Այսօր Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օրն է


Այսօր Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օրն էՍ. Թադեոս առաքյալը և Ս. Սանդուխտ կույսը Հայ եկեղեցու ամենանշանավոր տոնելի սրբերից են, քանի որ նրանց անվան հետ է առնչվում հայոց լուսավորության պատմությունը:

Քրիստոսի Համբարձումից հետո, համաձայն Տիրոջ պատգամի`«Գնացեք, ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28:19), Ս. Թադեոսը նախ գալիս է Եդեսիա, ավետարանում կենաց խոսքը, ի թիվս բազում հրաշքների` բժշկում նաև Աբգար թագավորին, ապա, իրեն փոխարինող նշանակելով Եդեսիայում, գնում է Հայոց Սանատրուկ արքայի տիրույթները:Այսօր Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օրն է

 Այստեղ զանազան վայրերում քարոզելուց հետո բազմաթիվ հեթանոսների է քրիստոնեական հավատի բերում և հիմնադրում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Գալով Արտազ գավառ` առաքյալը մտնում է հայոց արքունիք և դարձի բերում արքայադուստր Սանդուխտ կույսին:

Իրազեկ դառնալով այդ ամենին` հայոց Սանատրուկ արքան սկզբում հորդորում է դստերը ետ դառնալ նախկին հավատին, սակայն ապարդյուն: Զայրացած արքան թե Թադեոս առաքյալին և թե Սանդուխտ կույսին նետում է բանտ և դաժան տանջանքների ենթարկում: Արքունի իշխանազուն կառավարչի միջոցով արքայադստերը տարհամոզելու վերջին փորձը ևս ապարդյուն է անցնում:

Քրիստոնյա է դառնում նաև կառավարիչը: Ի վերջո, արքայի հրամանով Ս. Թադեոս առաքյալը և Ս. Սանդուխտ կույսը նահատակվում են արքայական ամառանոց Շավարշավան գյուղաքաղաքում: Հայ Եկեղեցին Ս. Թադեոս առաքյալի հիշատակը տարվա ընթացքում ոգեկոչում է երկու անգամ. նախ՝ Ս. Բարդուղիմեոս առաքյալի, ապա` Ս. Սանդուխտ կույսի հետ:

Advertisements