Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

 

 Վերադարձ Մալաթիա

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Գոմում կային նաև իմ հասակակից տղաներ, որոնց խոսակցությունից այնպես հասկացա, որ ղասապի աշակերտներ են, կարող է նաև ինձ նման անտեր, անտուն հայ տղաներ էին: Նրանք պառկած էին գոմի մի անկյունում՝ սարքված թախտի վրա: Բացի այդ տղաներից՝ գոմում կար նաև 8-10 գոմեշ, որոնց շնորհիվ գոմը տաք էր: Հազիվ տաքացել և ուրախացել էի, որ գիշերը, առանց մրսելու, անցկացնելու եմ:  Գոմի դուռը բացվեց, և ինձանից 2-3 տարով մեծ երկու տղաներ ներս մտան` մի ճրագ ձեռքներին ու սկսեցին գոմի մեջ մի բան որոնել: Ինձ, որ տեսան, մոտեցան, սկսեցին հարցեր տալ: Ես կարծեցի՝ թուրքեր են, բայց ճրագը ձեռքին տղան սկսեց հայերեն խոսել, ասաց, որ իրենք հայ են, ինքը մալաթիացի է, իսկ ընկերը՝ տրապիզոնցի, երկուսով ծառայում են պանդոկի տիրոջ մոտ: Մալաթիացին խղճում է ինձ, իսկ տրապիզոնցին հայերեն չէր խոսում և այնպես էր երևում, որ թրքից ավելի վտանգավոր է: Սկսեց գրպաններս խուզարկել, այնտեղ մի քանի ղրշ. դրամ ունեի, որը վերցրեց, վերցրեց նաև ժիլետս, մեջքիս կապած բրդյա նուրբ գոտիս: Առանց իմ աղաչանքներին, լացին, ընկերոջ հորդորներին ուշադրություն դարձնելու՝ գնացին:

Երևի թե այդ տղան պանդոկում գիշերող քուրդերին հայտնել էր իմ այդտեղ լինելը, որ իրենց գնալուց շատ չանցած, գոմի դուռը նորից բացվեց, մի մարդ ներս մտավ և գոմի տղաներին հարցրեց, թե այստեղ գյավուրի տղա կա: Տղաները պատասխանեցին, որ չգիտեն: Ես սարսափում էի, որ ինձ տեղն ու տեղը կսպանեն: Սկսեցին մութ տեղն ինձ փնտրել ու հանկարծ մեկը ոտիցս բռնեց ու ասաց, որ այստեղ է: Հետո նկատեցի, որ մի քանի հոգի են: Ինձ բռնողն սկսեց հագուստներս հանել, ինձ տկլորացնելուց հետո թողեցին ու գնացին:

Վախից, սարսափից անզգայացել էի: Երբ ուշքի եկա, զգացի, որ անասելի մրսում եմ, դողալուց ատամներս իրար չեն կպնում, աչքերիցս արցունքը հոսում էր, մտածում էի՝ ինչ անեմ, որ մի քիչ տաքանամ: Որոշում եմ ինձանից մի քիչ հեռու նստած գոմեշի կողքին թիքունքս տամ, կարող է տաքանամ: Այդպես էլ անում եմ, բայց գոմեշն իմ հարևանությունը չի ընդունում. ոտքի կանգնեց, վեր կացա, գնացի ուրիշ մի գոմեշի կողքին պառկեցի, նա էլ ոտքի կանգնեց: Ասում եմ կենդանիներն անգամ չեն ուզում ինձ օգնել, ինչ անեմ, ինչ միջոցի դիմեմ, որ մի քիչ տաքանամ, գնում եմ մի ուրիշի թիկունքը կծկվում, նա էլ վեր է կենում, այլևս չեմ փորձում. վախենում եմ գոմի տղաների ուշադրությունը գրավելուց, ով գիտե, թե ինչ անախորժություն կարող է ստեղծվել: Ճարահատ վերադառնում եմ անկյունը՝ մսուրի մեջ՝ դողալով կուչ գալիս և սպասում լուսանալուն: Չգիտեմ, թե որքան ժամանակ անցավ, գոմի դուռը նորից բացվեց, նորից միևնույն բորենու ձայնը լսեցի, ուր է այդ լակոտը, դրան ոստիկսնատուն պիտի տանեմ: Այդ, որ լսեցի, ավելի սարսափեցի, եթե հնարավոր լիներ գետինը մտնել, չէի վարանի, բայց, ափսոս, դա էլ հնարավոր չէր:

Վերջապես  մի հոճայի (իսլամ կրոնավոր)  գլխավորությամբ 3-4 հոգի եկան և կանգնեցին գլխավերևս: Հոճան սկսեց հակա հայ քարոզությունը. այս գյավուրներին պետք է ոչնչացնել, մինչև վերջինը՝ այս անհավատներին, հայրենիքի դավաճաններին, ով որ սպանի ճեննեթում (դրախտում), այնքան հուրիներ (գեղեցկուհիներ) կունենա: Լալիս եմ, աղաչում, խնդրում, որ ի սեր իրենց Ալլահի, մարգարեին ու իրենց սիրելիներին, ինձ հանգիստ թողնեն, որովհետև ես իմ այս թշվառ դրությունով ոչ ոքի վնաս չեմ կարող հասցնել: Ես առավոտից մինչև երեկո շուկայում թափառում եմ, եթե ոստիկանությունն ինձ բռնել ուզենա, ես մեջտեղն եմ, բայց ում եմ ասում. արդյոք բորենին իր զոհին հոշոտելիս կարող է խղճահարվել:

 Այն միևնույն բորենին, որի ձայնից սարսափում էի, թևիցս բռնեց ու սկսեց քարշ տալով՝ ինձ դուրս բերել փողոց, բարեբախտաբար մյուսները չհետևեցին: Ես ամեն քայլափոխի մի բանի էի կառչում, պոկ չէի գալիս, անասելի վախենում էի ոստիկանից, ոստիկանատնից: 2 օր առաջ գնացել էի քույրերիս տեսության: Վերջիններս ինձ ասացին, որ ոստիկաններից զգուշանում. շուկայում թափառող հայ տղաներին հավաքում, բերում են իրենց դրացի ոստիկանատունը, գիշերը տանում են քաղաքից դուրս ու սպանում: Այդ է պատճառը, որ ոստիկան, ոստիկանատուն բառերը լսելիս ամբողջ մարմինս փշաքաղվում է, ուստի աշխատում էի, որ ինչ գնով էլ լինի, չգնալ:

 

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

 

Advertisements