Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

 

 ՀԱՎԱՏԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Այդ նույն պանդոկում, որտեղ մենք գիշերելու էինք, բնակվում էր սեբաստացի համետագործ Թորամանը՝ իր եղբոր և 2 քույրերի հետ: Նրանց աքսորից հետ էին պահել՝ Թորամանի արհեստի շնորհիվ: Աղայի գնալուց հետո գնացինք իրենց մոտ և սկսեցինք մեր ցավերի մասին խոսել, պարզվեց, որ նրանց դրությունը նույնպես նախանձելի չէ, քանի որ Թորամանի եղբորն ուզեցել են սպանել, բայց Թորամանը կարողացել է փրկել իր հովանավորի միջոցով, բայց մինչ այդ խեղճ տղան վախից խելագարվել է: Հետագայում պարզվեց, որ բոլորին էլ սպանել են:

Հաջորդ օրն աղայի ուղեկցությամբ վերադարձանք գյուղ: Քեռիս ճանապարհին ոչ մի խոսք չասաց, բայց երևում էր, որ շատ հուզված և հոգեպես ընկճված վիճակում էր: Գյուղին մոտենալիս հայտնեց, որ շատ անհանգիստ է, և երբ տուն հասանք, անկողին մտավ: Խեղճի վիճակը լավ չէր, ձեռքս ճակատին դրի, սառն էր, իսկ մարմինը ջերմությունից վառվում էր: Մորեղբորս հիվանդությունը մի րոպե մեզ մոռացնել տվեց աղայի մեզ հանդեպ ցույց տված անբարյացակամ և ավելի թշնամական վերաբերմունքը:

Նախքան պատմությունս շարունակելը ուզում եմ նշել մի դեպք, որ պատահեց վերև նշված դեպքերից 7-8 օր առաջ: Գյուղի մոտակայքում գտնվող ջրաղացի նորոգումը վերջացել էր, սպասում էինք հաճախորդի և ահա մի օր գյուղի ջոջերից մեկը 2 կոտ ցորեն բերեց աղալու: Քեռիս բացակա էր, իսկ ես ու Մաթևոսն էինք ջրաղացում: Ցորենը լցրինք իր հատուկ տեղը և ջրաղացը աշխատացրինք, իսկ մեր առաջին և վերջին հաճախորդը գնաց ջրաղացի դռան շեմին նստեց, ես էլ հետևեցի նրան, իսկ մեր «աչքաբաց», «ճարպիկ» Մաթոսը առիթից օգտվում էր և 4-5կգ ամանով ցորեն էր վերցնում և պահում, իսկ մեր մարդուկը նկատում է այդ: Երբ Մաթոսը եկավ մեզ մոտ, քուրդը, առանց մի բառ ասելու, վեր կացավ և գնաց ներս, որտեղ որ գողացած ցորենը պահել էր, վերցրեց ու տարավ իր տեղը լցրեց: Առանց մի խոսք ասելու՝ եկավ և մեզ մոտ նստեց: Այդ դեպքից հետո ոչ մի գյուղացի այլևս ցորեն չբերեց աղալու, իսկ գյուղացիների այդ վերաբերմունքը լավ բան չէր խոստանում, մենք զգում և մտահոգվում էինք, որ մեզ հետ պատահելու են անախորժ դեպքեր:

Քաղաքից վերադառնալուց  երկրորդ օրվա կես օրից հետո ջրաղաց եկան մի խումբ հեծյալ ժանդարմներ: Բոլոր վեց տղաներս ջրաղացում էինք, մեզ դուրս կանչեցին, ու հարցրին, թե քանի անձ ենք, որ տեղացի ենք և ինչ ենք անում այդտեղ, թողին ու գնացին:

Ժանդարմների այդ այցելությւնը մեզ սարսափեցրեց: Այդ գիշեր մնացի ջրաղացում: Ընկերս՝ Գարեգինը, և քեռուս տղան՝ Հովհաննեսը, նույնպես ջրաղացում էինք: Անհանգիստ, անտրամադիր վիճակում էի, բնազդաբար զգում էի, որ մի վատ բան է պատահելու մեզ հետ:

Հովհաննեսն առաջին օրվանից Գարեգինին տանել չէր կարողանում, հակառակ նրան, որ իրեն ծառայություն էր անում, մեկ էլ հիմար մի բանի համար կամ առանց պատճառի, անտեղի գոռում, հայհոյում, նույնիսկ ծեծում էր: Իհարկե, ես միշտ Գարեգինին պաշտպանում էի, բայց անօգուտ, իր վերաբերմունքը շարունակում էր: Խեղճ տղան լաց էր լինում և ասում, որ իր մայրն անիծել է այն մարդուն, որ իր տղին ձեռք կբարձրացնի՝ խփելու համար:

Այդ գիշերը Հովհաննեսը նորից սկսեց Գարեգինին անհանգստացնել և ապտակել, չկարողացա կատաղությունս զսպել, ձեռքս ինչ որ անցավ, դրանով մի քանի հարված հասցրի, նոր տեղը նստեց:

 

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

 

Advertisements