advertisements