Այսօր Եփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օրն է


Այսօր Եփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օրն էԵփեսոսի Ժողովը տեղի է ունեցել 431 թվականին Թեոդոսիոս Փոքր կայսեր օրոք, 200 հայրերի մասնակցությամբ, որոնք հավաքվել էին քննելու Կ.Պոլսի պատրիարք Նեստորի սխալ ուսմունքը: Այս ուսմունքի համաձայն՝ Հիսուս Քրիստոսի մեջ գոյություն ունեին 2 անկախ, միմյանց հակադիր բնություններ՝ աստվածային և մարդկային:

Նեստորը քարոզում էր, որ Քրիստոս ծնվել է որպես հասարակ մարդ, ապա Աստվածությունը բնակվել է նրա անձի մեջ, հետևաբար Սուրբ Կույս Մարիամը ոչ թե Աստվածածին է, այլ մարդածին: Եփեսոսի Ժողովը դատապարտում է Նեստորի վարդապետությունը և ընդունում է Ս. Կյուրեղ Ալեքսանդրացու ուսմունքը որպես ուղղափառ դավանություն, որի համաձայն Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունները գոյություն չունեն առանձին-առանձին, այլ միավորված են անշփոթ, անխառն կերպով. մի Տեր, մի Հիսուս, մի դեմք և միացյալ աստվածամարդկային բնություն:

Սուրբ Մարիամը ոչ թե մարդածին է, այլ Աստվածածին, քանի որ նա ծնեց Աստծո Որդուն: Հռչակվում է Ս. Կյուրեղ Ալեքսանդրացու «Մի է բնութիւն բանին մարմնացելոյ» բանաձևը: Հայ եկեղեցին չի մասնակցել այս տիեզերական ժողովին, սակայն նախորդ տիեզերական ժողովների հետ ընդունել է նրա որոշումներն ու տիեզերական հեղինակությունը:

 

Advertisements