Այսօր Ս.Կիպրիանոս եպիսկոպոսի և Հուստիանե կույսի, Եվփիմե կույսի և 45 վկաների և Քրիստինե կույսի հիշատակության օրն է


Այսօր Ս.Կիպրիանոս եպիսկոպոսի և Հուստիանե կույսի, Եվփիմե կույսի և 45 վկաների և Քրիստինե կույսի հիշատակության օրն էԿիպրիանոսն ապրել և գործել 3-րդ դարում: Ըստ «Հայսմավուրքի»՝ նա ազնվական և մեծահարուստ մարդկանցից էր, իմաստուն և մոգության արվեստին հմտացած: Նույն քաղաքում էր բնակվում նաև մի քուրմի դուստրը՝ Հուստիանե անունով, որ քրիստոնյա դառնալով՝ ճշմարիտ հավատի է բերում նաև իր ծնողներին: Ստանալով կռապաշտ իշխանի ամուսնության առաջարկը` մերժում է, պատճառաբանելով, որ ինքն արդեն Քրիստոսի հարսնացուն է: Իշխանը խնդրում է Կիպրիանոս մոգի աջակցությունը, սակայն վերջինս, ազդվելով կույսի գերբնական ուժից, քրիստոնյա է մկրտվում և կարճ ժամանակում եպիսկոպոս դառնալով՝ նվիրվում է քարոզչական առաքելությանը: Իսկ Հուստիանեն ձեռնադրվում է սարկավագուհի: Դեկոսյան հալածանքների ժամանակ Կիպրիանոսն աքսորվում է և գլխատվում:  Նահատակվում է նաև Հուստիանե կույսը: Եվփիմեն քրիստոնյա ընտանիքի զավակ էր և իր ողջ կյանքն Աստծուն ընծայելու համար կուսության ուխտ էր արել: Նա իր 45 ընկերուհիների հետ հրաժարվում է քաղաքի հեթանոս աստվածներից մեկի պատվին կազմակերպված հանդեսին մասնակցելուց և թաքնվում է:

Հայտնաբերվելով և ատյան տարվելով՝ Եվփիմեի ընկերուհիները տեղում սրախողխող նահատակվում են, իսկ նա, դաժան կտտանքների ենթարկվելով, նետվում է գազանների մոտ, որտեղ Աստծո օգնությամբ անվնաս է մնում: Սակայն գերադասելով մեռնել գազանների ժանիքներից,  քան մարդկանց չարությունից, խնդրում է Աստծուն և այդպես էլ մարտիրոսանում: Քրիստինե կույսը Փյունիկիայից էր, կառավարչի դուստր: Բարձր աշտարակ կառուցելով և ոսկե ու արծաթե կուռքեր տեղադրելով՝ հայրն իր դեռատի դստերը կարգում է քրմուհի: Բայց Քրիստինեն, երկնային ներշնչումով, ըմբռնելով քրիստոնեության վեհությունը և հեթանոսության ոչնչությունը, փշրում է կուռքերը, վաճառում դրանք և գումարը բաշխում աղքատներին: Դրա համար նա անասելի չարչարանքների է  ենթարկվում և նահատակվում:

Advertisements