ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Պլղուրի  քուրդի գյուղը 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Աշխատանքի կեսօրվա դադարին Գարեգինի հետ գնացինք:

Նորից ուտելու բան գնեցինք, կերանք և իրենց գյուղերը վերադարձող քուրդերի հետ պահակային կետից դուրս եկանք և ուղղություն վերցրինք դեպի Պլղուրի:

 Գյուղը, որը երևում էր հեռվից, բլուրի լանջին էր: Արտերի միջից կտրուկ ճամփով, առանց որևէ մեկի հանդիպելու, մտանք գյուղ, հասանք մի տան առաջ, որի մոտակայքում՝ պատերի տակ, նստել էին մի քանի կանայք: Նրանցիցհարցրի Ստեփան քեռուս կնոջ՝ Աղավնիի ապրած տան տեղը: Ասացին, որտեղ որ կանգնած եմ, այդ տանն է ապրում:Դռնից ներս մտանք թե չէ, բակում կապված մի գամփռսկսեց հաչել:Այդ պահին քեռուս կինը  դուրս եկավ, մեզ, որ տեսավ, վախեցածի տեսք ընդունեց, մեզ ներս հրավիրեց:Պատմեցի մեր դրության մասին և ասացի, որ ցանկանում եմ քեռուս մոտ գնալ:Մեր առաջ ուտելու բան դրեց ու ինքը դուրս եկավ:Քիչ հետո վերադարձավ քուրդի մի աղջկա ընկերակցությամբ:Քրդի աղջիկը մեզ պիտի տաներ քեռուս մոտ, իսկ մենք տեղ հասնելիսնրան պիտի տայինք 5 ղրշ և անմիջապես ճանապարհվեցինք:Գյուղում կից անցնելիս հանդիպող գյուղացիք աղջկան ակնարկում էին, որ լավ որս է գտել, երևի ենթադրում էին, որ մեզ տանում է գյուղից դուրս կողոպտելու և սպանելու:Շուտով հասանք ջրաղաց և աղջկա 5 ղրշ տվինք ու ճամփեցինք:

Ջրաղացի դռան կողքին՝ արևի տակ, պառկել էր Դանիել քեռուս տղան՝ Միհրանը: Ձայն տվի, աչքերը բացեց, երբ ինձ ճանաչեց,սկսեցգոռալ՝հորեղբայր հորաքուրանցս Հովհաննեսը եկել է: Քեռիս մտել էր ջրաղացի ներքնամասը՝ թիակները ամրացնելու: Խեղճ քեռիս դուրս եկավ, թրջված փաթաթվեց ինձ ու սկսեց լաց լինել: Նա նույնպես զարմանում էր, թե ինչ հրաշքով է մեզ հաջողվել, առանց մի քուրդի հանդիպելու, մինչև այդտեղ հասնել, որովհետև այդ գյուղի քուրդերն այնքան վայրագ կիսավայրենի մարդիկ էին, որ հայ հանդիպելիս անպայման, առանց այլևայլի, կսպանեին:

Մորեղբայրս այնքան գոհ չէր, որ մենք եկել ենք նրա մոտ, որովհետև վստահ չէր, որ իր քուրդ աղան, թույլ կուտա, որ մենք իր մոտ մնանք: Հետո սննդի հարցը: Խեղճ ծերունու գլխին հավաքվել էին մոտ 13 հոգի, իսկ այդքան մարդ կերակրելու համար ո՛չ դրամ ուներ, ո´չ էլ եկամուտ:  Երկու ջրաղաց պիտի նորոգվեր և սկսեր աշխատել, որ նոր եկամուտ ստացվեր, իսկ մինչ այդ, ինչով պիտի սնվեին այդքան հոգի: Երբ 16կգ ցորենի ալյուրը 2-3 օր հազիվ էր բավարարում, մանավանդ, բացի հացից, ուրիշ ո՛չ մի սննդամթերք ճարելու ո՛չ մի դրամ, ո´չ էլ հնարավորություն ունեինք: Գյուղի քուրդ բնակչության դրությունը նույնպես նախանձելի չէր:Այդ  տարի մորեխը ցորենի բերքի մեծ մասը ոչնչացրել էր, բացի այդ՝ անասունների համաճարակը գյուղում անասուն չէր թողել:

Մի քանի օր ես ու Գարեգինը ջրաղացում պահված մնացինք: 4-րդ օրը քեռիս գնաց գյուղ, որ աղայից թույլտվություն վերցնի, որ մնանք նրա մոտ:Անհամբեր սպասում էինք քեռուս վերադարձին ու մտածում, եթե թույլ չտա, ի՞նչ կանեինք և ո՞ւր կգնայինք: 2 ժամ հետո քեռիս եկավ և ասաց, որ աղան դեմ չէ, որ մնանքիր մոտ: Հաջորդ օրը ես ու Գարեգինը սկսեցինք աշխատել ջրաղացի նորոգման վրա:Այդ օրը՝ երեկոյան, աշխատանքից հետո քեռիս ինձ իր հետ տուն տարավ, իսկ տուն կոչվածը հասարակ մի գոմ էր, որտեղ ապրում էին 8-10 հոգի, որոնցից 5-ը՝ անչափահաս երեխաներ, այդ բոլորի համար անկողին չկար:

Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

Advertisements