Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

 

Պլղուրի  քուրդի գյուղը

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Երեկոյան ոստիկաններից մեկին խնդրեցինք, որ մեզ մի վրան տա, որպեսզի պառկենք:Ոստիկանն ուզում էր մեզ բավարարել, բայց այդ միջոցին վրա հասավ ոստիկանապետը ու ասաց, որ հարկավոր չէ: Այդ մարդու ասած խոսքը մեզ լուրջ կասկածանքի մեջ գցեց. արդյոք այս գիշեր մեզ պիտի սպանեն, եթե ոչ, ինչո՞ւ վրանի կարիք չպիտի լինի:Սարսափը մեզ պատեց և մեզանից յուրաքանչյուրն իր կարծիքն  էր հայտնում: Որոշեցի, եթե մինչև վաղն առավոտ ողջ մնամ, ապա անպայման այդ ոճրագործների որջից կհեռանամ:

Ընկերոջս՝ Գարեգինի հետ մեկիս վերմակը տակներս փռեցինք, մյուսով ծածկվեցինք, պառկեցինք՝ իրար թիկունք արած:Սկսում եմ փախուստի մասին մտածել, բայց ո՞ւր գնալ և ի՞նչ ճանապարհով, նախ ունեցած դրամս վերջացել էր, երկրորդ՝ ո՞ւր գնալ՝ Մալաթիա, ինչպես մինչև քաղաք հասնելը, ոչ մի թուրքի, կամ քուրդի չհանդիպել:Թուրքի կամ քուրդի հանդիպելիս մահն անխուսափելի էր. մեզ կսպանեն՝ մեր հագուստներին տիրանալու, ուստի քաղաք գնալ հնարավոր չէ, իսկ  մնալ Պետրոսի մոտ, դա ավելի վտանգավոր է, մտածում եմ, մտածում, ոչ մի ելք չեմ գտնում: Լուսանալու մոտ էր, երբ Գարեգինը ձայն տվեց՝հարցնելով, թե քնել ես: Պատասխանում եմ՝ ինչ քնել, փախուստի մասին եմ մտածում, չեմ կարողանում մի ելք գտնել:Պարզվեց, որ նա էլ չի քնել: Գարեգինը թե՝ գիտես ինչ, արի´, եղբորդ մոտ գնանք:

Մորեղբայրս գտնվում էր Ֆոնելարից ոչ հեռու՝ Պլղուրի կոչված քրդաբնակ գյուղում, որտեղ տարել էին որպես ջրաղացապան՝ գյուղի ջրաղացներն աշխատացնելու:Իր հետ էին կինը, հարսը, աներձագի կինը,իր երկու փոքր երեխաներով Դանիել ու Հարություն մորեղբայրներիս 3 տղաները և Դանիելը՝  քեռուս աղջկա տեգրը՝ Հովհաննեսը: Այդ մասին ես ասել եմ Գարեգինին, բայց ինքս չկարողացա մտածել, որ նրանց մոտ գնամ: Գարեգինը շարունակեց ու ասաց, որ իր մոտ է մնացել թրքական մի ոսկի, որն առավոտյան շուկայում մանրել կուտանք և հաց ու պանիր կգնենք Ֆոնելարից: Դուրս գնալուց հետո կտրուկ արտերի միջով կգնանք մորեղբորս մոտ:Այդպես էլ որոշեցինք, իսկ գիշերվա մնացած ժամերին, խոսում էինք փախուստի ճանապարհին հավանական վտանգներից խուսափելու միջոցների մասին:

Առավոտյան, դեռ արևը չծագած, վեր կացանք, ինչ որ ունեինք, հավաքեցինք և մի կողմ դրինք, որոնք թողնելու էինք այդտեղ,ապա գնացինք շուկա, որտեղ թուրք, քուրդ գյուղացիք սննդամթերք էին վաճառում: Գարեգինի ոսկին 60ղրշ-ով փոխեցինք (իսկական արժեքը 100 ղրշ էր) և հաց ու պանիր, խաղող գնեցինք ու սկսեցինք գյուղից դուրս գալ:

Հազիվ 50 քայլ էինք արել,տեսանք, որ կայանը  և գյուղը շրջապատված է ժանդարմներով:Ստիպված հետ վերադարձանք տղաների մոտ, որոնք պատրաստվում էին աշխատանքի դուրս գալ: Նրանքկայանի շրջակայքում կուտակված, անթաղ մնացած դիակներին պետք է թաղեին: Այդ տխուր ու դժնդակ պարտականությունն ստիպված էին կատարելու:

Ոստիկաններից մեկը մեզ ցույց տվեց մի քանի տեղեր, որտեղ խրամատի նման խոր փոսեր  պետք է փորեինք, որպեսզի դիակները, իրար վրա լցնելով, թաղեինք: Դիակներիցշատերն սկսել էին քայքայվել ու գարշահոտությունը անտանելի էր:Մի երեխայի դիակ, ոտքից բռնած, քարշ տալու ժամանակ ոտքի մաշկը ձեռքիս մեջ մնաց, զզվեցի ու էլ դիակին ձեռք չտվեցի:Ժամը մինչև 12-ը  աշխատեցինք:

Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

 

Advertisements