Երուխան (Սրմաքեշխանլյան Երվանդ Պողոսի, 1870-1915)


Երուխան (Սրմաքեշխանլյան Երվանդ Պողոսի, 1870, Կ. Պոլիս – 1915, Մեծ եղեռնի զոհ), հայ արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ, մանկավարժ:

Երուխան (Սրմաքեշխանլյան Երվանդ Պողոսի, 1870-1915)

Երուխան (Սրմաքեշխանլյան Երվանդ Պողոսի, 1870-1915)

Ծնվել է Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասում: 1886-ին ավարտել է տեղի Ներսիսյան վարժարանը, ապա ընդունվել է Ղալաթիայի Կեդրոնական վարժարան, ապա ընդունվել է ծննդավայրի Ներսեսյան վարժարաններում։

1889-90-ին հանդես է գալիս մամուլում: Գրական առաջին փորձերին հաջորդում են մի քանի նովելներ: Առաջինը` «Պապուկը», լույս է տեսնում «Արևելքի» 1891-ի մայիսի 29-ի համարում: 1890 -ից աշխատել է «Արևելք»-ի խմբագրությունում։ 1891-1896-ին «Արևելք»-ի և «Մասիս»-ի էջերում հրատարակել է նովելներ:

1896-ի հունիսին Երուխանը պայմանագրով ձեռնարկում է «Ծաղիկ» հանդեսը որպես օրաթերթ հրատարակելու գործը։ Երբ ամեն ինչ պատրաստ էր հրատարակման համար, սկսվում է 1896-ի հայկական կոտորածը։ Երուխանը տեղափոխվում է Բուլղարիա, հաստատվում Վառնայում, որտեղից որոշ ժամանակ թղթակցում է «Բյուզանդիոն»-ին, Վարդան Մեշտուտճյանի օժանդակությամբ հիմնադրում «Շարժում» օրաթերթը (1898), հրատարակում «Շավիղ» հանդեսը (1900-ի մարտի 15-ից), գրում առաջին վեպը` «Մերժված սերը», ապա «Գաղթականները» վեպը, որն անվարտ է մնացել (տպագրվել է «Շավիղ»-ում):

Վառնայից նամակագրական սերտ կապ է պահպանում Փարիզում գտնվող Արշակ Չոպանյանի հետ։ Բացի այդ, աշխատակցում է նաև «Անահիտ» հանդեսին, որի էջերում էլ առաջին անգամ հանդես է գալիս Երուխան անունով։ 

1902 թ. որոշ ժամանակ Երուխանը վարում է Ասպրիղի ազգային վարժարանի տնօրինությունը, իսկ 1902թ. մինչև 1904 թ. սկիզբը պաշտոնավարում է Վառնայի ազգային վարժարանում՝ դասավանդելով աշխարհաբար հայերեն։

 1903-1904 ուստարում նրան ապօրինի ազատում են ուսուցչական աշխատանքից։ 1904-ին Երուխանը ակտիվ աշխատակցում է տպարանատեր Օնիկ Բարսեղյանի հրատարակած «Վիպաթերթ» հանդեսին, որտեղ մաս-մաս տպագրվում է նրա «Մերժված սերը» վեպը։

1904-ին անցել է Եգիպտոս։ Շարունակել է գրական, խմբագրական աշխատանքը, զբաղվել մանկավարժությամբ (Ալեքսանդրիայի, Կահիրեի ազգային վարժարաններում)։

1904-1908թթ. դարձյալ զբաղվում է մանկավարժական աշխատանքով։ Երեք տարի Ալեքսանդրիայի Պողոսյան ազգային երկսեռ և մեկ տարի Կահիրեի ազգային վարժարանների բարձր դասարաններում դասավանդում է աշխարհաբար հայերեն, ֆրանսերեն, պատմություն և աշխարհագրություն։

Այստեղ Երուխանն ամուսնանում է օրիորդ Եվնիկե Ջևահիրյանի հետ, որը իր ծնողների հետ հայրենի օջախը լքել էր 1896-ի հայկական ջարդի օրերին։ Զուգահեռաբար նա զբաղվում է նաև խմբագրական աշխատանքով:

1905-ին Ալեքսանդրիայում Երուխանը Սմբատ Բյուրատի հետ միասին հրատարակում է «Սիսվան» ամսաթերթը, որն ընդամենը երկու համար է լույս տեսնում։ «Սիսվան»-ում Երուխանի թարգմանությամբ տպագրվում են Մաքսիմ Գորկու «Բոլես» նովելը և Պոլ Բուրժեի «Երկվություն» վեպը։

Արփիար Արփիարյանի մահից հետո ստանձնում է «Լուսաբեր»-ի խմբագրապետությունը, որը վարում է մինչև 1908-ի հուլիսը։ 1908-ին Երիտթուրքական հեղափոխությունից հետո վերադարձել է Կ. Պոլիս, օգոստոսի 7-ին նշանակվել «Արևելք» թերթի խմբագիր:

Լույս է ընծայում նաև նովելների ժողովածու («Կյանքին մեջ», 1911): Երուխանը Ազգային ժողովի երեսփոխան է ընտրվում Բաբերդից (Բայբուրդ)։ 1909-ին նա 3-4 ամիս եղել է նաև Խասգյուղի թաղային խորհրդի անգամ։ 1910-ի հուլիսի 4-ին հրաժարվում է «Արևելք»-ի խմբագրի պաշտոնից, ստանձնում է Սկյուտարի Ս. Խաչ ազգային վարժարանի տնօրինությունը, մինչև 1913-ի օգոստոսը, ապա մեկնում է Խարբերդ`մանկավարժական աշխատանքի անցնելով Մեզիրեի կեդրոնական վարժարանում։ 1912-ին «Ոստան» հանդեսում տպագրվում է նրա «Հարազատ որդին» վիպակը: 1913 -ին թարգմանում և հրատարակում է Էդուարդ Տրիոյի «Արևելյան խնդիրը և հայկական հարցը իր ծագումեն մինչև մեր օրերը» ուսումնասիրությունը:

Օգտագործել է Գաղթական, Ե. Գաղթական, Աշուղ ծածկանունները:

Ֆրանսերենից թարգմանել և «Արևելք» օրաթերթում հրատարակել է Ալֆոնս Դոդեի «Ջեկ» (1896), Հեկտեր Մալոյի «Ընտանիքը» (1894-95), Ժ. Լեոմինայի «Փարիզի գայլերը» (1893-94), Ժ. Մարիի «Դժգույն աղջիկը» (1894) և այլ վեպեր ու վիպակներ։

Ձերբակալվել է 1915-ի մայիսի 1-ին: Նրան և Խարբերդի գավառի մյուս մտավորականներին անասելի տանջանքների ենթարկելուց հետո տանում են Դևե Բոյնի և գլխատում կացնով ու մանգաղով:

Օգտագործված գրականություն

Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 1, Ե., ՀՀՀ, 2005, էջ 382:

Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր 1, Ե., «Հայաստան», 1973, էջ 316:

Նյութը պատրաստեց թեմի լրատվության բաժնի
պատասխանատու Սիրան Սարգսյանը

 

Advertisements