ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 Վերադարձ Մալաթիա

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Շուկայի մի ուրիշ փողոցում ինչ-որ մի խորշ գտանք պատի և մի մեծ սնդուկի արանքում և, կուչ եկած, նստեցինք: Խեղճ Հովհաննեսը չէր կարողանում քունը զսպել, սկսեց նորից քնել, իսկ ես նստել էի` ընկերոջս գլուխը ծնկիս, մտածում էի, թե ինչ դժնդակ պայմաններում ենք. փողոցի մի անկյունում նույնիսկ չեն թողնում հանգստանանք:

Վիկտոր Հյուգոն իր «Թշվառներ» վեպում մանրամասն նկարագրել է Փարիզի ստահակի թշվառությունը, այնուամենայնիվ, Փարիզի ստահակը, թեկուզ տախտակից սարքված փղի փորում, կարողանում է իր և իր քրոջ համար գիշերելու հարմարություն ստեղծել, իսկ մեզ՝ թշվառ որբերիս, ցեղասպան երկու ոտանի հրեշները, թույլ չէին տալիս փողոցի մի անկյունում՝ շների կողքին քնելու, անընդհատ մեզ ծեծում, հալածում էին, իսկ եթե նրանց հաջողվեր մեզ բռնել, հավանական է, որ կսպանեին՝ առանց խղճի խայթի:

Վերջապես այդ գիշեր մի տեղից մյուսը փախչելով, ծեծվելով՝ լուսացրինք: Տարաբախտ, վաղամեռ խեղճ ընկերս վախից, անքնությունից դողում էր, շարժվելու ուժ չէր մնացել վրան:

Լուսացավ: Շուկայի պահակները գնացին, իսկ մենք էլ ազատ շունչ քաշեցինք:

Սկսվեց աշխատանքային օրը: Բացվեցին կրպակները, արհեստանոցները, մենք էլ գնացինք մեր աշխատանքին: Սկսեցինք նախորդ օրվա նման մորթիները տանիք բարձրացնել և փռել: Խեղճ ընկերս չէր կարողանում աշխատել, ուժասպառ էր եղել, առաջարկեցի, որ մի քիչ քնի, կազդուրվի, չհամաձայնեց, վախենում էր, հանկարծ գործատերը գա և իրեն քնած տեսնի, կարող է աշխատավարձ չվճարի, մորթիները փռեցինք և ուժասպառ այդտեղ տանիքում քնեցինք: Երեկոյան՝ ժամը 5-6-ի ժամանակները, զարթնեցինք, գնացինք շուկա, նախորդ օրվա մնացած դրամով հաց ու պանիր առանք, կերանք: Հետո գնացինք մորթիները հավաքեցինք: Այսպես 3 օր ևս աշխատելուց հետո մորթիները չորացան: Գործատերը մեզ հասնող դրամը տվեց և ճամփեց:

Սկսեցինք նորից անգործ թափառել շուկայում:

Անբավարար սննդի, գիշերներն անքուն մնալու հետևանքով մեր առողջությունը գնալով վատանում էր: Մանավանդ ընկերոջս մալարիան սկսել էր տանջել: Ամեն օր դողացնում էր, դրանից հետո ջերմաստիճանը բարձրանում էր, թուլանում և տեղից չէր կարողանում շարժվել, իսկ ես առայժմ նրանից լավ էի: Մտածում էի, թե ինչ կլինի մեր վիճակը, երբ մեկ-երկու ամիս հետո ցրտերը սկսեն, երկուսս էլ ցրտից պաշտպանվելու ոչ մի հագուստ չունեինք. առանց բաճկոնի, մի վերնաշապիկ, մի անդրավարտիք (փանթալոն) մնացել էր մեր հագին: Հետո դրամ էլ չունեինք՝ սնվելու, իսկ գիշերելու տեղի հարցն ուղղակի անտանելի էր, չէինք կարողանում մի տեղ ճարել:

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

Advertisements