2015 թվականի ամառային զորակոչի մեկնարկը ՀՀ Վայոց ձորի Վայք քաղաքում


Հուլիսի 10-ին, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում տեղի ունեցավ ամառային զորակոչի` Վայք և Ջերմուկ տարածաշրջանների առաջին հավաքը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, բարի ճանապարհ մաղթելով նորակոչիկիներին, վստահություն հայտնեց, որ մեր հզոր Հայոց բանակի շարքերը համալրելու են գնում անվախ, աչալուրջ և հայրենասեր զինվորներ: Նորակոչիկներին բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթեց ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ինչպես նաև Վայքի զինվորական կոմիսար Հարություն Մելքոնյանը:

Նորակոչիկներին ուժ, ամրություն և անվտանգ ծառայություն մաղթեց նորակոչիկի հայր Հ. Ավագյանը: Հայոց բանակի նորակոչ զինվորներին ճանապարհելու էին եկել Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ Վարդան Խաչատրյանը, համայնքների ղեկավարներ, նորակոչիկների ծնողները և հարազատները:

Հանրապետական հավաքակայան մեկնելուց առաջ նորակոչիկներին օրհնեց Տեր Ներսես քահանա Արշակյանը: Ուրախ երաժշտության ներքո և բարձր տրամադրությամբ ներկաները հրաժեշտ տվեցին նորակոչիկներին:

Միաժամանակ Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ ամառային զորակոչի երկրորդ հավաքը: Նորակոչիկներին անվտանգ ծառայություն և բարի երթ մաղթեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը: Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, համայնքապետեր, նորակոչիկների ծնողները և հարազատները:

 

Նորակոչիկները, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանից օրհնություն ստանալով, մեկնեցին հանրապետական հավաքակայան:

Աղբյուր` http://vdzor.mtaes.am/

 

Advertisements