ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Պլղուրի  քուրդի գյուղը

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Գարեգինը ոսկու արժեքից ավելացած 5 ղրշը տվել էր քեռակինին, բայց քանի օր կարող էինք սնվել: Գրեթե կիսասոված օրեր էինք անցկացնում. այսպիսի պայմաններում էինք: Երբ օրերից մի օր մեր բնակարանի մոտերքում սատկած մի կով հայտնաբերեցինք, առանց հետևանքի մասին մտածելու, մի մասից մի մեծ կտոր կտրեցինք, տարանք տուն: Քեռուս կինը խաշեց, հարձակվեցինք, ոչ թե կերանք, այլ լափեցին: Դրանից հետո իմ առողջական վիճակը վատացավ. լուծի բռնվեցի  և սկսեցի  օրըստօրե տկարանալ: Բանը հասավ այնտեղ, որ սկսեցի զառանցել, գիշերները վատ երազներ տեսնել և անկողնից փախչել: Մի գիշեր երազում տեսա, թե գնացել ենք Սեբաստիա, փոքր քույրս դրացիից օճառ է տանում՝ մեր տուն մաքրելու: Ես էլ այդտեղ եմ լինում և խնդրում եմ, որ մի քիչ սպասենք, որ միասին գնանք, սկսում եմ հագնվել, քեռիս արթուն է լինում: Հարցնում է՝ ինչ եմ անում: Ասում եմ՝ քեռի արդեն Սեբաստիա գնացել ենք, գնում եմ մեր տունը:

Քեռիս ուշքի  է բերում ինձ, պառկում, սկսում եմ լաց լինել: Մի ուրիշ գիշեր տեսնում եմ մորս, իբր, մայրս, մսով խափամա է պատրաստել ու ինձ ասում է՝ խե´ղճ տղաս, այս որքա՜ն ես նիհարել: Ես պնակով ճաշը դնում եմ սեղանին, ասում` կեր՝ մի լավ փորդ կշտացրու, պատառաքաղը վերցնում եմ և ուզում եմ մսի կտորը վերցնել, բայց ձեռքիս դատարկ է մնում: Ուզում եմ, որ, առանց պատառաքաղի, մսի կտորը վերցնել, նորից ձեռքիս դատարկ է մնում, ջղայնանում եմ և սկսում եմ բարձր ձայնով լալ: Այդ հոգեկան դրությունը շարունակվում է նաև ցերեկները: Օրըստօրե տկարանում եմ, աշխատանքի չեմ կարողանում գնալ, նստում եմ տան դռան կողքի պատի տակ,  մտածում եմ ու լալիս:

Մի անգամ քեռակինը եկավ-նստեց մոտս, ձեռքս իր ափի մեջ առավ ու սկսեց ինձ մխիթարել և հորդորել. «Տղա´ս, եթե դու խելքդ գլուխդ չհավաքես և  այսպես շարունակես, մի քանի օրից, դու էլ կխելագարվես: Այդ դեպքում, ով քեզ կխնամի, գնացողների մասին մտածելն ավելորդ է, ոչինչ չես կարող անել, դու քո մասին մտածի, որովհետև հիմա այնպիսի պայմաններում ենք, որ յուրաքանչյուրս մեր մասին պետք է մտածենք, ուրիշից օգնություն սպասելը ի զոր է: Մորեղբորս կնոջ խրատներն ինձ վրա լավ ազդեցություն գործեցին: Վեր կացա, գնացի տղաների մոտ և մինչև  աշխատանքի վերջն ուժերիս ներածին չափով օգնեցի:

Այդ օրվանից սկսեցի կամաց-կամաց կազդուրվել՝ երբեմն աշխատելով, երբեմն հանգստանալով, օրը մթնացնում, սննդի պակասից բոլորս էլ նեղվում էինք: Օր էր լինում, որ բացարձակ սոված էինք մնում՝ առանց մի բան ուտելու: Սննդի պակասը առաջին հերթին իր ցավալի հետևանքը գործեց երեխաների վրա, որոնք սկսեցին իրար հետևից մահանալ: Մի քանի օրվա ընթացքում 5 անչափահաս երեխաների թաղեցին մոտակա ձորում:

Չեմ հիշում, թե որ օրվա գիշերն էր, լաց ու գոռոցի զարհուրելի վայնասունից զարթնեցինք, դուրս եկանք, ականատես եղանք ահավոր մի եղեռնագործության: Մեր բնակարանից 2-3 հարյուր մետր հեռու գոմանման մի շենք կար: Բազմաթիվ հայ կանանց, երեխաների կողոպտելուց և բռնաբարելուց հետո լցրել  էին գոմը, դուռը փակել և վառել էին: Ահռելի ճարճատյունով, լաց ու ճչոցով վառվում էր միջի կանանց ու երեխաների հետ: Գոմի ներսից լսվում էր ճվոց, լացի և գոռոցի ձայներ: Ի տես այս զարհուրելի տեսարանի՝ բոլորս սահմռկած հոգեպես ընկճված, սարսափից ուղղակի քարացել և վախից դողում էինք. մեզանից ոչ ոք ծպտուն հանել չէր կարողանում, միայն մեր կանանց հեկեկոցն էր լսվում:

Գոմից եկող ողբալի ձայները հետզհետե դադարեցին, ով գիտի, քանի անմեղ կանայք, երեխաներ հրո ճարակ դարձան՝ հոգեկան հրճվանք պատճառելով, իրենց ճիվաղ դահիճներին:

Ես բառեր չեմ գտնում՝ այդ հրեշային արարքը որակելու: Արդյոք, կարելի է պատկերացնել, որ մարդ գազանը ի վիճակի կլինի այդքան դաժանություն ցույց տալ իր նմանի հանդեպ: Դա էլ 20–րդ դարում: Նրանցից ոչ մի վատություն կամ թշնամանք չի տեսել. անմեղ երեխաներին և կանանց հրո ճարակ դարձնի և դիտելով այդ ահավոր տեսարանը՝ հրճվի: Թողնում եմ ընթերցողներին, թե ինչպիսի ածականներ կհորինեն՝ որակելու գազանային աննախընթաց այդ ոճիրը:

Դրանից հետո, սիրելի´ ընթերցողներ, կարող եք պատկերացնել, թե ինչ սարսափելի ապրումներ ունեցանք, բայց դժվար թե որևէ մեկը, որ չի ապրել կամ տեսել նման ահավոր րոպեներ, կարողանա պատկերացնել այդ րոպեներին մեր զգացած ապրումները:

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

Advertisements