ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

Ուրիշ ի՞նչ դեպքեր պատահեց մի ամիս տևող ժամանակաշրջանում

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Սկզբի օրերին սեբաստացիների 2 քարավաններից հետո, որոնց մասին արդեն նշել եմ նախորդ էջերից մեկում: Հաջորդը Մալաթիայի հայերի քարավանն էր, որը միայն կանանցից և հատուկենտ մինչև 13 տարեկան պատանիներից էր բաղկացած: 13 տարեկանից բարձր տարիքի տղամարդկանց արդեն անխտիր սպանած  են լինում: Մալաթիացի այդ խեղճ  կանայք ականատես են եղել կամ հարևան թուրքերից լսել են Մալաթիա քաղաքի կողքից անցնող քարավանների հետ պատահած  ահավոր եղեռնագործություններին և լավ պատկերացնում էին, թե իրենց ինչ զարհուրելի վախճան էր սպասում, ուստի լալով, ողբալով՝ գնում էին դեպի ահավոր վախճան:

Նրանց հաջորդեց Կարնո (Էրզրում) հայերի քարավանը, որի տղամարդիկ զինված էին հրացաններով: Եկան ու անցան՝ մեզ զարմանք պատճառելով:

Մալաթիայի փոխկուսակալ դատախազը, ոստիկանապետը գնում են Ֆոնճլար և կարինցիներին խոստանում են Մալաթիայում բնակարան և հարմարություն տալ և առաջարկում են իրենց հետ գնալ Մալաթիա: Յուրաքանչյուրին հատկացվելիք բնակարանը որոշելուց հետո ընտանիքներին փոխադրեն: Կարինցիները հավատում են այդ սուտ խոստումներին և ճանապարհվում, իհարկե, զինված: Երբ հասնում են Բեյբունար կոչված  ձորը, առաջարկում են իջնել ձոր, քիչ հանգստանալ և մի բան ուտել սառնորակ ջրի կողքին: Նախապես ձորը շրջապատող բլուրների լանջերին թաքցրած են լինում ժանդարմների խուժանի խմբերը: Երբ միամիտ նստած ճաշում են, խուժանը  հարձակվում է գոռում-գոչյունով: Հարձակումը կատարվում է այնքան անակնկալ, որ դիմադրել չեն կարողանում, քանի որ մինչև ուշքի են գալիս և փորձում են զենք վերցնել, մեկը մյուսի հետևից բոլորին էլ սպանում են:

Դրանից մի քանի օր հետո հայ տղամարդկանցից բաղկացած երկու-երկու շարքով մի շարասյուն՝ 3-4 հարյուր հոգի, գլուխներն կախած, հլու-հնազանդ 8-10 ժանդարմների հսկողությամբ տարան դեպի Խարբերդ և ով գիտի՝ որտեղ բոլորին կոտորեցին:

Մալաթիա

Վերև նշված դեպքերից հետո, երբ արդեն ճանապարհի նորոգումը վերջացել էր, մի առավոտ ինժեները տղաներին կարգադրեց հավաքվել իր վրանի առջև: Մեր միջից առանձնացրեց 15 տղա փոքրերից և թույլերից, որոնց թվում և ես: Ասաց, որ գնալու ենք Մալաթիա, այնտեղ մեզ կտան եզան սայլեր, որոնք հայերից էին բռնագրավել: Գերաններ կփոխադրենք, ինձ էլ հատկապես խորհուրդ տվեց, որ եթե իսկապես կաթոլիկներին ներում շնորհված է, ապա առիթից օգտվեմ:

 Մի ժանդարմի ուղեկցությամբ 15 տղաներով, շալակած մեր ունեցած իրերը, ուղևորվեցինք դեպի Մալաթիա, երբ հասանք քաղաքի ծայրամասը, որտեղ կար հայ աքսորականներից բռնագրավված եզան սայլեր, մեզ թույլ տվին մի ժամ հանգստանալ, հետո հրամայեցին սայլերը լծել: Իրար օգնելով՝ սայլերը լծեցինք ու շարժվեցինք քաղաքի միջով դեպի քաղաքի հարավային ծայրամասը: Ճիշտ քաղաքի մեջտեղում բնական պետքի սուր կարիք եմ զգում (հիվանդությունից հետո դեռ լուծ ունեի): Ես ինձ զսպում եմ, չորս կողմս նայում, մի զուգարան ճարելու,  բայց փողոցում որտեղից զուգարան, սոսկալի նեղվում. ճար չկար, կա՛մ վրաս պիտի կեղտոտեմ, կա՛մ փողոցի կողքով անցնող առվում՝ պետքի նստեմ: Այդ վերջին միջոցն էլ ընտրում եմ, հազիվ նստել էի, մեկ էլ մի շառաչյուն  ապտակ հասավ երեսիս, շշմեցի և ընկա առվի մեջ ու կեղտոտվեցի: Երբ հարվածից ուշքի եկա, տեսնեմ գազանատիպ մի թուրք, հայհոյելով ասում է. «Չե՛ս ամաչում, որ փողոցի մեջտեղը պետք ես անում»: Առանց պատասխանելու՝ վարտիքս, անդրավարտիքս վեր քաշեցի և փախա՝ երկրորդ հարվածից խուսափելու համար. այդ դրությամբ հասա քաղաքի ծայրամասը:

Նրանք ասացին, որ այդ գիշեր այդտեղ եք գիշերելու: Անմիջապես գնում եմ մոտակա առվակում լվացվում և հագնում եմ մաքուր շորերս:

                                                                                                          Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

Advertisements