Այսօր Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Ս. Պիստոսի, Ս. Ելպիսի և Ս. Ագապիի հիշատակության օրն է


Այս անունները քրիստոնեական ծագում ունեն և հունարեն հաջորդաբար նշանակում են իմաստություն, հավատ, հույս և սեր:

Ս. Սոփիան ազնվական ընտանիքի զավակ էր և բնակվում էր Հռոմ քաղաքի մոտ: Կորցնելով ամուսնուն` նա լիովին նվիրում է Աստծուն: Լինելով Քրիստոսի ջերմեռանդ հետևորդ` իր երեք դուստրերին դաստիարակում է քրիստոնեական ոգով: Նրանց կյանքում իշխում են միայն քրիստոնեական արժեքներն ու գաղափարները: Եվ ահա հեթանոս մի երիտասարդ սիրահարվում է Սոփիայի աղջիկներից մեկին և կնության խնդրում: Սակայն մայրը մերժում է երիտասարդին` ասելով. «Մենք քրիստոնյա ենք և կուսությունը ոսկուց և մարգարտից ավելի թանկ ենք համարում»: Երիտասարդը վրդովվելով` իր բողոքն է հայտնում ժամանակի կայսր Ադրիանոսին: Կայսրն ավելի դաժան փորձության է մատնում նրանց, կանչում է երեք աղջիկներին և պահանջում կուռքերին զոհ մատուցել: Սակայն մանկուց դաստիարակված լինելով Հիսուս Քրիստոսի պատվիրաններով` աղջիկներն ընդդիմանում են կայսերը` հաստատ մնալով իրենց հավատին: Այդ ժամանակ կայսրն ավելի է բարկանում` հրամայելով գլխատել նրանց:

Նրանց մայրը` Ս. Սոփիան հավաքում է զավակների մարմիններն ու հողին հանձնում: Ինքն էլ աղոթում է Աստծուն, որ Բարձրյալն օր առաջ իր հոգին վերցնի, որպեսզի ինքը միանա իր սիրասուն դուստրերին: Աստված լսում է մոր աղաչանքները, և Ս. Սոփիան խաղաղությամբ ավանդում է հոգին:

Advertisements