ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Վերադարձ Մալաթիա

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Արդեն սկսել էր լուսանալ: Դրսում ցուրտ էր, իսկ ես գրեթե մերկ էի, դողում ու լաց էի լինում, բայց այդ հրեշը, առանց ուշադրություն դարձնելու իմ լաց ու կոծին, ինձ քարշ էր տալիս: Վերջապես ինձ հաջողվեց խանութներից մեկի պատշգամբի սյունին փաթաթվել. հուսահատությունը, վախն ու սարսափը գերբնական ուժ էր տվել ինձ: Այդ 40-45 տարեկան վամպիրը չէր կարողանում ինձ պոկել սյունից: Նա ինձանից շուտ հոգնեց: Հանկարծ նկատեց, որ հագիս մնացել է մի վերնաշապիկ: Գիշերն ինձ կողոպտելիս վերնաշապիկս չէր տեսել, ասաց, որ եթե այդ վերնաշապիկը տամ, ինձ ազատ կթողնի: Անմիջապես հանեցի, շպրտեցի երեսին ու ասացի՝ տար, ում, որ հագցնես, թող պատանքի տեղ ծառայի: Այդ մարդանման հրեշը, առանց իմ ասածներին ուշադրություն դարձնելու, վերցրեց շապիկս և չքվեց:

Այդ տեսակ կյանք չապրած մարդը կարող է պատկերացնել այդ ճիվաղի անհետանալուց հետո ես ինչ տեսակ հոգեկան դրության մեջ կարող էի գտնվել: Մի ակնթարթ հանգստացած շունչ քաշեցի, կարծես՝ ինչ-որ մղձավանջային երազից զարթնած լինեի, բայց փրկության զգացմունքի բերկրանքն ակնթարթային էր, որովհետև երբ ուշքի եկա, նկատեցի, որ անասելի մրսում ու դողում եմ: Նայում եմ ես ինձ մի ներքնաշապիկով ու վարտիքով եմ մնացել փողոցում: Ո՞ւր գնամ, ո՞ւմ դիմեմ, բոլորն էլ մի քիչ ավելի, մի քիչ պակաս միևնույն գազաններն են, բայց այդ դրությամբ սպասել մինչև լուսանալը, մարդիկ շուկա գային, հնարավոր չէր (Հանկարծ հիշում եմ թուրք մի պառավի, որի բակից աշխատողներին ցեխ ու ջուր էի բարձրացնում տանիք):

Այդ պառավը նախորդ օրն ինձանով հետաքրքրվեց ու իմ պատմությունը լսելով՝ ինձ օգնեց: Որոշում եմ այդ պառավին դիմել. գնում եմ դռանը խփում: Քիչ հետո պառավը գալիս է և դուռը բացում: Ինձ այդ դրությամբ՝ շապիկով ու վարտիքով տեսնելով՝ շշմեց ու հարցրեց, թե այս ինչ վիճակում ես, տղա՛ս: Պատմում եմ, գիշերն ինձ հետ պատահած դեպքը: Լսում է ինձ ու ցավակցում, ապա ներս է հրավիրում, գնում կրակարանը կրակով բերում, իսկ ես բակի մի անկյունում՝ լքված քուրջերով մերկությունս եմ ծածկում: Պառավը բերում է հին մի հագուստ, որը հագնում եմ՝ քուրջերը վրաս քաշած: Կրակարանն առաջքս առած՝ տաքանում եմ: Քիչ հետո բերում է նաև թասով ապուր, դնում կրակի կողքին ու ասում. «Կե՛ր, տղա՛ս, տաքացի, Աստուծմե գտնեն»: Continue reading

Advertisements