Հիշատակ հին տապանակի և նոր Սբ. Եկեղեցու տոն


Հիշատակ հին տապանակի և նոր Սբ. Եկեղեցու տոնՀին Ուխտի տապանակը Հին Կտակարանի ամենամեծ սրբությունն է, որտեղ պահվում էին Տասնաբանյա պատվիրանների տախտակները, Ահարոնի ծաղկյալ գավազանն ու մանանայով լի ոսկյա սափորը:

Եկեղեցին Ուխտի Տապանակը մեկնաբանում է իբրև Աստծո ներկայության խորհրդապատկեր. սրբություն, որ մահացու է անարժանաբար իրեն դիպչողի և օրհնաբեր` մաքուր սիրտ ու ձեռքեր ունեցողի համար:

Տապանակը բազում խորհուրդներ ունի.

Այն խորհրդանշում է Քրիստոսի անապական Մարմինը, ինչպես նաև` առաջին հայրապետներին, մարգարեներին ու առաքյալներին:

Հրեշտակների հետ է համեմատվում այն, քանի որ նրանք բնությամբ անապական են ու անմահ: Տապանակի ձևը հաստատուն է և խորանարդաձև: Երկարությունը, որը երկուսուկես կանգուն է, խորհրդանշում է հրեշտակների անմահ կյանքը: Նրանք մեր հոգիների նման մշտենջենավոր են` ունեն սկիզբ և չունեն վախճան:
Տապանակի չորս օղերը և երկու լծակները նշանակում են, որ հրեշտակները քառանյութ աշխարհին են խնամածու, Աստծո երկու խնամածու զորությամբ` արարչական և արքունական: Տապանակում պահվող տախտակները նշանակում են, որ հրեշտակները բարին են վկայում պատվիրանները պահողների մասին:

Տապանակը նաև Սուրբ Մարիամ Աստվածածնին է խորհրդանշում: Նրա կարծր փայտը խորհրդանշում է Աստվածամոր անապական կուսությունը, ներսի ու դրսի ոսկին` հոգու և մարմնի միավորությունը խոսքով: Տապանակում պահվող մանանան Տիրոջ անապական Մարմինն է, գավազանը` այն, ինչը բխեց Հեսսեի արմատից, իսկ բուրվառը` անուշահոտության կրակը:

Դարձյալ` Տապանակը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, իսկ անփուտ փայտը` Նրա անապական Մարմինը: Ոսկին Աստվածությունն է խորհրդանշում, իսկ կարծր փայտը` Տիրոջ Մարմինը, որին մահը չկարողացավ ծամել: Եվ ինչպես Տապանակը կառուցվել էր ոսկուց և փայտից և ամբողջական էր, այդպես էլ Խոսքը և Նրա անարատ Մարմինը մի Քրիստոս է` մի Տեր: Իսկ Տապանակի վրա դրված քավությունը հայտնում է, որ Տերը քավություն եղավ մեզ համար:

Տապանակը քառակուսի ձև ունի և անփուտ է, իսկ աստվածընկալ խաչը քառաթև է ու անապական, և խաչով եղավ մեր քավությունը:

Տապանակը սուրբ Եկեղեցին է, որ մեղքերից չի փտում, այլ անապական վարքով ոսկեզարդված է երկու Կտակարաններով: Իսկ քերովբեները խորհրդանշում են երկնավորների սպասավորությունը Եկեղեցում:

Չորս կողմերը նշանակում են, որ Քրիստոսի հավատը տարածվեց աշխարհի չորս կողմերում: Երկու լծակները երկու Կտակարաններն են, ինչպես նաև օրենքներն ու մարգարեությունները: Չորս քահանաները, ովքեր վերցնում էին Տապանակը` չորս ավետարանիչներն են, որ վերցրել էին Քրիստոսի մարդեղության խորհուրդը:

Լծակների ոսկով պատելը անբիծ հավատի խոստովանությունն է Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն` բոլոր պատվիրանների պահպանությամբ հանդերձ: Քավության սեղանը, որը Տապանակի վրա էր, խաչն է խորհրդանշում, որով Տերն ամենակատար քավությունը գործեց: Երկու քերովբեներն Աստծո երկու զորություններն են` արարչական և արքունական, իսկ մեկմեկու նայելը նշանակում է աշխարհի պատվելն ու պատուհասվելը:

Տապանակում պահվող ոսկյա սափորը` լի մանանայով, խորհրդանշում է Աստվածամորը, ով կուսությամբ կրեց երկնքից իջած Կենաց Հացը: Այնտեղ պահվում է նաև ծաղկած գավազանը, որը խորհրդանշում է Քրիստոնեական քահանայությունը: Երկու տախտակները խորհրդանշում են հոգին ու մարմինը, որոնց վրա Սուրբ Հոգով գրված են Աստծո պատգամները, որոնցից հինգը մարմնի զգայարաններն են և հինգը` հոգու զորությունները: Եվ գրված են ոչ թե թանաքով, այլ Հոգու շնորհով, սրտի վրա: Իսկ ոսկյա բուրվառը կանանց մեջ օրհնվածն է` Աստվածամայրը` լի Սուրբ Հոգով և Բարձրյալի զորությամբ: Ինչպես բուրվառն իր անուշ հոտով, այդպես էլ Տապանակը խորհրդանշում է Քրիստոսի Մարմնով գալը և Եկեղեցու փառքի երևումը:

Մովսեսի շրջանից մինչև Սողոմոն Իմաստունը մեծ հարգանքով էր պահվում Ուխտի Տապանակը:
Տապանակի մասին հիշատակությանը վերջին անգամ հանդիպում ենք Սողոմոնի օրոք: Սողոմոն Իմաստունը Ուխտի տապանակը զետեղեց նորաշեն Տաճարում, բայց հետո Երուսաղեմի կործանման  ժամանակ անհայտացավ:

Քրիստոնեական եկեղեցու համար այն Նոր Ուխտի, այսինքն` Քրիստոսի Եկեղեցու նախատիպն է, որի համար սահմանել է այս տոնը՝ Եկեղեցու մշտնջենականության խորհրդով:
Տոնը կատարվում է Վարդավառի՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթ օրը:

 

Advertisements