ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔԻ ՏՈՆԸ ՆՈՐԱՎԱՆՔՈՒՄ


Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, որն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց օգոստոսի 16-ին:

Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն այս տարի նույնպես առանձնահատուկ կերպով նշվեց Նորավանքում:

Նորավանքի Սբ. Կարապետ եկեղեցում, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վրդ. Կաբաղյանի,  Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց: Օրվա պատարագիչն էր Նորավանքի հոգևոր հովիվ Տ. Սահակ քհն. Մարտիրոսյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում մեկնաբանեց տոնի խորհուրդը:

Սբ. Պատարագից հետո, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ  Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանի, Սբ. Աստվածածնին նվիրված շարականների   երգեցողությամբ, դպրաց դասի և մասնակիցների ուղեկցությամբ, թափորը շարժվեց վանական համալիրի գլխավոր եկեղեցի` Սբ. Ասվածածին եկեղեցի, որտեղ էլ  կատարվեց Խաղողօրհնեքի արարողությունըորի ավարտին Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց` մեկնաբանելով տոնի խորհուրդը, կարևորեց, որ Աստվածածնի առաքելազարդ կերպարը լինի առաջնորդող հայ կնոջը, շեշտեց հայ կնոջ հասարարության մեջ ունեցած դերի, նրա հայեցի, առաքինի կերպարի նշանակության կարևորության մասին, հատկապես այսօր, երբ փորձությունների մեջ է գտնվում մեր ազգը:

Արարողության ավարտին օրհնված խաղողը բաժանվեց հավատացյալներին:

 

Այնուհետև սկսվեց Վայոց ձորի  մարզպետարանի կողմից կազմակերպված մշակութային հանդիսությունը:

 Միջոցառման ընթացքում գեղեցիկ ելույթներով հանդես եկան «Սայաթ-Նովա» մշակութային միության Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի սաները՝ ղեկավարությամբ միջազգային մրցույթների դափնեկիր, մեդալակիր Սամվել Գրիգորյանի:

Այս գեղեցիկ տոնական միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ հավատացյալներ Վայոց ձորի մարզից, բազմաթիվ ուխտավորներ՝ Հայաստանի մյուս տարածաշրջաններից և արտերկրից ժամանած զբոսաշրջիկներ:

Հոգևոր-մշակութային մթնոլորտ էր տիրում  Նորավանքում, որը զորացնում էր, ամրապնդում էր յուրաքանչյուր հայի սրտում այն հստակ համուզումը, որ մեր Սբ. Եկեղեցին և մեր Հայրենիքն են մեր ինքնության, մեր զորացման, մեր հաղթանակի միակ պատվարը և մեր ընթացքը՝ սրբագործված Ամենակալի Աջով և Սբ. Աստվածածնի բարեխոսությամբ:

Առ Աստված ուղղված աղոթքն ու  սրտից պոռթկացող նախնյաց ու հայրենին գովաբանող երգի միաձուլումը հայի հոգին վերափոխում էր` դարձնելով առավել բյուրեղյա, հզոր և անկոտրուն:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Advertisements