Աստվածածնի Վերափոխման և Խաղողօրհնեքի տոնը    Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում


 «Ուրախացիր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»,-այսպես ավետեց Աստծո կամքը  Գաբրիել հրեշտակապետը Աստվածածնին  և նրան տվեց բրաբիոնի մի պսակ, որը հյուսել և բերել էր Ադամի Դրախտից, և այն դրեց Սուրբ Աստվածածնի գլխին, որպեսզի առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը, դա տեսնելով, օրհնեն Աստծուն:

 Սուրբ Հոգու զորությամբ այդ օրը հավաքվեցին բոլոր առաքյալները, ովքեր առաքվել էին տարբեր երկրներ`Աստծո խոսքը քարոզելու: Իմանալով, որ հասել է Մարիամ Աստվածածնի երկրային կյանքի վերջին օրը, Հովհաննես առաքյալը նկարեց նրա դիմանկարը, որպեսզի Աստվածածնի պատկերը մեզ հետ լինի բոլոր օրերում, և ով խոստովանի Աստվածածին Մարիամին, պիտի խոստովանի նաև նրա Որդուն`Հիսուսին և պիտի փրկվի:

 Խոստմանը համաձայն՝ երեք ավետումներից հետո Տեր Հիսուսը հրեշտակների գնդերով իջավ և իր հետ տարավ սրբի հոգին. երեք օր անց Տեր Հիսուսը Աստվածածնի մարմինը վերափոխեց երկինք հոգուն միաձուլելու համար:

 Այս մասին իմացան առաքյալները, երբ Բարդուղիմեոս առաքյալը բացակա լինելու պատչառով և չարժանանալով Աստվածամոր վերջին օրհնությանը՝ թախանձագին խնդրեց բացել գերեզմանը, որպեսզի վերջին հրաժեշտը տա ամենասուրբ Կույսին: Երբ բացեցին գերեզմանը և այն գտան դատարկ, առաքյալները հասկացան, որ կատարվել է Աստծո խոսքը` Մարիամ Աստվածածինը վերափոխվել է երկինք և նստել է Որդու աջ կողմում: Այս օրը տոնում ենք կիրակի օրը, ինչպես բոլոր սրբերի մահացած օրերը:

Այսպես մեկնեց օրվա խորհուրդը Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը: Այդ օրը մատուցվող Սուրբ Պատարագից հետո ինչպես բոլոր Հայ Առաքելական Սբ. Եկեղեցիներում, այնպես էլ Ս. Գայանե եկեղեցում կատարվեց խաղողի օրհնության կարգ և օրհնված ողկույզները բաժանվեցին ներկա հավատացյալներին:

Այդ օրը խաղողն են օրհնում և ոչ այլ միրգ, քանզի  Տերը  խաղողի որթը բոլոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այս խոսքի. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. ԺԵ 1):

Սրբ. Գայանե եկեղեցու
Երիտասարդաց միություն

 

Advertisements