ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


Հարազատներից բաժանվելուց հետո

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Բաժանման սկզբի օրերին բաժանումն ինձ վրա չէր ազդում. ինձ թվում էր, որ մերոնք այնտեղ Ֆոնճլարումն են, որ երբ գնամ, նրանց տեսնելու եմ, բայց քանի օրերն անցնում էին, ես ինձ զգում էի միայնակ, առանց հարազատների, անօգնական: Մտածում էի՝ ի՞նչ կլինի իմ դրությունը, երբ վերջանա, այն դրամը, որ ինձ մոտ մնացել էր:

Մի օր մեր վրաններից ոչ հեռու դաշտում ման գալիս նկատում եմ մի թարմ հողակույտ, որով հողը մի կողմ տալիս, անդուրեկան հոտ եմ առնում: Ձեռքիս գավազանը խրում եմ հողի մեջ և գավազանի ծայրը դիպչում է փափուկ մի բանի, իսկույն հասկանում եմ, թե դա ինչ կարող է լինել, գնում եմ տղաներին իմաց տալիս: Միասին գնում ենք հողը մի քիչ մի կողմ տալիս և դիակների ոտքերը բացվում են: Պարզվեց,  որ  մեզանից առաջ այլ ճամփի նորոգման վրա աշխատելիս են եղել հայ մեծահասակ տղամարդիկ: Դահիճները չեն համբերել, որ ճանապարհի աշխատանքները վերջանա: Մի մեծ խրամատ են փորել տվել ու բոլորին սպանել  և լցրել են փորված փոսերը, վրան էլ մի քիչ հող են լցրել: Մեզ համար պարզ դարձավ, որ մենք էլ ենթարկվելու ենք միևնույն ճակատագրին: Մահը պատել էր մեզ՝ լուռ, առանց մեկս մյուսի հետ խորհրդակցելու, խանգարելու, հողարկավորությունից վերադարձողների նման վերադարձանք վրաններ և տեսածներս պատմեցինք մեր ընկերներին:

  Հիվանդանում եմ

 

Այսպիսի հոգեկան ծանր պայմաններում կիզիչ արևի տակ մի  քանի օր ևս աշխատելուց հետո հիվանդացա, և ինձ փոխադրեցին հիվանդների համար հատկացված վրանը: Այդտեղ պառկած էր նաև Անդրեասյան Հարությունը: Խեղճի վիճակը շատ ծանր էր: Կրակների մեջ վառվում էր, ամբողջ օրը զառանցում ու մորն էր կանչում: Երեկոյան ընկերները մեծ սրբիչը սառը ջրի մեջ թրջեցին և ամբողջ մարմինը դժվարությամբ փաթաթեցին, որովհետև չէր ուզում: Քնե՞ց, թե՞ մեռավ. այլևս չէր տնքում: Առավոտյան տեսանք, որ մեռել էր: Հազիվ 16-17-ը գարուններ բոլորած մի երիտասարդ էր: Continue reading

Advertisements