Կայացավ “Բազե-2015” համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի ընտրական փուլը


Հուլիսի 10-12-ը Եղեգիս համայնքնի “Սիրանույշ” ճամբարում անցկացվեց “Բազե-2015” համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի ընտրական փուլը:
Այս տարի ճամբար-հավաքն իրականություն դարձավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի համագործակցությամբ:

Ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, ով իր խոսքում երիտասարդներին մաղթեց բարի երթ, արդար մրցակցություն և հաղթանակ “Բազե 2015”-ում:

Երիտասարդներին ողջունեցին նաև Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար, նախկին բազեական Արմեն Սմբատյանը, ՀԵՀ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը, ճամբար-հավաքի Գետափ և Ջերմուկ ջոկատների մասնակիցները:

Երիտասարդական հավաքին մասնակցում էին մարզի 8 համայնքներ` Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Արենի, Ազատեկ, Գետափ, Վերնաշեն, Մալիշկա և 2 ուսումնական հաստատություններ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ և Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ:

Մրցութային երեք օրերի ընթացքում երիտասարդներն իրենց ուժերը փորձեցին ինտելեկտուալ խաղում, երգի, պարի, նորաձևության, նկարչության, վոլեյբոլի, շախմատի, պարանի ձգման, բազկամարտի, սեղանի թենիսի, սպորտլանդիա և “Գերի բանալի” մրցույթներում:

Մրցութային երեք օրերի ընթացքում հավաքած բալերի հաշվարկման արդյունքում 1-ին պատվավոր տեղը գրավեց Եղեգնաձորի ջոկատը, 2-րդ տեղում է Ջերմուկը, իսկ 3-րդ մրցանակային տեղը զբաղեցրեց Վերնաշեն համայնքը:
Տեղեկացնենք, որ ճամբար-հավաքում լավագույնս ներկայացաց մասնակիցներից կազմվեց “Բազե 2015” համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի մարզի ջոկատը, որն այս տարի հանդես է գալու նարնջագույն ճակատում: Հաջողություն և հաղթանակ ենք մաղթում մեր մարզի տաղանդավոր երիտասարդներին:

 

Աղբյուր` http://vdzor.mtaes.am/

Advertisements