Ռուբեն Զարդարյան (1874-1915)


Ռուբեն Զարդարյան (1874, գյուղաքաղաք Սևավերակ (Սևերեկի գավառ) – 1915, Մեծ եղեռնի զոհ), հայ արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր, հրապարակախոս: Հրաչ Զարդարյանի հայրը:

Ռուբեն Զարդարյան (1874-1915)

Ռուբեն Զարդարյան (1874-1915)

Երկու տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Խարբերդ, որտեղ ստացել է կրթությունը, սովորել նախ ազգային վարժարանում, Ամերիկյան դպրոցում, ապա աշակերտել է Թլկատինցուն: 1892-1903-ին ուսուցիչ է եղել Մեզիրեի ազգային Կեդրոնական վարժարանում, ձերբակալվել քաղաքական գործունեության համար (1903-1904): 1905-1908-ին ապրել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, որտեղ խմբագրել է «Ռազմիկ» թերթը: 1908-ի երիտթուրքերի հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս, 1909-ին հիմնել «Ազատամարտ» օրաթերթը:

Գրական ասպարեզ է մտել 1890-ականների սկզբներից, Խարբերդից աշխատակցելով պոլսահայ թերթերին Ծաղիկ», «Մասիս», «Արևելյան մամուլ» և այլն): 1910ին լույս է տեսել Ռուբեն Զարդարյանի «Ցայգալոյս» (1912-ին` ֆրանսերեն, Փարիզում) գիրքը:

Անդրանիկ Օզանյան և Ռուբեն Զարդարյան

Անդրանիկ Օզանյան և Ռուբեն Զարդարյան

Գրել է չափածո և արձակ բանաստեղծություններ Մենաւոր ծառը», «Լեռան եղնիկին», «Բագինին փառաբանութիւնը» և այլն) նորավեպեր («Սեւ հաւը կանչեց», «Նահանջ», «Ապրելու համար», «Տան սէրը», «Սարերու տղան», «Զղջումը»), հեքիաթներ, լեգենդներ, գրականագիտական հոդվածներ:

Կազմել և հրատարակել է «Մեղրագետ» ընթերցարանը (6 գիրք):

Թարգմանել է Մաքսիմ Գորկու, Վ. Կորոլենկոյի, Էմիլ Վերհառնի, Պ. Շելլիի, Վիկտոր Հյուգոյի, Օսկար Ուայլդի, Անատոլ Ֆրանսի երկերից:

Քաղաքական եռանդուն գործիչը 1915թ. աղետալի ապրիլին ձերբակալվել է, ուղարկվել Այաշ, Կոնիա, Հալեպ, որտեղ և զոհվել է:

Օգտագործված գրականություն

 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 1, Ե., ՀՀՀ, էջ 388-399:

Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր 1, Ե., «Հայաստան», 1973, էջ 321:

Նյութը պատրաստեց թեմի լրատվության բաժնի
պատասխանատու Սիրան Սարգսյանը

Advertisements