Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

 

ՀԱՎԱՏԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հաջորդ օրը քեռիս և ես, մեր ավանակին նստած, աղայի ուղեկցությամբ գնացինք Մալաթիա: Ճանապարհին քեռեկինն աղային հայտնեց բոլորիս անունով, որ մենք իսլամի կրոնը չենք ընդունի, բայց եթե կաթոլիկներին ներում շնորհված է, մենք կաթոլիկ ենք, ուստի քաղաք հասնելուց աղայից շատ կխնդրի, որ այդ ուղղությամբ հետաքրքրվի և մեզ փրկի նոր տառապանքներից: Աղան լուռ լսեց և, իբր, հավանություն տվեց:

Քաղաք հասնելիս աղան մեզ տարավ մի պանդոկ և մեզ թողեց այդտեղ, իսկ ինքը գնաց՝ մեր գործով զբաղվելու: Աղայի գնալուց հետո ամուսինների միջև վեճը նորից սկսվեց. քեռիս պնդում էր, որ պետք է կրոնափոխ լինել՝ հանուն իր հարազատների, երեխաների փրկության համար, իսկ կինը համառորեն մերժում էր ու ասում. «Ես 65 տարեկանից հետո իմ հավատը չեմ ուրանա և խղճի խայթից մինչև մահս տառապիլ»:

Իսկ ես, նրանց կողքերին նստած, լսում էի և մտածում, որ երկու ազնիվ, վեհանձն հոգիների պայքար է: Մի կողմից՝ մորեղբայրս՝ ազնիվ, վեհանձն մի սիրտ, որ իր բոլոր նվիրական սկզբունքներն ու համոզմունքները պատրաստ է զոհելու՝ իր հարազատներին ֆիզիկական բնաջնջումից փրկելու համար: Հոգ չէ, թե իր ծերության վերջին օրերին խղճի խայթից կտառապի:

Մյուս կողմից՝ կինը՝ իր դարաշրջանի ոգով դաստիարակված, իր համոզմունքների, հավատալիքների սրբությունը և մաքրությունը իր կյանքի գնով պաշտպանելու պատրաստ վեհանձն մի սիրտ, ամեն ինչից, նույնիսկ կյանքից բարձր է համարում իր հավատալիքներն ու ազգային արժանապատվությունը: Երկար վիճաբանությունից հետո համաձայնություն չգոյացավ. քեռեկինը գործի ղեկը իր ձեռքում պահեց: Դեռ վեճը չէր վերջացել, երբ աղան եկավ ու հայտնեց, որ կաթոլիկներին ոչ մի ներում չի շնորհված, հետևապես աքսորվելուց փրկվելու միակ միջոցը կրոնափոխությունն է: Քեռեկինը չթողեց, որ քեռիս պատասխանի, ինքը հպարտությամբ պատասխանեց. «Այդ դեպքում իր համար ավելի հաճելի է աքսորվել, քան կրոնափոխվել»:

Աղան առաջարկեց տղաներիս իսլամությունն ընդունած արձանագրել, որպեսզի կարողանա գյուղում յուրաքանչյուրիս մի քուրդ ընտանիքում տեղավորի: Քեռեկինը նորից դրան էլ արգելք հանդիսացավ, աղան ներքուստ զայրացավ, բայց իրեն զսպեց և խոսակցության նյութը փոխեց, հայտնեց, որ այդ գիշեր մնալու ենք քաղաքում և գնաց:

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

Advertisements