ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Վերադարձ Մալաթիա

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Առավոտյան, երբ ներկայացանք Էքմեքճի հաճիին, մեզ հետ խոսել անգամ չուզեց: Նա  խիստ դեմքով հայտնեց, որ մեր կարիքը չունի: Այդ, որ լսեցի, ես ուղղակի շշմեցի, կարծես գլխիս մի ուժեղ հարված հասցրին, բայց ինչ կարող էինք անել, թողեցինք ու հուսալքված հեռացանք: Ով էր թունավորել, որ երեկվա այնքան սիրալիր մեզ ընդունողն այս առավոտ ուղղակի մեզ վռնդում է և պատվիրում է, որ նրա աչքին չերևանք: Ուզեցի Համբարձումին տեսնել և հարցնել, թե ինչ պատահեց, որ աղան մեզ վռնդեց, բայց Համբարձումն այնպես ձևացրեց, որ, իբր, մեզ չի տեսնում:

Այս երևույթն ինձ ավելի էր զարմացնում, որովհետև Համբարձումն իմ մյուս մորեղբոր տղաներից ավելի մոտիկ էր մեր ընտանիքին: Համբարձումը տարին 3 ամիս մեր տանն էր մնում, որովհետև իրենց ընտանիքը գարնանը փոխադրվում էր գյուղում ունեցած անասնապահության վրա՝ հսկելու, իսկ Համբարձումը մնում էր մեզ մոտ մինչև դպրոցի արձակուրդի վերջանալը:

 Արձակուրդի ավատին նույնպես իր ազատ ժամերին մեզ հետ մեր տանն էր լինում: Գրեթե դարձել էր մեր տան տղան, հետևապես, երբ նկատեցի, որ չի ուզում ինձ տեսնել և ամեն գնով խուսափում է հանդիպումից:

 Զարմանում և կարծում եմ, որ աղայից վախենալու համար չի ուզում ինձ հետ խոսել: Ես վճռել էի անպայման իր հետ խոսել և հասկանալ, թե ինչ պատահեց մի գիշերվա ընթացքում, որ աղան իր որոշումը փոխեց և մեզ աշխատանքի չընդունեց, բայց, իզուր, նա ինձանից ավելի ճարպիկ գտնվեց, զբաղված եմ, քիչ հետո ասելով՝ հեռացավ և ես այլևս նրան չտեսա մինչև 1918թ.:

Այսպիսով՝ երկուսով մնացինք փողոցում, բոլորովին մեզ անծանոթ մի քաղաքում՝ թշնամությամբ տրամադրված, բնակչությամբ անտուն, անտիրական: Է՛հ, ճարներս ինչ էր, նորից սկսեցինք շուկայում թափառել:

Այդ օրվա ընթացքում մի թուրք մեզ աշխատանք տվեց: Ղուրպան պայրամի (մատաղի տոն) առթիվ մորթված ոչխարների մորթիները մի տան տանիքի վրա պետք է փռեինք: Առավոտները, երեկոները հավաքենք մինչև չորանան, խոստացավ 4 ղրշ. վճարել. օրական յուրաքանչյուրիս մեր այդ պայմաններում այդպիսի աշխատանքը մեզ համար բախտավորություն էր, գոնե հացի դրամ կունենայինք:

Սկսեցինք աշխատել և մի ժամում մորթիները տանիքում փռված էին: Օրվա ընթացքում գործատերը եկավ մեզ դրամ տվեց, որպեսզի կեսօրվա ճաշին մի բան գնենք ուտելու, իսկ երեկոյան մորթիները հավաքեցինք, փողոց դուրս եկանք:

Արդեն օրը մթնել էր, նոր սկսեցինք մտածել գիշերելու տեղի մասին: Յուրաքանչյուր ոք իր խանութը կամ արհեստանոցը փակեց ու գնաց իր տուն: Շուկան, փողոցները ամայացան, միայն մենք երկուսով էինք մնացել փողոցում: Այնքան անփորձ էինք, որ շուկայից դուրս չէինք գալիս, գոնե աքսորված հայերի անտեր տներից մեկում գիշերելու: Շուկայում մի հարմար անկյուն գտանք ու ես նստեցի, իսկ Հովհաննեսը գլուխը ծունկիս դրեց և սկսեց քնել: Հազիվ անցել էր 30 րոպե, երբ շուկայի պահակը հայտնվեց և հայհոյելով՝ հարձակվեց մեզ վրա: Անմիջապես վեր թռա ու փախա, իսկ Հովհաննեսը մինչև զարթնեց, հասկացավ բանն ինչումն է, մի քանի գավազանի հարված ստացավ այդտեղից ու հեռացանք:

 

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

 

Advertisements