Այսօր Սբ. Իսահակ և Հովսեփ իշխանների և Սարգիս և Բագոս վկաների հիշատակության օրն է


Այսօր Սբ. Իսահակ և Հովսեփ իշխանների և Սարգիս և Բագոս վկաների հիշատակության օրն էԻսահակը և Հովսեփը հագարացի իշխան Կայսի զավակներն էին: Կայսը Կարինում ամուսնացել էր քրիստոնյա հայ կնոջ հետ՝ արտոնելով նրան պահպանել քրիստոնեական հավատն ու նույն հավատով դաստիարակել զավակներին:

Սակայն, տարիներ անց հայտնի է դառնում իշխանազուն երկու եղբայրների քրիստոնյա լինելը եւ, իբրեւ իսլամ հոր զավակներ, նրանց ստիպում են նույն կրոնն ընդունել: Սակայն նույնիսկ հոր կեղծ ուրացության հորդորներին, եղբայրներն անդրդվելի են մնում իրենց հավատի մեջ եւ գլխատվում 808 թվականին:

Հռոմեացի ազնվականներ Սարգիսը և Բագոսը Բյուզանդական արքունիքի բարձրաստիճան պաշտոնյաներ էին, որոնք կռապաշտական մի արարողությանը մասնակցելուց հրաժարվելու պատճառով ենթարկվել են բազմաթիվ տանջանքների, սակայն հավատարիմ են մնացել քրիստոնեությանը:

Տանջանքներից Բագոսը մահացել է, իսկ Սարգիսը նետվել է բանտ եւ գլխատվել Հյուսիսային Սիրիայում 300 թվականին: Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին սրբերի օրը նշում է Հոգեգալստից հետո, երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը՝ նահատակների վարքով քրիստոնյա հավատացյալներին հորդորելով հավատարիմ մնալ քրիստոնեական կրոնին՝ ոչ միայն այս, այլեւ հանդերձյալ աշխարհում աստվածային պարգեւի արժանանալու համար:

Advertisements