ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 

ՀԱՎԱՏԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Այպես օրերն անցնում էին, իսկ մենք անորոշության, սոված, վախը սրտներս մղձավանջային օրեր էինք ապրում, երբ օրերից մի օր աշխատանքի ժամին մեր քուրդ աղան ձիով եկավ մեզ մոտ: Նա ձիուց իջավ, մինչ այդ խեղճ քեռիս ընդառաջ վազեց և յոթանասունամյա իր կորացած մեջքով խորը գլուխ խոնարհեց՝ սպասելով հրամանի: Աղան՝ բարձրահասակ, 40-45 տարեկան, ճիվաղային դիագծով, արյունռուշտ աչքերով, գազանատիպ մի հրեշ էր, որը քեռուս բարևին հազիվ պատասխանելուց հետո հայտնեց, որ հրաման է ստացել կառավարությունից, որ այն հայերը, որոնք արհեստի կամ այլ պատճառով որևէ գյուղում կամ քաղաքում մնացել են, պարտավոր են ընդունել իսլամի կրոնը, հակառակ դեպքում՝ նորից կտեղահանվեն: Քեռիս մի քիչ մտածելուց հետո պատասխանեց, որ ինքը և յուրայինները սիրով կընդունեն իսլամի կրոնը: Աղան հայտնեց, որ նոր կրոնն ընդունելու կապակցությամբ մեզանից 3 հոգի իր ուղեկցությամբ պետք է գնան քաղաք՝ կրոնափոխության պաշտոնական արարողությանը մասնակցելու:

Աղայի գնալուց հետո քեռիս և ես գնացինք տուն: Ճանապարհին քեռիս լուռ էր և անընդհատ ախ էր քաշում: Խեղճ մարդու հոգեկան աշխարհում պայքար էր տեղի ունենում յոթանասունից հետո: Պետք է հավատափոխություն ընդունել, հակառակ դեպքում՝ 10 մարդ, բոլորն էլ հարազատներ, մահվան ճիրաններին հանձնել: Այսպիսի խոհերով հասանք տուն: Քեռիս կնոջը պատմեց աղայի առաջարկը և նրա պատասխանը: Քեռակինը, երբ լսեց, որ քեռիս հավանություն է տվել, սկսեց քեռուս հանդիմանել, թե դու 70-ից հետո հավատքդ ուրանաս և  ընդունես այդ շների պիղծ կրոնը և այլն:

Քեռուս կինը շատ մոլեռանդ  քրիստոնյա կին էր: Այդ վտանգավոր  օրերին, չգիտեմ՝ որտեղից, ճարել էր մի Աստվածաշունչ և, առանց քուրդերից թաքցնելու, դռան շեմին նստած, ակնոցն աչքերին անընդհատ կարդում էր: Երբեմն քուրդ կանայք զգուշացնում էին, բայց հաշիվ չէր առնում: Իր գիտցածից ձեռք չէր քաշում և հետևանքների մասին էլ չէր մտածում: Continue reading

Advertisements