Թլկատինցի (Հովհաննես Հարությունյան, 1860-1915թթ.)


Թլկատինցի (Հովհաննես Հարությունյան, 1860, գ. Թլկատին (Խարբերդի նահանգ) – 1915թ., հունիսի 20, Մեծ եղեռնի զոհ), հայ արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, մանկավարժ, հասարակական գործիչ:

Թլկատինցի (Հովհաննես Հարությունյան, 1860-1915թթ.)

Թլկատինցի (Հովհաննես Հարությունյան, 1860-1915թթ.)

Մանկությունից զրկվել է ծնողներից և մեծացել տնտեսական ծանր պայմաններում: Ավարտել է Խարբերդի Սմբատյան վարժարանը, որտեղ սովորել է գրաբար, քերականություն, աշխարհագրություն և թվաբանություն: Տարրական այս դպրոցն ավարտելուց հետո ուղարկվել է Չնգուշ գյուղը` ուսուցչի պաշտոնով: 1884 -ին նշանակվել է Սմբատյան վարժարանի ուսուցիչ: Այնուհետև նույն պաշտոնով աշխատել է Խարբերդի Ս. Հակոբ թաղամասի Կեդրոնական վարժարանում: Հիմնել է Խարբերդի Ազգային կեդրոնական վարժարանը (1887) և մինչև կյանքի վերջը եղել տնօրեն: Սպանվել է 1915-ի հունիսի 20-ին իր ծննդավայրի մոտ, մի ձորում:

Գրական ասպարեզ է մտել 1893-ին, Ափիար Արփիարյանի «Հայրենիք» օրաթերթում հրատարակելով գյուղական կյանքից վերցրած իր առաջին պատկերները, որոնք մեծ հետաքրքրություն են ստեղծել նրա նկատմամբ:Աշխատակցել է «Մասիս», «Արևելյան մամուլ», «Բյուրակն» և այլ պարբերականների: 1894-1896 -ի հայկական կոտորածներից հետո Թլկատինցին պատկերել է արևմտահայ գյուղացու ողբերգական վիճակը, անօգնական մարդկանց, լքված կանանց, որբ երեխաներին («Գլուխդ ջուր դիր», 1896, «Վերջին տեղը», 1900, «Ճախրակին առաջքը», 1900): Թլկատինցու պատմվածքներում կենցաղային թեմաներն ու նկարագրություններն զուգորդվում են կերպարների հոգեբանական բնորոշմամբ («Հին հաւատքս», 1895, «Այգիիս փշենին», 1898 և այլն), մերկացվում են գյուղական միջավայրի բացասական երևույթները («Բամբակ բերան», 1907, «Ճնճղուկներուն դատաստանը», 1908):

Գրել է նաև պիեսներ («Էնդի դէմէն», 1902, «Զալըմ տղան», 1904, «Ճամփորդն ու ճամփեցողները», 1905, «Կտակը», 1911): 

Բանաստեղծությունների մեջ իշխողը անձնական ապրումներն են («Իմ բախտս», «Մի հայիր», «Բերանովդ ըսեիր», «Հողը»): «Ախ, Աստվա՜ծ, Աստվա՜ծ», «Դեպի արևը» գործերում անդրադարձել է արևմտահայ գյուղի անցյալին:

Նա իր երկերը առանձին հատորով տպագրված չի տեսել: Մահից տարիներ անց աշակերտները, ԱՄՆ-ում հանգանակություն կազմակերպելով, հրատարակել են իրենց ուսուցչի բոլոր գործերը մի ստվար հատորում, որը լույս է տեսել Բոստոնում 1927-ին, Արշակ Չոպանյանի ընդարձակ առաջաբանով: Հատորի լրիվ վերնագիրն է. «Թլկատինցին և իր գործը-քրոնիկներ, նորավեպեր, գեղի նամակներ, քերթվածներ, թատերգություններ»:

Նյութը պատրաստեց թեմի լրատվության
բաժնի պատասխանատու Սիրան Սարգսյանը

Advertisements