Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

 

Վերադարձ Մալաթիա

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Մտածում էի՝ ո՞ւմ դիմել, ի՞նչ անել՝ այդ դրությունից դուրս գալու համար: Հանկարծ հիշեցի, որ քեռուս կինը գտնվում է Մալաթիայում, որոշում եմ նրան գտնել, նրանից օգնություն խնդրել, չեմ հիշում` ումից հասցեն վերցրի և ընկերոջս հետ գնացի նրա մոտ: Քեռակինը մեզ ընդունեց շատ սառը, հետո մի ակնթարթում փոխվեց, համբուրեց ինձ և սկսեց կոկորդիլոսի արցունք թափել, առաջարկեց նստել, նրան պատմեցի մեր թշվառ վիճակը, մեր առաջ ուտելու մի բան դրեց, բայց ես սպասում էի, որ առանց իմ խնդրանքի՝ դրամով ինձ կօգնի, բայց տեսնում եմ, որ այդպիսի միտք չունի, ստիպված երեսս պնդացնում և խնդրում եմ, որ մեզ դրամով օգնի, բայց այդ անսիրտ կինը երդվեց, որ դրամ չունի, իբր, մի քիչ դրամ ունեցել է, որն էլ տվել է իր տղին՝ Սեբաստիա գնալու:

Հուսահատ, ընկճված դուրս եկանք դրա մոտից: Ես վստահ էի, որ նա դրամ ունի, դա էլ ոչ քիչ, բայց ինչու նա ինձ չօգնեց, դա չէի կարողանում բացատրել (հետագա դեպքերը ցույց կտան): Անիծում եմ իմ չար բախտը, որ ոչ մի տեղից, նույնիսկ մոտիկ ազգականից օգնություն չէի գտնում: Բարոյապես այնքան էի ընկճվել, հիասթափվել, որ ոչ մի բառ չէի գտնում՝ ընկերոջս ասելու: Այդ դրությամբ հասանք շուկա, նորից սկսեցինք աննպատակ թափառել, իսկ գիշերները շուկայի պահակներից հալածվելով, երբեմն էլ գավազանի հարվածներ ստանալով՝ լուսացնում էինք:

Այդ պայմաններում չեմ հիշում, թե քանի օր անցավ: Մի օր շուկայում թափառելիս մեզ հանդիպեց մի թուրք՝ 8-10 տարեկան մի տղի ձեռքից բռնած, մոտեցավ մեզ, ինձ առաջարկեց իր մոտ ծառայության գնալ՝ նկատի ունենալով մոտալուտ ձմեռը, համաձայնեցի: Վերջին հրաժեշտն եմ տալիս անմոռանալի, սիրելի տառապանքի ընկերոջս՝  խեղճ Հովհաննեսին:

Ընկերանալով այդ թուրքին՝ գնում եմ իր բնակարանը, մտնում ենք բակը: 10-15 մետր բակի խորքում երկու հարկանի հին մի ապարանք կա, հետնամասում՝ մի հարկանի մի տուն, որտեղ իր ընտանիքն է ապրում: Անասունների համար գոմ և հարդանոց էլ կա:

Հետո իմացա, որ այդ մարդը Մալաթիայի խոշոր կալվածատերերից մեկն է եղել, բայց անասելի ժլատ ու գծուծ:

Հազիվ դռնից ներս էինք մտել, իմ նոր տերն սկսեց ցույց տալ, թե ինչ աշխատանքներ պիտի կատարեմ. բնակարանի գոմի պատերը դրսից ցեխով ծեփեմ, տան կտուրը՝ նույնպես: Մտնում ենք գոմը՝ մի ձի, մի ջորի, երկու կով, բացի ձիուց և ջորուց, որոնց խնամքը քուրդ մի ծառայի պարտականությունն էր: Երկու կովերի խնամքը և ամբողջ գոմի մաքրությունն իմ պարտականությունն էր: Այդ մարդը չէր ուզում հաշվի առնել, որ ես 13-14 տարեկան մի պատանի, կարող եմ հող ճարել, ցեխ պատրաստել, պատերը ծեփել, ցեխը տանիք բարձրացնել, կտուրը ծեփել և միևնույն ժամանակ՝ գոմի աշխատանքները կատարել: Կարծես իր դիմացինը 20-25 տարեկան հուժկու մի երիտասարդ է, իհարկե, ես շատ լավ գիտակցում էի, որ այդ աշխատանքներն իմ ուժից վեր են, բայց անտարբեր, ինչ որ ասում էր, չէի առարկում;

Ինչպես արդեն ասել եմ, այդ տանը կար նաև քուրդ մի ծառա, դեմքն այլանդակված, վերին շրթունքը ճեղքված, խոսացածները դժվարությամբ էի հասկանում: Երեկոյան աղախինը մեզ՝ ծառաներիս, ճաշ բերեց, որն ախորժակով կերանք: Ընթրելուց հետո քուրդը ցույց տվեց իմ անկողինը, որը բաղկացած էր վերմակից և բարձից: Կանուխ պառկեցի և շատ հանգիստ քնեցի, 15-20 օր ի վեր այդպես հանգիստ չէի քնել:

 

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

 

Advertisements