Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

Հարազատներից բաժանվելուց հետո

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Բաժանման սկզբի օրերին բաժանումն ինձ վրա չէր ազդում. ինձ թվում էր, որ մերոնք այնտեղ Ֆոնճլարումն են, որ երբ գնամ, նրանց տեսնելու եմ, բայց քանի օրերն անցնում էին, ես ինձ զգում էի միայնակ, առանց հարազատների, անօգնական: Մտածում էի՝ ի՞նչ կլինի իմ դրությունը, երբ վերջանա, այն դրամը, որ ինձ մոտ մնացել էր:

Մի օր մեր վրաններից ոչ հեռու դաշտում ման գալիս նկատում եմ մի թարմ հողակույտ, որով հողը մի կողմ տալիս, անդուրեկան հոտ եմ առնում: Ձեռքիս գավազանը խրում եմ հողի մեջ և գավազանի ծայրը դիպչում է փափուկ մի բանի, իսկույն հասկանում եմ, թե դա ինչ կարող է լինել, գնում եմ տղաներին իմաց տալիս: Միասին գնում ենք հողը մի քիչ մի կողմ տալիս և դիակների ոտքերը բացվում են: Պարզվեց,  որ  մեզանից առաջ այլ ճամփի նորոգման վրա աշխատելիս են եղել հայ մեծահասակ տղամարդիկ: Դահիճները չեն համբերել, որ ճանապարհի աշխատանքները վերջանա: Մի մեծ խրամատ են փորել տվել ու բոլորին սպանել  և լցրել են փորված փոսերը, վրան էլ մի քիչ հող են լցրել: Մեզ համար պարզ դարձավ, որ մենք էլ ենթարկվելու ենք միևնույն ճակատագրին: Մահը պատել էր մեզ՝ լուռ, առանց մեկս մյուսի հետ խորհրդակցելու, խանգարելու, հողարկավորությունից վերադարձողների նման վերադարձանք վրաններ և տեսածներս պատմեցինք մեր ընկերներին:

  Հիվանդանում եմ

 

Այսպիսի հոգեկան ծանր պայմաններում կիզիչ արևի տակ մի  քանի օր ևս աշխատելուց հետո հիվանդացա, և ինձ փոխադրեցին հիվանդների համար հատկացված վրանը: Այդտեղ պառկած էր նաև Անդրեասյան Հարությունը: Խեղճի վիճակը շատ ծանր էր: Կրակների մեջ վառվում էր, ամբողջ օրը զառանցում ու մորն էր կանչում: Երեկոյան ընկերները մեծ սրբիչը սառը ջրի մեջ թրջեցին և ամբողջ մարմինը դժվարությամբ փաթաթեցին, որովհետև չէր ուզում: Քնե՞ց, թե՞ մեռավ. այլևս չէր տնքում: Առավոտյան տեսանք, որ մեռել էր: Հազիվ 16-17-ը գարուններ բոլորած մի երիտասարդ էր:

 Երբ իմ դրությունն ավելի վատացավ ու չկարողացա թաղմանը մասնակցել: Նույն գիշերը երազումս տեսնում եմ հորս ու եղբորս, ովքեր փոքրացած թզուկների են նման: Ջերմությունս բարձրանում է և չեմ հիշում, թե քանի օր այդպես պառկած եմ մնացել: Երբ ուշքի եկա, տեսա հողդարցի Դավիթին, որն իր հիվանդ ընկերոջը բրնձով ապուր էր տալիս: Խնդրեցի, որ մի պնակ էլ ինձ տա: Նա տվեց և այդ ապուրը ուտելուց հետո ես ինձ լավ զգացի ու առավոտյան վեր կացա, գնացի մոտակա առվակը, սառը ջրով լվացվեցի: Ես ինձ ավելի լավ զգացի և ուտել եմ ուզում, բայց ինչ ուտել, բացի հացից, ուտելու ուրիշ բան չունեմ. դա էլ ոչ բավարար: Եղբորիցս բաժանվելուց հետո ընկերացա Գարեգին անունով համեստ մի տղի հետ: Նրա հայրն ու իմ հայրը շուկայի դրացիներ էին, որի շնորհիվ իրար հետ ծանոթացել էինք: Գարեգինը այդ իմ նեղ օրերին ինձ շատ է օգնել: Հիվանդ ժամանակ էր, որ ինձ խնամում էր և իր հնարավորության սահմաններում գյուղացիներից գնում էր հաց, պանիր, միրգ և դրանցով ինձ սնում էր, որի շնորհիվ սկսել էի կազդուրվել:

                                                                                                          Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

Advertisements