Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

 

 Վերադարձ Մալաթիա

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Առավոտյան քուրդն ինձ զարթնեցրեց, վեր կացա և իսկույն աշխատել սկսեցի: Կովերին կերակրեցի, գոմը մաքրեցի, դեռ չէի վերջացրել, աղան եկավ և սկսեց այդ օրվա իմ կատարելիք աշխատանքների մասին ցուցմունքներ տալ և խիստ կերպով պատվիրեց, որ այդ բոլոր աշխատանքները կատարեմ, չմոռացավ նաև  պատվիրել, որ չհամարձակվեմ 2-րդ բակը մտնել, այսիքն` իր կանանոցը: Պետք է նշել, որ ես լուծից տառապում էի և աշխատելու ուժ չունեի, եթե նույնիսկ առողջ լինեի, դարձյալ այդ աշխատանքները մենակ չէի կարող կատարել: Երեկոյան, երբ տուն եկավ, տեսավ, որ բացի գոմի աշխատանքից, ուրիշ ոչինչ չեմ արել, գազազեց, սկսեց գոռալ, հայհոյել՝ ամենագռեհիկ հայհոյանքներով և սպառնալիքներով, ապա հանդարտվեց ու նորից հրամայեց, որ հաջորդ օրը գործն սկսեմ կատարել: Իմ առարկությունները, թե այդ աշխատանքները ոչ իմ ուժի և ոչ էլ խելքի բանն են, իսկ եթե չի ուզում, կարող եմ տնից հեռանալ, ոչ մի օգուտ չունեցավ, քանի որ նա միայն իրենն էր պնդում և հրամայում էր, որ անպայման կատարեմ:

Այդպիսի պայմաններով այդ տանը մնացի մոտ մի ամիս: Ամեն երեկո կշտամբանք և հայհոյանք լսելով՝ վերջապես երկար չկարողացա տոկալ այդ դրությանը: Ասացի՝ անիծյալ լինի քո փրկած կյանքն ու հեռացա: Գնացի շուկա, բայց ընկերոջս՝ Հովհաննեսին, չգտա, այդ օրը հանդիպեցի Դանիել քեռուս տղին՝ Մաթոսին, նրանից իմացա, որ ընկերս եղբորը ծանոթ մի թուրք կառապանի հետ գնացել է Սեբաստիա, իսկ ինքն Ալեքսանի տիրոջ պանդոկի գոմերում է գիշերում, խնդրում եմ, որ ինձ համար տեղ անի, տեսնում եմ անհիմն պատճառներ է մեջ բերում, չի ուզում օգնել: Այդ օրը ոչինչ չեմ կերել, բացարձակ սոված եմ մնում և փողոցում գիշերում:

Արդեն աշնան նախավերջին ամիսն էր, գիշերները ցուրտ, այդ գիշեր չկարողացա քնել մրսելուց: Առավոտյան խանութները բացվեցին և յուրաքանչյուր խանութպան կրակարանում փայտածուխով կրակ է վառում և դնում դրսում: Այնտեղ դրված այդ կրակարաններից մեկի մոտ տաքանալիս մի մարդ մոտեցավ ինձ և աշխատանք առաջարկեց: Քաղաքապետությանը պատկանող խանութների կտուրները վերանորոգող բանվորներին ցեխի համար մոտակա աղբյուրից, դույլերով ջուր պիտի բերեի, օրավարձ վճարելու էր 4 ղրշ, դա ինձ համար բախտավորություն էր, սիրով համաձայնեցի և սկսեցի աշխատել:

 Երեկոյան օրավարձ ստացա և  հաց ու պանիր առա, մի պատի տակ նստեցի, կերա: Կշտանալուց հետո նոր նկատեցի, որ մթնել է, փողոցներն ամայացել են, իսկ ես մնացել եմ փողոցում, առանց ընկերի, չգիտեմ՝ ուր գնամ, որտեղ գիշերեմ: Հիշում եմ, որ մոտիկ անցյալում ես էլ ունեի գիշերելու տուն, ծնողներ, որ ինձ խնամում էին, բայց հիմա մնացել եմ փողոցում՝ անտեր-անտիրական, բայց այդ անցյալն ինձ գիշերելու տեղ չի ապահովի, հարկավոր է ամեն գնով մի տաք անկյուն գտնել ՝չմրսելու համար: Վախենում եմ, որ եթե այդ գիշեր ևս դրսում բացօթյա անցկացնեմ, առողջությունս ավելի է վատանալու: Արդեն լուծ էի, որն ինձ նեղում էր: Հանկարծ տեսնում եմ, որ ինձ աշխատանքի ընդունողը գալիս է իմ կողմը, ոտքի կանգնեցի, ընդառաջ գնացի, խնդրեցի, որ մոտակա պանդոկի տիրոջը միջնորդի, որ ինձ թույլ տա, որ նրա պանդոկի գոմերի մի անկյունում գիշերեմ, պատասխանեց այսպես.«Քեզ ո՞վ, ի՞նչ պիտի անի, գնա՛ մի անկյուն քաշվի ու քեզ համար քնի»: Ստիպված այդպես էլ արեցի, բայց պանդոկի դարպասից անցնելիս կողքի խուցի լուսամուտից մի տղա ինձ տեսավ, առանց ուշադրություն դարձնելու, գնացի ու մտա մի գոմ, մի անկյուն քաշվեցի ու մսուրի մեջ պառկեցի:

 

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

Advertisements