Այսօր Ս. Անդրե զորավարի, նրա բանակի, Ս. Կալինիկոս և Ս. Դոմետիոս վկաների հիշատակության օրն է


Այսօր Ս. Անդրե զորավարի, նրա բանակի, Ս. Կալինիկոս և Ս. Դոմետիոս վկաների հիշատակության օրն էՍ. Անդրե զորավարը համաքրիստոնեական սուրբ է, ով նահատակության պսակն ընդունեց հանուն քրիստոնեական հավատի տարածման և ծաղկման: Նա Կիլիկիայից էր և ապրում էր Դիոկղետիանոս կայսեր օրոք:

Որպես բարձրաստիճան զինվորական` ծառայում էր Սիրիայի կայսերական բանակում` միաժամանակ լինելով գաղտնի քրիստոնյա: Պարսիկների դեմ պատերազմի ժամանակ, երբ իր սակավաթիվ բանակը (մոտ 600 հոգի) հարկադրված նահանջում էր, քաջարի զորավարը նրանց գոտեպնդում է Հիսուս Քրիստոսի անունով և վերադարձնելով բանակը մարտադաշտ` հաղթական դուրս գալիս պատերազմից: Այդպիսով ողջ բանակը քրիստոնյա է դառնում: Բանակի ընդհանուր սպարապետը, իմանալով այս մասին, զորք է ուղարկում և Տյուրոսի կիրճում նահատակում ամենքին:
Ս. Կալինիկոսը գաղատացի քրիստոնյա էր և իբրև ձեթի վաճառական, տեղից տեղ էր շրջում և տարածում քրիստոնեական հավատը: Երբ ձերբակալվեց և հրավիրվեց ուրանալու Քրիստոսին, մերժեց և տաժանակիր չարչարանքների ենթարկվելով` նահատակվեց:
Ս. Դոմետիոսը տարսոնացի քրիստոնյա ազնվական ընտանիքի զավակ էր, Դիոկղետիանոս կայսեր ժամանակակիցը: Լինելով բժիշկ` նա շրջում էր զանազան կողմերում և կարոտյալ հիվանդներին բժշկում իր մասնագիտական գիտելիքներով և հավատի զորությամբ: Միաժամանակ սրտապնդում էր հալածանքի ենթարկված քրիստոնյաներին: Շուտով, սակայն, ձերբակալվում է և տարվում Նիկոմեդիա` դատվելու: Հակառակ իր մարտիրոսանալու բուռն փափագին` նա շղթայակապ չարչարանքի տարվելիս մի պահ կանգ է առնում աղոթելու և ավանդում է իր մաքուր և բարեսեր հոգին:

 

Advertisements