Այսօր Ս. Եպիփան Կիպրացու, Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների հիշատակության օրն է


Այսօր Ս. Եպիփան Կիպրացու, Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների հիշատակության օրն էՍ. Եպիփան Կիպրացին (315-403թթ.) Ընդհանրական եկեղեցու նշանավոր վարդապետներից է: Նրա հիշատակը Հայ եկեղեցում նշվում է որպես տասներկու վարդապետներից մեկը: Սբ. Եպիփանը ծնվել է Պաղեստինում: Կյանքի ընթացքում հռչակվել է իր աղքատասիրությամբ, անապական կյանքով և բազմաթիվ գրվածքներով: Կյանքի ընթացքում պայքարել է տարբեր հերետիկոսությունների դեմ, Եգիպտոսում` ընդդեմ գնոստիկության, Հռոմում` ընդդեմ Որոգինեսի որոշ տեսությունների:

Մշտապես պաշտպանել է ուղղափառ դավանությունն ու Նիկիո հանգանակը: 367 թվականի եպիսկոպոսաց ժողովում ընտրվել է Կիպրոսի եպիսկոպոսապետ: Նա հարուստ մատենագիտական ժառանգություն է թողել: Հեղինակ է աստվածաշնչյան մեկնությունների, դավանաբանական երկերի, ճառերի, աղանդների հերքումների, որոնց մեծ մասը միջնադարում թարգմանվել է հայերեն:

Ըստ «Հայսմավուրք»-ի՝ Բաբելասը եղել է Անտիոքի հայրապետը (283-284թթ.), որն հռչակվել էր իր նվիրումով եւ սրբակեցությամբ: Նումերիանոս կայսրն Անտիոք այցի ժամանակ, կուռքերին զոհ մատուցելուց հետո ցանկանում է մտնել Աստծո եկեղեցի եւ պղծել այն: Սակայն Բաբելաս հայրապետը տաճարի դռների մոտ ընդառաջ գալով կայսրին, արգելում է նրա մուտքը տաճար:

Զայրացած կայսրը բանտ է նետում հայրապետին եւ չարչարանքների ենթարկելով՝ պարտադրում նրան զոհ մատուցել կուռքերին: Այս ընթացքում բանտ են այցելում հայրապետի երեք աշակերտները, որոնց կայսրը եւս բանտարկում է և չարչարանքների ենթարկում: Սակայն կայսեր ջանքերն ապարդյուն էին, քանզի չորսն էլ հավատարիմ էին միակ և ճշմարիտ Աստծուն: Ի վերջո, հայրապետն իր աշակերտների հետ միասին գլխատվում է և նահատակվում:

Advertisements