ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 

ՀԱՎԱՏԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Այպես օրերն անցնում էին, իսկ մենք անորոշության, սոված, վախը սրտներս մղձավանջային օրեր էինք ապրում, երբ օրերից մի օր աշխատանքի ժամին մեր քուրդ աղան ձիով եկավ մեզ մոտ: Նա ձիուց իջավ, մինչ այդ խեղճ քեռիս ընդառաջ վազեց և յոթանասունամյա իր կորացած մեջքով խորը գլուխ խոնարհեց՝ սպասելով հրամանի: Աղան՝ բարձրահասակ, 40-45 տարեկան, ճիվաղային դիագծով, արյունռուշտ աչքերով, գազանատիպ մի հրեշ էր, որը քեռուս բարևին հազիվ պատասխանելուց հետո հայտնեց, որ հրաման է ստացել կառավարությունից, որ այն հայերը, որոնք արհեստի կամ այլ պատճառով որևէ գյուղում կամ քաղաքում մնացել են, պարտավոր են ընդունել իսլամի կրոնը, հակառակ դեպքում՝ նորից կտեղահանվեն: Քեռիս մի քիչ մտածելուց հետո պատասխանեց, որ ինքը և յուրայինները սիրով կընդունեն իսլամի կրոնը: Աղան հայտնեց, որ նոր կրոնն ընդունելու կապակցությամբ մեզանից 3 հոգի իր ուղեկցությամբ պետք է գնան քաղաք՝ կրոնափոխության պաշտոնական արարողությանը մասնակցելու:

Աղայի գնալուց հետո քեռիս և ես գնացինք տուն: Ճանապարհին քեռիս լուռ էր և անընդհատ ախ էր քաշում: Խեղճ մարդու հոգեկան աշխարհում պայքար էր տեղի ունենում յոթանասունից հետո: Պետք է հավատափոխություն ընդունել, հակառակ դեպքում՝ 10 մարդ, բոլորն էլ հարազատներ, մահվան ճիրաններին հանձնել: Այսպիսի խոհերով հասանք տուն: Քեռիս կնոջը պատմեց աղայի առաջարկը և նրա պատասխանը: Քեռակինը, երբ լսեց, որ քեռիս հավանություն է տվել, սկսեց քեռուս հանդիմանել, թե դու 70-ից հետո հավատքդ ուրանաս և  ընդունես այդ շների պիղծ կրոնը և այլն:

Քեռուս կինը շատ մոլեռանդ  քրիստոնյա կին էր: Այդ վտանգավոր  օրերին, չգիտեմ՝ որտեղից, ճարել էր մի Աստվածաշունչ և, առանց քուրդերից թաքցնելու, դռան շեմին նստած, ակնոցն աչքերին անընդհատ կարդում էր: Երբեմն քուրդ կանայք զգուշացնում էին, բայց հաշիվ չէր առնում: Իր գիտցածից ձեռք չէր քաշում և հետևանքների մասին էլ չէր մտածում:

Մորեղբայրս կնոջը համոզում էր ու ասում, որ ինքը հավատափոխում է ոչ թե իր, այլ իր սիրելի հարազատներին, երեխաներին փրկելու համար, որովհետև եթե նորից աքսորի ճամփան ձեռք առնենք, անխուսափելի է բոլորիս ողբերգական վախճանը, բայց այդ համառ կինը ոչ մի առարկություն լսել չէր ուզում, միայն համաձայնում էր այն մտքի հետ, եթե, կաթոլիկություն ընդունելով, կարելի լինի փրկվել, կհամաձայնի, իսկ եթե ոչ, ապա ոչ մի գնով իսլամի կրոնը չի ընդունի և թույլ էլ չի տա, որ որևէ մեկը իր կամքին հակառակ վարվի:

Այդ կինը ինձ մոտ այն տպավորությունը թողեց, որ մորեղբորս ենթարկել էր իրեն: Այն մարդուն, որ իր երիտասարդ կանանց, աղջիկներին սարսափ է ազդել: Մայրերն իրենց աղջիկներին այսպես էին զգուշացրել:  Երբ տեսել են, որ քեռիս փողոցով անցնում է (աղջի ներս եկուր, Չալլախենց Մարկոսը կուգար կոր), այդքանից հետո այդ վտանգավոր պահին ենթարկվում էր իր կնոջ կամքին. թույլ տալիս, որ, իր ցանկության համաձայն, գործին ընթացք տա:

Համենայն դեպս համաձայնեց, որ հետևյալ օրը քեռուս կինը և ես աղայի ուղեկցությամբ գնանք Մալաթիա:

Հարկավոր է նշել նաև, որ նախքան այս դեպքերի տեղի ունենալը, աղան ուզում էր մեզ՝ տղաներիս, տեղավորեր գյուղացիների մոտ` որպես մշակ աշխատելու, բայց քեռեկինը չթողեց, որի պատճառով մեր տղաներից երկուսը՝ Գարեգինը ու Սենեկ փեսի եղբայր Հովհաննեսը, անհետ կորան, իսկ մնացած չորսս, հատկապես ես՝ անասելի զրկանքներ և տառապանքներ կրեցի:

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

Advertisements